Ամինա, եթե այսպես զգացմունքային կերպով չարձագանքեիք «Կյանքի խոսքի» մասին գրվածին, թերևս, ես էլ չէի կարդա այդ հոդվածը, բայց ձեր ռեակցիայից հետո հետաքրքրեց:
Ասում եք՝ ամոթ է նման բան գրելը: Ինչո՞ւ: Ավելի ամոթ չէ՞ հազարներով մարդկանց խաբելը և քրիստոնեական հիմնադրույթներից շեղելը, ինչպես դա անում է «Կյանքի Խոսք» /հետագայում՝ ԿԽ կազմակերպությունը/: Որպես նախկին ԿԽ անդամ, «մկրտված», «Աստվածաշնչյան դպրոցի» դիպլոմ ստացած /գրեթե գերազանցության/, կարող եմ պնդել, որ գրվածների ճնշող մեծամասնությունը ճշմարտություն է:
1. Անհերքելի է, որ ԿԽ քարոզում է «բարգավաճ քրիստոնեություն», մեծ շեշտ դնելով հարստության վրա: Քանի-քանի անգամ արտասահմանից եկած քարոզիչների եմ լսել «ֆինանսական սեմինարներ» վարելիս /Մաքսիմ Մաքսիմով, օրինակ/: Իմաստը հիմնականում այն էր, որ պետք է քրիստոնյան լինի բարգավաճ, հարուստ, Աբրահամի օրինակով: Եվ դրան հասնելու ամենաազդեցիկ ձևերից է... տասանորդը: Միշտ ինձ մոտ հարց է եղելէ ինչո՞ւ ոչ աղքատներին ողորմելը, որբերին հագցնելը, և այլն: Անգամ այդ հարցերում ԿԽ դրսևորում է տարօրինակ մոտեցում: Որբերի համար շորեր հավաքելուց, օրինակ, չեն ընդունվում կիսամաշված կամ մաշված շորերը և բերողին սովորեցնում են, թե «ավելցուկդ մի բեր» կամ «մի բեր այն, ինչ ինքդ չէիր հագնի»: Իսկ, միգուցե, դա տվողի «երկու լումա՞ն» է: Սրանով ԿԽ-ն չի հետաքրքրվում:
2. Հիվանդությունների նկատմամբ գրեթե պանիկական վախ և դրա սերմանումը ԿԽ անդամների մեջ: «Հիվանդություն մեղքի պատճառով» կամ «հիվանդություն՝ ուղղվելու համար» գաղափարները համարյա թե արգելքի տակ են: Բարգավաճ քրիստոնյայի կյանքում հիվանդությանը տեղ չպետք է լինի:
3. Աստվածածնի /հատկապես/ և Սուրբերի նկատմամբ սառը, երբեմն՝ անհարգալից վերաբերմունք: Սեփական անձի դասում միևնույն մակարդակի վրա Առաքյալների և Ավետարանիչների հետ, ինչից գործնականում, բխում է, որ նրանցից սովորելու շատ բան չկա: Բերում է նաև Աստվածաշնչի կամայական մեկնաբանությունների՝ ըստ հանգամանքների:
4. Այսպես կոչված «խմբակների լիդերների» /ցավոք, անգամ սա է ինձ վիճակվել ժամանակին/ գրեթե առանց նախապատրաստման նշանակում /«ձեռնադրում»/: Անփորձ, զգացմունքային, ինքնատիրապետումից թույլ երիտասարդները շատ հաճախ նշանակվում են «լիդերներ» տարեց և միջին հասակի մարդկանց վրա /ուղիղ հակասություն Պողոս առաքյալի՝ Եկեղեցում պաշտոնյաներ կարգելու մասին հրահանգներին, բայց ԿԽ համար դա էական չէ, քանի որ «լիդերների» պակաս կա/: Լսել եմ մի քանի տարեց մարդկանց, որոնք բողոքել են «լիդերների» /16-17 տարեկան տղա կամ աղջիկ/ կոշտ և անզուսպ վերաբերմունքից:
5. Վերջապես, ս.Հաղորդության խորհրդի պարզապես խայտառակ բեմականացումը: Անձամբ ներկա եմ եղել մի քանի հազարանոց հավաքույթի Համալիրում, որտեղ բաժանվել է քաղցր հյութ /ալկոհոլազուրկ խաղողի հյութ, հավանաբար/ և չոր լավաշ՝ իբրև Քրիստոսի Արյուն և Մարմին: Ըստ որում, բաժանվել է առանց որևէ խտրականության, առանց Հաղորդության խորհրդի բացատրման, առաջին անգամ եկած մարդկանց, առանց որևէ խոստովանության /կարճատև աղոթք քարոզչի կողմից՝ ավելի շատ գոհության, քան ապաշխարհության/: Նշված խորհրդի կատարում կամայական ժամանակ, կամայական հավաքույթներին:
Առայժմ, երևի, այսքանը:
Էջանիշներ