User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Ջավախքի հիմնախնդիրը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջավախքի հիմնախնդիրը

    Որպեսզի Ջավախքի ընդվզմանը նախապատմությունը ավելի պարզ լինի ներկայացնում եմ պատմաբան Էդգար Հելհելյանի գրքից հատվածներ: Գիրքը կոչվում է "Ջավախքի հիմնախնդիրը":

    *************************************************

    Պատմա-քաղաքական խնդիրները Ջավախքում


    1918թ. մայիսյան դեպքերից հետո, երբ հաջորդաբար իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը` հայտարարելով Անդրֆեդերացիայի ինքնալուծարման մասին, ապա երբ 1918թ. հոկտեմբերի 30-ին Թուրքիան ռազմական լուծարման ենթարկվեց (այլ կերպ՝ գրեթե ոչնչացվեց) Անտանտի կողմից եւ ստիպված եղավ իր զորքերը դուրս բերել Այսրկովկասից, Ախալքալաքի եւ Բորչալուի գավառների պատկանելության խնդիրը սրեց հայ-վրացական հարաբերությունները: 1918թ. մայիսի 21-ին ՀՀ խորհրդարանը ընդունեց, հետո 8 օր անց ձայների 19 կողմ, 8 դեմ, եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ պնդեց «Ախալքալաքի գավառը Հայաստանի անբաժան մաս համարելու» մասին որոշումը:
    1918թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ զինվորական նախարարությանը հրահանգեց առայժմ զերծ մնալ ռազմական գործողություններից եւ կատարել նախապատրաստական աշխատանքներ: Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարարությունը Վրաստանին առաջարկեց շարունակել բանակցությունները, սակայն Վրաստանը, օգտվելով ՀՀ համար ստեղծված միջազգային ծանր իրավիճակից, թուրքական զորքերի՝ Ախալքալաքից հեռանալուց անմիջապես հետո զորքեր մըտցրեց եւ 1918թ. դեկտեմբերի 5-ին զավթեց Ախալքալաքի գավառը եւ Լոռու գավառի մի մասը` հայտարարելով, որ Ախալքալաքի նվաճումը քննարկման ենթակա չէ:
    Հասկանալով, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց ցանկությունն ապարդյուն է, ՀՀ կառավարությունը հրահանգեց ռազմական նախարարության կազմում գտնվող Լոռու զորամասի հրամանատար Դրոյին` մաքրել Լոռին վրացիներից:
    1918թ. դեկտեմբերի 13-ին բռնկվեց հայ-վրացական պատերազմը, իսկ հաջորդ օրն արդեն Դրոյի զորամասը շարժվեց առաջ` Վորոնցովկա-Այրում գծով: Նույն օրը գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը գրավեց Վորոնցովկան, Պրիվոլնոյեն եւ Միխայլովկան: նդապետ Նեստերովսկին ազատագրեց Սանահին կայարանը: Առաջավոր դիրքեր գրավեցին նաեւ ռոտմիստր Փիրումյանի եւ փոխգնդապետ Կորոլկովի զորամասերը: Դեկտեմբերի 15-16-ին հայկական զորքերի ճնշման ներքո վրացական զորքերը թողեցին Ալավերդին եւ Այրումը, իսկ 17-ին Ախթալա կայարանի մոտ հայկական ուժերը գրավեցին վրացական բանակի հրամանատար` գեներալ Ծուլուկիձեին պատկանող շտաբ վագոնը, իսկ Ծուլուկիձեն հազիվ ճողոպրեց: Դեկտեմբերի 18-ին Կորոլկովի ջոկատը մոտեցավ Սադախլոյին, իսկ Տեր-Նիկողոսյանի ուժերն ազատագրեցին Բոլնիս-Խաչենը: Դեկտեմբերի 19-ին Տեր-Մարտիրոսյանի ջոկատը Սադախլոյի մոտ շրջափակվեց, եւ Տեր-Մարտիրոսյանը գերի ընկավ: Դեկտեմբերի 