Սիրո պատմություն
"Կշեռքներ, օրը խոստանում է լինել բովանդակալից, եթե չփակվեք բնակարանում` խորհելով առօրյա խնդիրների մասին, կամ, պարզապես, վայելելով հանգստյան օրը":
Լիլիթը մտքերով ընկավ: Խալիները պիտի պիլասոսեր, սպիտակեղենը լվանար, լողանար ու մազերը ֆեներ... Չնայած, աստղերը, ինչպես ասում են, չէին պարտադրում, բայց...
Երբ մտքերն իմի բերեց, ձկներն արդեն մոռացության գիրկն էին մատնվել ու պիտի սթափվեին: Չէ, էսօր իսկսկանից լավ օր ա երևում: Արևոտ է, չնայած դրսում մինուս է ու գետինն էլ համարյա չորացել է: Տեսնես սև յուբկայի հետ ո՞ր սվիտրը կսազա: Սապոքների տակերն էլ սարքել չտվեց` ջուր են քաշում: Այ դրա համար էլ մարդու դուրս գալը չի գալիս... Բայց կշեռքների համար այս օրը խոստանում է բովանդակալից լինել: Գնալու տեղ էլ չկա, ի՞նչ բովանդակության մասին է խոսքը:
- Լիլ, էն սոկերը էսօր կխմեք վերջացնեք, - միջանցքից բղավեց մայրը, - Վաղը ժամկետն անցնում ա:
- Առնելուց չտեսա՞ր:
- Տեսա: Որ երկու հատ առնեի, խաղալիք էին տալիս: Սոկ ա էլի, խմեք, ի՞նչ վատ եղավ, խաղալիք էլ ունեցանք: Կախել եմ սերվանդի ռուչկից: Առխային խմեք` սուպերմարկետից ա, էն որ Պրոսպեկտի վրայա:
Ուրեմն Պրոսպեկտի վրա...
Տանջալից փախուստ բակից` հարևանների հետաքրքրասեր հայացքների ուղեկցությամբ, 45 համարը, «Թեքվեք կպահե´ք», կարմիր լույս` մեքենաների համար ու այնտեղ է:
Քայլում է կաշկանդված` սպասելով, թե երբ օրը կդառնա բովանդակալից: Աստղերն են ասել, նրանք ավելի լավ գիտեն: Նախ որովհետև իրենից ավելի տարիքով են, հետո` ավելի մոտ են Աստծուն:
Մոդայիկ հագուստի խանութ, սիրահար զույգ, մզկիթ, երկու երեխայի մայր, որը նայում է իր վրա տանը մնացած նախանձոտի հայացքով, «Ազատ եղի´ր», փողոց... Անցնե՞լ: «Ազատ եղի՞ր»: Ո՞նց հասկանալ:
Հայացքն ուղղեց դիմացի մայթից դեպի իրեն եկող երիտասարդին:
«Դե. Լիլիթ, ազատ եղիր, ազատ եղիր...»:
Չորս քայլ, երեք, երկու, հիմա կամ երբեք:
- Բարև ձեզ:
Երիտասարդը զարմացած կանգ առավ:
- Բարև: Գիտեք, ես ձեզ տեղը չբերեցի:
- Դուք հո ձկնե՞ր չեք... Համաստեղությամբ:
- Հա:
- Դա ամեն ինչ բացատրում է: Ձկներն այսօր մոռացության գիրկն են մատնվել: Նրանք պիտի սթափվեն:
Երիտասարդը ժպտաց: Դա աշխարհի ամենասիրուն ժպիտն էր: Լիլիթն էլ որոշեց ժպտալ, թեկուզ նրա ժպիտից հետո, արդեն վստահ չէր իր ժպիտի ուժի վրա: Տեսնես իր վրա չի՞ ծիծաղի, վրայից կցրի՞, թե՞, օգտվելով առիթից, կփորձի կպցնել:
Կանաչ ավտոբուս, դիմացի մայթի տեխնիկայի խանութը, հեռուստացույց, գովազդ, ինչ-որ բանկ... «Երբ մեր շահերը համընկնուուում են...»:
Փաստորեն նա էլ...
