Նա ափերով հպվեց այգու կենտրոնում կանգնած սոսուն ու կամացուկ ինչ-որ բան արտասանեց: Երևում է, վաղուց էր այստեղ: Անձրևն արդեն քսան րոպե է դադարել էր, իսկ նա թրջված էր: Հետո ասես սարսափելի մի բան տեսնելով ետ ընկրկեց: Հիասթափված խանարհեց գլուխն ու հաջորդ ծառի մոտ գնաց: Նորից ափերը բնին դրեց ու մի բան ասեց: Լիալուսին էր ու դրսում այնքան էլ մութ չէր: Տղան կարողացավ նկատել նրա ժպիտը: Աղջիկն հանգստացած շունչ քաշեց ու գրկեց ծառի բունը: Հմ... Երևի գտավ այն, ինչ փնտրում էր:
Նստարանին նստած էր, խոնավ վարսերը թափված էին ուսերին, ծնկներն իրար էր կպցրել, իսկ ոտնաթաթերն` հակառակը, իրարից հեռու դրել ու ձեռքերի մեջ ինչ-որ բան էր խաղացնում: Զվարճալի էր: Արսենը մի պահ կասկածեց` մոտենալ, թե ոչ: Ապա հասկացավ, որ կորցնելու ոչինչ չունի: Երևի թե պատահական չէին հենց իրենք երկուսով գիշերվա ժամը մեկին այգում հայտնվել: Վերջապես համարձակվեց:
- Բարև:
Աղջիկը ժպտաց ու մի կողմ քաշվեց` երիտասարդին տեղ տալով նստարանի չոր հատվածում: Արսենը նստեց:
- Ուշ ժամ չէ՞ զբոսանքների համար:
- Եթե այստեղ էլի մեկը կա, ուրեմն ուշ չէ: Մարիամ:
- Բարև Մարիամ: Արսեն:
Աղջիկը ոչինչ չասեց: Ձեռքերի մեջ երկու երկաթե գնդիկ էր: Նա մեկը տղայի կողմ պարզեց:
- Վերցրու: Սպանիր ժամանակդ, այսօր մենք, երևում է սպասում ենք:
- Ինչպե՞ս իմացար:
- Կախարդուհի եմ:
- Չգիտեի, որ կախարդուհիներն այսքան գեղեցիկ են լինում:
Աղջիկը խոնարհեց գլուխը և ձեռքը կրծքերին տանելով` վերև քաշեց զգեստը: Արսենն հասկացավ, որ մինչ այդ չէր էլ նկատել, թե ինչ գեղեցիկ է նա:
- Երկա՞ր ես այստեղ մնալու:
- Մինչև չձանձրանամ: Իսկ ես արդեն ձանձրանում եմ:
- Արի նայենք ջրափոսերի մեջի լուսններին:
- Նայենք:
Ու աղջիկը` գլուխն Արսենի ուսերին դնելով, սկսեց նայել լուսիններին:
- Լսե՞լ ես, Արսեն, որ լուսինը մարդկանց մեղքերի է դրդում:
- Լսել եմ, բայց չեմ հավատում:
- Իսկ ես սկսում եմ հավատալ:
Արսենն հարցական նայեց նրա սև աչքերի մեջ: Դրանցում մի բան բոցկլտաց:
- Երբ ցանկանում ես մեկին, դա մե՞ղք է:
- Դե, երևի մեղք է: Նայած, թե ում ցանկանաս...
- Անծանոթ մեկին: Երբ նստած լինի կողքիդ ու ակամա հաճախացնի սրտիդ զարկերը ու փշաքաղվես նրան հպվելու մասին մտքերից անգամ: Երբ ուզենաս խլել նրան ամբողջ աշխարհից ու նվիրել միայն քեզ, քեզ ենթարկել, անել նրա հետ այն, ինչ ուզում ես: Մե՞ղք է:
«Բա ի՞նչ է», մտքում ասեց Արսենը:
- Չգիտեմ, - պատասխանեց աղջկան:
Ու նրանց շուրթերն իրար հպվեցին: Երևի պատահական չէին նրանք երկուսով այս այգում, գիշերվա ժամը մեկին: Արսենին մի պահ թվաց, թե սա կատակ է: Նա դանդաղ ձեռքն աղջկա շրջազգեստին տարավ և փորձեց վերև բարձրացնել այն: Աղջիկը շարունակում էր համբույրներ շռայլել: Փաստորեն կատակ չէր:
Լուռ էր այգին ու գերազմանային նրա լռության մեջ լսվում էին երկուսի սիրո խոսքերը: Անգիր արած խոսքերը, սիրո մասին, բայց ոչ սիրուց ծնված: Ու նախանձում էր լիալուսինը, որ իր արտացոլումն անտեսելով` այգու խոնավ նստարանին սեր էին անում երկու ջահել անամոթներ:
Մարիամը փակեց աչքերը, վայելելու համար կրքի վերջին վայրկյանները: Նա զգաց պարանոցին Արսենի խոնավ համբույրները: Փաստորեն վերջ... Ձախ ձեռքն անհամբեր դեմքին մոտեցրեց:
- Ութ րոպե...
- Ի՞նչ, - զարմացավ Արսենը:
Աղջիկը միայն շոյեց նրա գլուխը:
- Արի նայենք ջրափոսերի մեջի լուսիններին:
Նրանք նստած էին այգու նստարանին ու լռում էին: Արսենը մտածում էր, թե ինչ կլինի հետո, իսկ Մարիամի մտքին միայն մի բան էր: Տեսնես իսկապես կօգնի... Նա հիշեց, որ պիտի ևս մեկ անգամ կրկնի ծառերին ասած բառերը:
«Սոսի, սոսի, ինչպես որ դու ես հողից խլում իր կյանքը, որ ավելի գեղեցիկ լինի սաղարթդ, այնպես էլ ինձ թույլ տուր խլել մեկի տարիները, որպեսզի մի քանի օր ավել ապրեմ... Մեռնում եմ»:
Էջանիշներ