19-ին Ասլանյանի զորամասը ազատագրեց Սադախլոն` ոչնչացնելով Ծուլուկիձեի զորամասը: Դեկտեմբերի 28-ին պատերազմական գործողություններին միջամտեցին անգլիական եւ ֆրանսիական բանակների սպաներ Ռայկրոֆտը եւ Շարդիյնին. նրանց ճնշմամբ 1918թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 24.00-ին, կնքվեց հայ-վրացական հաշտության պայմանագիր: Այսպիսով, ավարտվեց հայ-վրացական «կարճատև պատերազմը»` ընդամենը 18 օր տեւելով:
    Պատերազմի ժամանակ հայկական 6.000-անոց զորքերի դեմ վրացական 12.000-անոց բանակ հանելուց զատ՝ վրացական կողմը կիրառեց մի շարք հակամարդկային գործողություններ, մասնավորապես. Վրաստանում բնակվող բոլոր հայերը Վրաստանի Հանրապետության օրենքով հայտարարվեցին ռազմագերիներ` տասնյակ հազարներով քշվելով Քութայիսի հանքավայրերը` տաժանակրության: Վրացահայությունը զանգվածաբար ենթարկվեց թալանի, սպանությունների եւ ձերբակալությունների` առանց տարիքային կամ սեռական խտրականության: Թիֆլիսում փակվեցին հայկական բոլոր` դիվանագիտական, հասարակական կազմակերպությունները, կասեցվեց հայկական մամուլի գործունեությունը: Ձերբակալվեցին եւ կտտանքների ենթարկվեցին Թիֆլիսի Դումայի հայ պատգամավորները, Վրաստանը շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը` սովի ճիրաններում գըտնվող ավելի քան 600 հազար գաղթականների դատապարտելով մահվան:
    1918թ. հունվարի կեսերին Թիֆլիսում բացվեց հայ-վրացական հաշտության խորհուրդը, որն էլ հունվարի 17-ին ստորագրեց հաշտության պայմանագիր: Ըստ այդմ.
    1. Լոռին հայտարարվեց չեզոք գոտի` Սադախլոյից մինչեւ Դսեղ:
    2. Չեզոք գոտում հայկական եւ վրացական կողմերն իրավունք ունեին 660-ական զինվոր պահել: Բացի այդ Վրաստանն իրավունք էր ստանում եւս 250 զինվոր պահել Ախալքալաքում:
    3. Հունվարի 20-ին պետք է տեղի ունենար ռազմագերիների փոխանակումը, իսկ արդեն մինչեւ հունվարի 21-ը կողմերը պիտի ամբողջովին զինաթափվեին:
    Ստացվում է, լինելով հաղթանակած պետություն, ՀՀ-ն, ենթարկվելով միջազգային ճնշումների, ստորագրեց պարտվողական պայմանագիր, որից հետո 1919թ. մարտի 8-ին Վրաստանը ճանաչեց Հայաստանի, իսկ մարտի 24-ին Հայաստանը` Վրաստանի անկախությունը: Հայ-վրացական հարաբերությունները ժամանակավորապես կարգավորվեցին եւ մտան խաղաղ զարգացման փուլ: Սակայն այս ժամանակավոր դադարը երկար շարունակվել չէր կարող…
    Ախալքալաքի գավառի եւ Բորչալուի գավառի որոշ շրջանների խընդիրը կրկին արծարծվեց 1919թ. Թիֆլիսում կայացած հայ-վրացական խորհրդաժողովում, որի ժամանակ քննարկվեց Ախալքալաքի գավառը Հեշտիա գյուղից հյուսիս՝ Վրաստանին, իսկ հարավ՝ Հայաստանին տալու մասին առաջարկը: Սակայն, պայմանավորված Ալավերդու հանքավայրերի հետ կապված՝ վրացական կողմի պահանջներով, նաեւ Վրաստանի ոչ կառուցողական քաղաքականությամբ, այս առաջարկը եւս իրավական լուծում չստացավ: 1920թ. ապրիլի 7-ին ձգտելով վիժեցնել հայ-վրացական ուժերի համախմբումը հակաադրբեջանական ճակատում՝ Խորհրդային Ռուսաստանը Ադրբեջանի եւ Վրաստանի հետ կնքեց պայմանագիր, համաձայն որի վրացական տարածքներ ճանաչեց Ախալքալաքի եւ Բորչալուի գավառները՝ այդպիսով մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը Վրաստանում: Չորս օր հետո ՀՀ կառավարությունն ընդունեց հատուկ հայտարարություն` նշելով, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ՌՍՖՍՀ եւ ՎՀ միջև կնքված պայմանագրի՝ Ախալքալաքի եւ Բորչալուի գավառներին վերաբերող հատվածը:
