ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Դրան բուռն հակազդեցությամբ արձագանքում է Պոլսո հայոց Մութաֆյան պատրիարքը
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը ոչ միայն բացահայտել է թուրքական ժխտողականության սնանկությունը, այլեւ փաստի առջեւ է կանգնեցրել Թուրքիային: Այլապես նոյեմբերի 14-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի բյուջետային հանձնաժողովի նիստում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը ցեղասպանության հայկական պնդումների առնչությամբ չէր հայտարարի. «Այդ պնդումները եւ դրանց հետեւանքով երրորդ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման սպառնալիքն առաջիկա 10 տարիների կարեւորագույն խնդիրն են լինելու մեզ համար»:
Այլ կերպ, թուրքական ժխտողականության սնանկության բացահայտումը հանգեցնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ Թուրքիայի հակաքայլերի սպառմանը: Այս պայմաններում թուրքերը դուրս են գալիս հավասարակշռությունից: Դրան է հետեւում հայկական պատմամշակութային արժեքների յուրացման փորձերի աշխուժացումը: Քանի որ այդ արժեքները գրեթե հիմնովին ոչնչացել էին հայերի բնաջնջմանը զուգընթաց, ուստի թուրքերն Արեւմտյան Հայաստանում փորձում են տեր կանգնել հայկական հուշարձանների ավերակներին:
Դրա ապացույցը կիսապաշտոնական «Անատոլու» գործակալության նախորդ օրվա հաղորդագրությունն է: Ըստ դրա, Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի արվեստի ֆակուլտետի կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Թահսին Փարլաքն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ «Արեւելյան Անատոլիայի բազմաթիվ եկեղեցիներ, որոնք մինչ այդ վերագրվել են հայերին ու վրացիներին, ունեն ղփչաղական պատկանելիություն»:
Փարլաքը, ուսումնասիրելով 12-14 դդ. կառուցված այս եկեղեցիների արձանագրությունները, զարդաքանդակներն ու նախշերը, դրանք համեմատել է Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդների կիրառած նախշերի, ինչպես նաեւ թուրքական խաքանաթի եւ ույղուրական արձանագրությունների հետ: Ուսումնասիրության արդյունքում նա հանգել է հետեւյալ եզրակացության. «Ղփչաղները շուրջ 300 տարի որպես քրիստոնյա բնակվել են Արեւելյան Անատոլիայում եւ կառուցել եկեղեցիներ: Թեեւ նրանք մահմեդականություն ընդունելուց հետո այս եկեղեցիների մի մասը վերածել են մզկիթի, այնուամենայնիվ, մյուսները որպես քրիստոնեական հուշարձան պահպանվել են նախնական տեսքով: Վրացական աղբյուրները հաստատում են մեր հետեւությունը»:
Էրզրումի համալսարանի արվեստի ֆակուլտետի ամբիոնի վարիչ Թահսին Փարլաքի պնդումներին դեկտեմբերի 17-ին Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր «Լրաբերի» կայքէջում արձագանքել է Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքը:
Նա մասնավորապես ասել է. «Այս պնդումները կարող են նույնիսկ ագռավի ծիծաղը շարժել: Համալսարանները չպետք է հայտնվեն այսպիսի ծիծաղելի վիճակում: Անատոլիայում առնվազն 2650 տարվա անցյալ ունեցող հայ ժողովրդի մասին մնում է ասեն, որ նա այնտեղ երբեւէ չի եղել: Աշխատություններով հայտնի մեծ գիտնական Մաղաքիա պատրիարք Օրմանյանի (1896-1908 թթ.) գահակալության շրջանում վիճակագրական մանրամասն տվյալներ են հավաքվել Անատոլիայի ողջ տարածքում: Համաձայն Մաղաքիա պատրիարքի տվյալների, Անատոլիայում եւ Թրակիայում բնակվում էր 1 մլն 760 հազար հայ: 42 թեմերում գործում էին 2167 Հայ առաքելական եկեղեցի եւ 155 վանք: Երկրում բնակվում էին 66 հազար կաթոլիկ եւ 39900 բողոքական հայեր: Սրանք այն ժամանակվա տվյալներն են, ընդ որում պետական գրաքննություն են անցել:
Արեւելյան Անատոլիայի եկեղեցիները հայկական են: Երկգլխանի արծվի եւ արեւի մոտիվներն արդեն հայկական ծագում ունեն եւ առ այսօր կիրառվում են: Ճիշտ է, որ ղփչաղները քրիստոնեություն են ընդունել: Ճիշտ է նաեւ այն, որ հայերը որոշ շրջաններում, հատկապես Ղրիմում, օգտագործել են ղփչաղերենը: Ոչ թուրք ժողովուրդների մեջ թուրքերենի բոլոր բարբառների նկատմամբ առավելագույն հետաքրքրականությունը հայերն են ցուցաբերել: Չհաշված կրոնը, ավանդույթների եւ սովորույթների առումով թուրքերին առավելագույնս նմանվում են հայերը: Դա հաստատում են նաեւ 19-րդ դարի եվրոպացի ճանապարհորդները, սակայն հայերը պետականորեն քրիստոնեություն են ընդունել դեռեւս 301 թ.-ին: Մինչդեռ թուրքալեզու ղփչաղ-կումաներն Արեւելյան Սեւ ծովի առափնյա շրջաններում բնակություն են հաստատել 1200 թթ.: Այնպես որ վերջին աստիճանի անհիմն են նման պնդումները»:
Էջանիշներ