Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
Այգուդ կածանի եզրին ծաղկեի
Եվ իմ աչքերով վարդագույն, փոշոտ,
Շուրջս նայելով քեզ որոնեի:
Ինձ չտեսնեիր, անցնեիր հուշիկ,
Աչքերդ հառած մութ հեռաստանին,
Ես իմ փշերով կառչեի փեշիդ,
Դու վախով, զգույշ ճյուղս բռնեիր…
Ձ՜եռքս բռնեիր և իմ աչքերը
Հուզված խամրեին կրքից անսովոր,
Եվ ես շոյեի քո բաց ոտքերը…
Տերևներ դարձած հառաչանքներով:
Բայց դու չզգայիր կիրքն իմ խտացած,
Հանգիստ, անվրդով փեշդ պոկեիր,
Առաջ թեքվեիր... և ես արբեցած՝
Կրծքիդ բացվածքին շուրթս հպեի…
Փոքրիկ մասրենի լինեի փշոտ,
Այգուդ կածանի եզրին թոշնեի…
Դու ինձ ժպտայիր ամեն առավոտ,
Բայց ո՞վ եմ, ո՞ւր եմ, դու չիմանայիր:
Էջանիշներ