    1920թ. ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Վրաստանը, իսկ դեկտեմբերի 2-ին թրքա-բոլշեւիզմի ճնշմամբ խորհրդայնացվեց նաեւ Հայաստանը, որի կազմում ընդգրկվեցին Երեւանի նահանգը, Կարսի մարզի մի մասը, Ղազախի գավառի մի մասը, Զանգեզուրի գավառը եւ Թիֆլիսի նահանգի՝ 1920թ-ի սեպտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ կազմում գտնված շրջանները: Լոռու եւ Ախալքալաքի գավառները Խորհրդային Հայաստանի կազմում չընդգրկվեցին: Այս գավառների հարցը քննարկվեց հուլիսի 2-7-ը Թիֆլիսում` ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումում, որը ձայների 6 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց Լոռու չեզոք գոտին վերամիավորել ՀԽՍՀ-ին, իսկ Ախալքալաքի եւ Ծալկայի շրջանները ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը տեղափոխեց Վրաստանի ԿԿ կենտկոմ` քննարկելու եւ եզրակացություն ստանալու համար: ՎԽՍՀ կոմկուսը 1921թ. հուլիսի 16-ին մերժեց այս առաջարկը: Հուլիսի 17-ին ՀԽՍՀ կառավարությունը կրկին բարձրաձայնեց Ախալքալաքի եւ Բորչալուի գավառի մի մասը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը, բայց ի վերջո ՀԽՍՀ-ն ստիպված եղավ 1921թ. նոյեմբերի 6-ին Թիֆլիսում կնքել հայ-վրացական պայմանագիր, որով նշված գավառները մնացին ՎԽՍՀ կազմում:
    1922թ. ստեղծվեց ԽՍՀՄ-ը: 1921թ. հուլիսի 16-ին ՎԽՍՀ կազմում ստեղծվեցին Աջարական, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Աբխազական ինքնավար հանրապետությունները, մինչ այդ 1921թ. ապրիլի 20-ին Վրացական ԽՍՀ կազմում ձեւավորվել էր նաեւ Հարավ-Օսական ինքնավար մարզը: Ախալքալաքի եւ Բորչալուի գավառների քաղաքական կարգավիճակը փոփոխություն չկրեց: Նշյալ գավառների քաղաքական կարգավիճակը փոփոխության չենթարկվեց նաեւ ԽՍՀՄ 1924թ., 1936թ. եւ 1977թ. Սահմանադրություններով: 1929թ. ՀԽՍՀ-ն եւ ՎԽՍՀ-ն ընդունեցին իրենց առաջին Սահմանադրությունները, որոնցով վերոնշյալ տարածքներն ամրագրվեցին որպես ՎԽՍՀ տարածքներ: Ախալքալաքի եւ Բորչալուի գավառի որոշ հատվածներ Հայաստանին միավորելու հարցը կրկին բարձրացվեց 1936թ. ԽՍՀՄ երկրորդ Սահմանադրության ընդունման ժամանակ, սակայն այս անգամ եւս վրացի «կոմունիստ ընկերների»` մասնավորապես Բերիայի ջանքերով, անարդյունք մնաց:
    1924-1953թթ. ստալինյան բռնապետության պայմաններում վերոգրյալ տարածքների խնդիրը, որպես Հայկական Հարցի բաղկացուցիչ մաս, բացարձակապես լռության մատնվեց: Խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում Ախալքալաքի եւ Բորչալուի գավառները Հայաստանին վերադարձնելը, զանգվածային ահաբեկումների եւ բռնաճնշումների պայմաններում բացարձակ լռության մատնվեց` քաղաքական հարցից հետզհետե վերածվելով սոցիալ-տնտեսական գործոնի: Այս միտումը որոշակիորեն սկսվեց փոխվել եւ ազգային-քաղաքական դրսեւորում ըստանալ ԽՍՀՄ փլուզումից եւ Վրաստանում ամսախուրդիայի իշխանության գալուց հետո:
    ալով իշխանության՝ Զվիադ ամսախուրդիան սկսեց վարել ազգային խտրականության քաղաքականություն: Շրջանառվեց «21 կիլոմետրանոց գոտի» հասկացությունը, որում ներառվեցին նաեւ Վրաստանի հայաբնակ շրջանները. այս տարածքներում արգելվեց հողի առուվաճառքը եւ մասնավորեցումը: Ախալքալաքում եւ մյուս հայաշատ քաղաքներում ու շրջաններում հայերին ազգային միատարրությունից զրկելու, ինչպես նաեւ արհեստականորեն ժողովրդագրական պատկերն ի վնաս հայերի փոխելու, ինչպեսեւ Ախալքալաքի ու Բոգդանովկայի շրջանները վարչական ինքնուրույնությունից զրկելու համար վրացական իշխանությունները Ախալքալաքի, Ախալցխայի, Բոգդանովկայի, Ասպինձայի եւ Ադիգենեյի շրջանները միավորեցին իբրեւ մեկ վարչական նահանգ` Ախալցխա կենտրոնով: Ինչի շնորհիվ, մասամբ նաեւ պայմանավորված վարչական մարմինների՝ Ախալքալաքից ավելի քիչ հայերով բնակեցված Ախալցխա տեղափոխմամբ, վարչական մարմիններում հայերի կշիռը սկսեց նվազել:
    1918-1920-ական թթ. Ջավախքը հայաթափելու վրացական քաղաքականությունը էական արդյունք չտվեց: Բայց ահա, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ իշխանության եկան գամսախուրդիականները եւ, առավել եւս, Սահակաշվիլու վարչակազմի հաստատումից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց ընդարձակվել Այսրկովկասում (ռուսական ազդեցության թուլացման հաշվին), «ժողովրդավարության կղզյակ Վրաստանը բնականաբար պիտի օգտվեր «ժողովրդավարության հայր» ԱՄՆ-ի աջակցությունից եւ փորձեր վերականգնել իր մտացածին տարածքային ամբողջականությունը եւ դերը տարածաշրջանում: Սակայն հաշվի առնելով, որ այս ծրագրի իրականացման համար Վրաստանը առայժմ իրական ուժեր չունի, վրացական իշխանությունները այս ամենը իրագործում են քարոզչությամբ` փորձելով երկրում ձախողումների ու դժվարությունների պատճառ ներկայացնել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի` իբր թե անջատողական տրամադրությունները:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 17.12.2006, 18:55:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արցախի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5360
    Վերջինը: 05.04.2024, 21:35
  2. «Մաքուր Ջրի» Հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 06.07.2011, 19:26
  3. Օզօնի հիմնախնդիրը
    Հեղինակ՝ Ozon, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 21:22
  4. Ջավախքի տեղեկատվական շեմ
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Վեբ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2008, 12:38
  5. Ջավախքի ընդվզումը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.12.2006, 13:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •