ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ
1. Սեփականության իրավունքով անձանց պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը “Գույքահարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Գույքահարկով հարկվում են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները եւ մոտոցիկլետները:
2. Փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող փոխադրամիջոցների շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցների վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր շարժիչների գումարային հզորությունը:
3. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով.
ա) մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
-1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
-121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ,
-251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ,
բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
-1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 100 դրամ,
-201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 200 դրամ:
4. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:
5. Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
6. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:
7. Հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
8. Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնª ելնելով սույն օրենքով սահմանված հարկման բազայից եւ համապատասխան դրույքաչափերից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները: Գույքահարկ վճարողը պարտավոր է հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը:
9. Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարվում է հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:
10. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին պետք է ներկայացվի տեղեկանք:
11. ՀՀ կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:
12. Գույքահարկի մասին ՀՀ օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաեւ գույքահարկի հաշվառման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր տեղական ինքնակառավարման մարմիներն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ.
Բնապահպանական վճարի գումարը հաշվարկվում է հետևյալ կարգով`
Մինչեւ 50 ձիաուժ - 10-գործակից, 151-200 ձիաուժ - 50-գործակից
51-80 ձիաուժ - 20-գործակից, 201-250 ձիաուժ - 60-գործակից
81-100 ձիաուժ - 30-գործակից, 251-300 ձիաուժ - 70-գործակից
101-150 ձիաուժ - 40-գործակից, 300-ից ավելի ձիաուժ - 100-գործակից,
շարժիչի հզորությունը (ձիաուժ) բազմապատկելով վերոնշյալ գործակիցներով:
Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար պետական տուրքը կազմում է 6000 դրամ:
Հեռախոսահամարներ`
Երեւան քաղաքի վարչության ՊԱՏ բաժնի ավագ հերթապահ - 563294
ՀՀ ոստիկանության ՊԱՏ վարչության ավագ հերթապահ - 522763
Էջանիշներ