Եկվոր-ի խոսքերից
Եթե ես մի օր
Ճանկերս խրած մեկի ազդրի մեջ
Խելագար, վայրի, ահեղ մռնչամ,
Դուք հասկացեք, որ ես մռնչում եմ
Ոչ թե ա՛յդ օրվա,
Այլ հենց այս օրվա՝ այսօրվա համար,
Որ իմ վայրենին այսօր է ծնվում,
Այլ ոչ թե քսան,
Կամ քսան հազար այգաբաց հետո…
Ի դեպ, թե հանկարծ
Դուք ինձ խելագար պիտի համարեք,
Համարեք, խնդրեմ, բարի խելագար,
Անշառ խելագար,
Խելագար՝ առանց խելքի նշույլի,
Քանզի կան նաև չար խելագարներ,
Որոնք մի քիչ էլ խելք կոչվող գազից
Պարունակում են ուղեղ անվանվող
Խելքաստամոքսում
(Որը, ասում են, ծալքեր էլ ունի…).
Նրանց չեմ սիրում.
Շատ են մարդկային:
Խնդրեմ՝ այդպիսին ինձ չհամարեք…
Կամ էլ…դո՛ւք գիտեք…ես խելագար եմ…
Հա, եթե տեսնեք՝ ճանկերս խրած
Ինչ-որ ազդրի մեջ՝
Վայրագ ոռնում եմ,
(Դա ուշ կլինի և դուք ակամա
Զուր ցավ մի՛ զգացեք ձեր ազդրերի մեջ)
Հիշեք, որ կային բազմաթիվ օրեր,
Երբ չէի կարող,
Եվ չէի անում…
Եվ օրեր կային,
Երբ կարող էի,
Բայց չէի անում…
Մինչև, վերջապես, այդ օրն արեցի…
Թող տերը չտա այդ օրն ինձ ու ձեզ:
Ես վախենում եմ, իսկ դուք՝
Չգիտեմ…
Վտանգը ինչքան փոքրիկ է թվում
Այնքան տուժողն է անխոհեմ կոչվում:
Էջանիշներ