- Ինձ թվում է, դուք սխալ ուղղությամբ եք գնում: Պիտի շրջվեք ու Օպերայի կողմ գնանք:
Փառք Աստծո` որոշեց կպցնել:
- Ինձ այդպես չի թվում:
Հարկավոր է ցրել երիտասարդի մտքերն այն մասին, որ իրեն հեշտ է գրավել: Տղամարդիկ դժվար ձեռք բերվող կանանց են սիրում:
- Ինչ արած, ուրեմն ցտեսություն:
- Սպասեք, սպասեք... Ինձ ոնց որ սկսում է ձեր ասածի պես թվալ:
«Դե, Լիլիթ, դեռ առավոտը դու միայնակ էիր, իսկ հիմա քայլում ես Երևանի ամենասիրուն տղայի հետ: Բոյով, կաշտանագույն մազերով, կանաչ աչքերով, արտասահմանցու նման, մենակ մի քիչ ավելի մեծ քթով: Կարծեմ հույների քթերն էլ ա մեծ: Կարող ա հույն ա»:
- Ու՞ր էիր գնում:
- Հունաստան:
- Հա՛:
Չէ, երևի իրեն գժի տեղ ա դնում էս տղան: Հարկավոր ա ամեն ինչ բացատրել, հասկացնել:
- Դու հույնի նման ես... Տղա... Ջան...
- Վահե:
- Դու հույնի նման ես, Վահե: Հույներն էլ մեծ քիթ ունեն, բայց իրանք կանաչ աչքերով են լինում: Նա´և կանաչ: Ու եթե հույն ես, պիտի Հունաստանից գայիր: Մենք իրար հակառակ էինք քայլում ու եթե դու Հունաստանից էիր գալիս, ես գնում էի Հունաստան:
- Պա՛րզ է:
«Մի տեսակ տաօրինակ ա նայում: Չգիտեմ, թե քամահրանքն ինչ ա, բայց եթե սենց դեպերում են օգտագործում` ուրեմն ահավոր քամահրանքով»:
Ամեն մեկն իր մտքերով էր քայլում: Անհարմար վիճակ էր, կամ էլ իրենք էին իրար անհարմար:
Գրքերի խանութ, դեղատուն, խաղալիքներ, կարմիր լույս սվետաֆորին` մարդկանց համար, կանաչ լույս, գովազդային պաստառներ, «Մնջախաղի թատրոն»:
- Նայի՛ր, նայի՛ր, Վահե, անգամ պաստառն ա նկատել, իսկ դու դեռ չես նկատում:
Ու նա նորից ժպտաց իր ֆիրմային ժպիտով:
Հետո քայլեցին սրճարանների կողմ:
- Որտե՞ղ նստենք, - վերջապես խոսեց Վահեն:
- Էն նստարաններին:
- Նստարանների՞ն:
Լիլիթը չպատասխանեց: Պարզապես վազեց նստարանների կողմ ու նստեց` ոտքերը տակը խաչելով: Վահեն մոտեցավ նրան:
- Բա քեզ մի բան չառնե՞մ:
- Փուչիկ առ:
- Խի՞ հենց փուչիկ:
- Որ հասկանաս, թե ինչ կա փողերի մեջ:
Էլի մի ժպիտ: Ամեն անգամ այն տեսնելիս Լիլիթի սիրտը կրծքից դուրս էր թռչում:
- Սենց որ գնա ես նախ կաթիլների կարիք կունենամ, հետո կարդիոգրամայի, հետո դոնորների, հետո... Թու, բերանս ի՞նչ էր գալու:
Վահեն նստեց նրա կողքին:
- Ամեն ինչ ասեցիր, բացի անունիցդ:
- Լիլո... Լիլիթ, էլի՛:
- Գիտեմ, որ Լիլոն Լիլիթն ա:
- Փաստորեն Հունաստանում էլ...
- Չէ, - նորից ժպտաց Վահեն, - Իմ տատիկը հայ էր:
«Փաստորեն հունաստանահայ ա: Կամ հունահայ: Կամ հայ-հունական համատեղ... Դրա համար էլ անունը Վահե ա: Ինձ էլ տարօրինակ էր թվում»:
- Մի տեսակ տարօրինակն ես, - շփոթված ասեց Վահեն:
- Հա, ես միշտ տարօրինակ եմ...
«... երբ որ սիրահարված եմ», - մտքի մեջ նախադասությունն ավարտեց Լիլիթը:
Երիտասարդը նորից լռեց: Լիլիթն այս ու այն կողմ էր նայում ու սպասում, թե երբ պիտի ձկները սթափվեն:
- Գնամ մեր համար հյութ բերեմ:
Ու Վահեն գնաց: Լիլիթը սկսեց հաշվել իր մտքերը ու հաշվեց մեկ հատ` հաշվելու մասինը: Մեկ, մեկ, մեկ, մեկ... Մինչև մեկը հաշվեց, բայց Վահեն չկար:
Հեծանիվով տղան, հրշեջ մեքենայի ձայնը ու հետևի սրճարանից հնչող մի երգ. «Դու իմը չես, թե կարող ես անդարձ հեռացիր...»:
Փուչիկ ծախողներ, փողոց, կարմիր լույս մարդկանց համար, բայց նա միևնույն է անցնում է, դեղատուն, գրքերի խանութ ու էլի մի պաստառ...
«Աաաայ այսպիսի խոսակցություններ»:
Էջանիշներ