3. Նախընտրական պետական ահաբեկչություն ու ելակետային, ստարտային բացարձակ անհավասար պայմաններ:
Տասնամյա լռության ուխտը խախտած ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը, սեպտեմբերի 21-ին, հանդես եկավ իր հայտնի ելույթով: Պետության հիմնադրի իրավունքով, և միայն Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչին հատուկ խորաթափանցությամբ, համակողմանի վերլուծության ու գնահատականի արժանացրեց նախորդ 10 տարիների ընթացքում Հանրապետությունում ձևավորված պետական կառավարման խանական, կլանային, մինչև ուղն ու ծուծը կոռումպացված ավազակապետական, տնտեսության` օլիգարխիկ, բացառապես մենաշնորհային արտոնությունների, երկրի ընդերքի ու բնական հարստությունների թալանի վրա հիմնված համակարգը, արտաքին անհեռատես, վնասակար ու կորստաբեր քաղաքականությունը, նաև Ղարաբաղյան հարցում:
Տրված վերլուծության գիտական խորությունը, դատողությունների ու եզրահանգումների անխոցելի տրամաբանությունը, հնչեցված բնորոշումների ու գնահատականների հստակությունն ու ճշգրտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի վաղուց չլսված, հայեցի, գրագետ ու շիտակ խոսքը երկրի ճակատագրով մտահոգ, իր հողին ու ջրին անմնացորդ նվիրված հայ մարդուն վստահություն ու հավատ ներշնչեցին, թե դեռ ամեն ինչ կորսված չէ և ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմտնի նախագահական պայքարի հրապարակ, եթե համոզվի, որ իր վերադարձը քաղաքականություն հասունացած է ու սպասված, երկրում ազատության, սահամանդրական կարգի ու ժողովրդավարության վերականգնումը այլևս անհետաձգելի պահանջ է ժողովրդական լայն շերտերի ու արմատական հիմնական ընդդիմադիր ուժերի համար:
Հետո Առաջին Նախագահի այդ ելույթին պետք է հաջորդեին նրա այցերը հանրապետության մարզեր, շրջաններ, շփումները ժողովրդի, շինականի ու բանվորի հետ, նրա խորհրդապահական հանդիպումները քաղաքական կուսակցությունների ղեկավարների, նեղ` շրջանակային քննարկումները ապագա հնարավոր քաղաքական դաշինքի ներկայացուցիչների հետ, ունենալով միմիայն մեկ նպատակ` համոզվելու ու հաստատվելու իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավոր որոշման անհրաժեշտության ու անխուսափելիության մեջ:
Առաջին Նախագահի քաղաքական գործունեություն վերադառնալու առաջին ազդանշան` ելույթը անամպ երկնքում ճայթած ամպրոպի ազդեցություն գործեց Հայաստանյան պետական-քաղաքական շրջանակներում: Իշխանությունը տաս տարի բռնազավթած ռեժիմին ու նրա խամաճիկ քաղաքական մանկլավիկներին գցելով հոգեկան կոլապսի մեջ:
Վարչախումբն ու նրա քաղաքական սպասարկուները քաջ գիտակցում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական այրի, գիտնական ու հրապարակային գործիչի հետ իշխանական թեկնածուի մրցակցությունը, նախընտրական բանավեճերն ու քննարկումները անպտուղ ու անօգուտ, վերջինիս համար նույնիսկ կործանարար ձեռնարկներ ու նախաձեռնություններ կլինեն:
Տեր-Պետրոսյանի առաջին քայլին, իշխանական արձագանքը սպասեցնել չտվեց. ՙՆա փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, էդպիսի քայլի չի դիմի՚. կամ թե ՙԱռաջին Նախագահը առաջադրվելով, կդադարի առաջին նախագահ լինելուց և կդառնա շարքային ընդդիմադիր: Կարծես թե ՀՀ նախագահի թեկնածու պետք է առաջադրվեն բացառապես քաղաքական ու պետական փորձառություն իսպառ չունեցող անձիք, կամ էլ ՙշարքային ընդդիմադիր՚ լինելը թերություն, արգահատելի հատկանիշ, ժողովրդի բառով ասած« ՙայիբ՚ է:
Ու որպեսզի ռեժիմի պարագլուխների ու խոսափողների զգուշացումները Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջ ձևավորվող քաղաքական համախոհների թիմը լուրջ ընդունեին, ընդդիմության արտոնված հերթական հանրահավաքի մասին, օրենքով նախատեսված կարգով, արդեն հոկտեմբերի 23-ին իրազեկող քաղաքական գործիչներին ու լրագրողներին, Երևանի կենտրոնում հազարավոր քաղաքացիների աչքի առաջ, հրահանգվեց ջարդ ու փշուր անել ու ձերբակալել, հրապարակավ “ցուցադրելով”. ՙթե թքած ունենք ցանկացած իրավունքի ու օրենքի վրա, լավ իմացեք, Ձեզ հետ էսպես ենք վարվելու:
Սակայն ինչքան էլ զարմանալի էր ու անսպասելի իշխանությունների համար, ոստիկանության ու հատուկ ջոկատայինների գազանաբարո, բռի առաջին գործողությունը որևէ արդյունք չունեցավ: Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ գիշերով այցելեց ոստիկանական բաժին ուր պահվում էին իր համախոհները և այնտեղից դուրս եկավ նրանց հետ միասին, էլ ավելի ոգևորելով և համախմբելով իր թիմակիցներին:
Բայց Առաջին նախագահի համախոհների ու աջակիցների նկատմամբ ապօրինի հալածանքների ու հետապնդումների հրահանգը արդեն տրված էր և ավազակապետական պատժիչ թափանիվը կամաց-կամաց արագություն էր հավաքում: Սկսվել էր շարժման ակտիվիստներին ու համակիրներին ոստիկանական բաժիններ ապօրինի բերման ենթարկելու, նրանց հետ զրույց-սպառնալիքների, ֆիզիկական ծեծի ու հաշվեհարդարների, աշխատանքից` նրանց ու հարազատներին ազատելու, ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու ու քաղաքական ահաբեկման այլ միջոցների ու ձևերի ողջ ներկապնակի գործադրումը: Առաջին թիրախներից մեկը ընտրվել էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական գործունեությունը, ով նման ֆինանսական կարողությունների տեր լինելով բավական չէ համարձակություն ու հանդգնություն էր ունեցել հրապարակավ արտահայտել իր քաղաքական կողմնորոշումները, այլև բացահայտ կանգնել ՀՀ Առաջին նախագահի կողքին:
Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից հետ պահելուն միտված նրա համախոհների ու շարժման ակտիվիստների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած ոստիկանական հալածանքներն ու ապօրինի քրեական հետապնդումները ՀՀ Առաջին նախագահին պարտադրեցին, օրենքով նախատեսված պաշտոնական առաջադրումից շատ ավելի վաղ, հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշման մասին:
Այդ օրվանից վարչախումբը քաղաքական մանիպուլյացիաներով, ընտրակեղծիքներով ու լցոնումներով, ընտրակաշառքներով, պարտադրված քվեարկություններով, ու ահաբեկումներով իր վերարտադրվելու, համեմատաբար թավշյա սցենարը փոխարինեց զավթած իշխանությունը ամեն գնով պահելու, միջոցների մեջ խտրականություն չդնելու ծրագրով:
Ոչ միայն գործադիրի, ոստիկանության, հարկային, մաքսային, դատական ու դատախազության մարմինների, այլև ռեժիմի ազդեցության ու ֆինանսավորման տակ գտնվող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական, ստեղծագործական ու հայրենակցական միությունների, ծագումով ղարաբաղցիների ու կիրովաբադցիների, մարզային ֆեոդալների, տեղական քյոխվաների ու իշխանիկների, պետական ու տնտեսական օլիգարխների, արտերկրներին ու նրանց կազմակերպություններին պատկանող ձեռնարկատերերի, հայերի համաշխարհային ու տիեզերական միությունների նախագահների, բազմիցս օգտագործման համար նախատեսված մտավորականների, կեղծ սոցիոլոգների, իշխանությունների հետ համագործակցող քրեական տարրերի ու հանցագործների, նրանց ֆինանսական միջոցների մի յուրօրինակ համընդհանուր զորահավաք-ստուգատես հայտարարվեց:
Վերը թվարկված գործոններից հատկապես մի քանիսին ու նախընտրական շրջանում նրանց ծավալած գործունեության հատուկ անդրադարձի ու պարզաբանման կարիք կա:
ա. Անդրադարձների շարքը, արժանին մատուցելու մղումով, հարկ եմ համարում սկսել ՀՀ նախագահի կեղծ, թեկնածու-հաճախորդներից, որոնք կոչված լինելով իբրև իշխանական թեկնածուի այլընտրանք, պաշտոնեական քարոզչության մեկնարկից դեռևս շատ առաջ, միակամ ու միահամուռ լծվել էին ՀՀ Առաջին նախագահին, նրա պաշտոնավարման տարիներն ու գործունեույթունը փնովելու, սևացնելու գործին, ինքնաբերաբար իրենց մատնելով, որ վերջիններիս քաղաքական հիմնական հակառակորդը ՀՀ Առաջին նախագահն է, ոչ թե ռեժիմի թեկնածուն: Այդ նպատակով անվճար նրանց անսահմանափակ տրամադրության տակ էին դրված հանրային կոչվող հեռուստատեսությունն ու ռադիոն, մասնավոր բոլոր հեռուստա-ռադիոընկերությունները, իշխանական ողջ մամուլը, քարոզչության ու տեղեկատվության մնացած բոլոր միջոցները:
Դեռ հետո իրենց այդ ծախու պահվածքի, կուսակիցներին ու համակիրներին մոլորեցնելու ու խաբելու, նրանց վստահությունն ու քվեն բացահայտ վաճառքի հանելու դիմաց պետք է արժանանային իրենց կուսակցականների ու ժողովրդի ՙդավաճան՚ ու ՙքաղաքական դիակ՚ կոչվելու խարանին:
բ. Եթե քաղաքականությունը աշխարհի մեծերը համեմատել են անբարո կնոջ հինավուրց մասնագիտության հետ և դրանով զբաղվող անհատներին կարելի է պիտակավորել սրտի ուզածի պես, ապա նույնը չի կարելի ասել մտավորական մարդու, իմ սերնդակից ու ավելի երիտասարդների պատկերացումներում ձևավորված, արմատավորված նրանց ոգեղեն, ազնիվ ու շիտակ, ինքնազոհ կերպարի մասին: Մինչդեռ, հայ մտավորականի պատիվն ու արժանապատվությունը մրցանակակրի, վաստակավորի կոչման ու մի քանի արծաթի հետ փոխարինած գրականության ու արվեստի, գիտության ու կրթության, երգի ու երաժշտության մեր մեդալասեր ու շքանշանասեր համաքաղաքացիները, արևելքի արքունի սազանդարների նման գիշեր ու զոր, իշխանական թեկնածուի զովքն էին անում առիթով ու առանց, տեղի ու անտեղի, տափակ ու անհամ, մեծի մասամբ դպրոցներից ու ԲՈՒՀ-երից, պետական հիմնարկ-հաստատություններից, մարզպետարաններից ու թաղապետարաններից ստիպողաբար փողոցներ ու հրապարակներ, քշված-բերվածների ու հերթապահ տատիկ-պապիկներից կազմված լսարանների առաջ:
գ. Իրավաբանի ու դատախազի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում իշխանությունների հետ համագործակցող, ՙսուտի գողական՚ ու կրիմինալ խավի դերի ու գործունեության վեր հանումը: Սրանց ու թաղային հեղինակությունների վրա էր դրված ընտրողների ազատ կամահայտման վրա բռնացումների ու շարժման ակտիվիստների ահաբեկումներն ու ֆիզիկական հաշվեհարդարները: Իրենց հովանավորության տակ գտնվող հանցագործներին ու կեղծ հեղինակություններին քաջալերելու, ընտրական գործընթացներում ահաբեկչական ակտիվ գործողությունների դրդելու նպատակով նախընտրական շրջանում, իշխանությունների հետ համագործակցության հավաստագրեր կորզելուց հետո, ռեժիմը քրեակատարողական հիմնարկներից, ֆորմալ` առողջական ու իրավաբանական պատճառաբանություններով, ազատ արձակեց ծանր հանցանքների համար դատապարտված մի շարք հանցագործների: Որոնք ազատության մեջ գտնվող իրենց համքյարների ուղորդմամբ, հասարակական կարգի պահպանության ուժերի, ոստիկանության ու հատուկ ջոկատայինների հետ բացահայտ ու քողարկված, թև-թևի ընդդիմության թեկնածուի ժողովրդի հետ հանդիպումներում խուլիգանական գործողություններ ու այլ սադրանքներ պետք է իրականացնեին, ընտրատեղամասերում ահաբեկեին, ծեծեին կամ ուղղակի տարածքից հեռացնեին ու առևանգեին կեղծիքներն ու ապօրինի լցոնումները կանխող հանձնաժողովների հատ ու կենտ անդամներին, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, լրագրողներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:





Մեջբերել
Էջանիշներ