ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի կազմակերպած ռոք համերգի այս աֆիշը տեղադրված է Տիկնիկային թատրոնի շենքի վրա: Աշխարհի որեւէ նորմալ երկրում «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով այսպիսի ակցիա, թերեւս, չի իրականացվել: Խնդիրն այն չէ, որ այդ երկրներում չեն կարեւորում ՀԴՄ կտրոնի դերը, կամ բնակչությանը խրախուսում են չպահանջել կտրոն, կամ չեն պայքարում ստվերի դեմ: Պարզապես` նորմալ երկրներում ստվերի դեմ պայքարը չի սկսվում ու ավարտվում ՀԴՄ կտրոններով, եւ ստվերի դեմ «պայքարից» թատրոն չեն սարքում, այլ իսկապես պայքարում են եւ իսկապես հասնում են արդյունքների: Բացի այդ, ստվերի դեմ պայքարի իրականացումը նորմալ երկրներում չեն հանձնարարում մի այնպիսի գլխավոր հարկահավաքի, որը, բացի այդ պաշտոնը զբաղեցնելուց, նաեւ խոշորագույն ներկրողներից մեկն է եւ օր օրի ընդլայնում է իր բիզնեսները: Այսինքն` որեւէ նորմալ երկրում Գագիկ Խաչատրյանը սկզբունքորեն չէր կարող լինել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար: Իսկ եթե դառնար, ապա այդ երկիրը այլեւս չէր կարող համարվել նորմալ` խոսքիս ամենալայն իմաստով: Ի դեպ, ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում կախված այս աֆիշը հատկապես նյարդայնացնում է միջին չափերի խանութ ունեցող մեր բազմաթիվ քաղաքացիներին: Խնդիրն այն է, որ նրանք լավագույնս գիտեն, թե որտեղ է իրական ստվերը, եւ իրականում ինչ պետք է գրված լիներ այդ աֆիշի վրա: Միջին խանութները խոշոր ներկրողներից ապրանքներ ձեռք բերելիս չեն կարողանում ստանալ ճիշտ հաշիվ ապրանքագիր: Օրինակ` Գագիկ Խաչատրյանի ֆիրմայից 3 հազար դրամանոց շոկոլադ ձեռք բերելիս կարողանում են վերցնել միայն 2 հազար 100 դրամի հաշիվ ապրանքագիր: Այսինքն` խանութների տերերը ավելի շատ ծախս են կատարում, քան կարողանում են դա հիմնավորել իրենց ունեցած փաստաթղթերով` հաշիվ ապրանքագրերով: Ու երբ նույն Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն այդ խանութներից պահանջում է գնորդներին ՀԴՄ կտրոն տրամադրել, ստացվում է, որ այդ խանութները վճարում են նաեւ Գագիկ Խաչատրյանի ֆիրմաների ստվերային գործունեության դիմաց: Խանութների տերերի համոզմամբ, եթե այս ռոք համերգի նպատակը ստվերի դեմ պայքարելն է, ապա այդ աֆիշի վրա պետք է գրված լիներ` «Գագո, ես պահանջում եմ իմ հաշիվ ապրանքագիրը»:
hzh.am

Դե ուրիշ ենք էլի, մերն ուրիշ ա... Այլ երկրներում ռոքը հանդիսանում է նումերո ունո հասարակական, քաղաքական խնդիրների բարձրաձայնողը սրանք ՀԴՄ կտրոն են խաղարկում:

Ես ճիշտն ասած, դույզ ինչ կասկածի տակ չառնելով նրանց պրոֆեսիոնալիզմը, բայց չեմ կարող ընդունել որպես ՌՈՔ խմբեր. քանի որ միայն էլեկտրական կիթառ նվագելով ու բալլադներ երգելով չէ, եթե դու երկրումդ կատարվող իրադարձություններից «բեխաբար» ես... մի օրինակ, Հայրենական պատերազմի ժամանակ մեր բանաստեղծներն ու գրողները չէին գովերգում «սարն ու սմբուլը, պարտեզն ու գյուլը», այլ գրվում էին ռազմահայրենասիրական գործեր, քանի որ դրա անհրաժեշտությունը կար: Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց լինի դա, բանաստեղծը, գրողը, երաժիշտը... եթե չի «խփում» երկրի (ՀՀ) զարկերակի հետ միասին, կամա թե ակամա դառնում է ռեժիմի սպասարկող տարր: