Ես դպրոցական տարիքում ահագին լուրջ տառապում էի խոտային տենդով։ Ընդ որում, ամեն տարի հետաքրքիր տարբեր ձևերով էր դրսևորվում․ հիմնականում փռշտոց, քթարտադրություն (գրիպի պես), աչքերի քոր, բայց տարի էր լինում, որ շարունական, խեղդող հազով էր ուղեկցվում, մի տարի էլ տարօրինակ դուրս տվեց վերջույթներիս, ոնց որ մեծ մոծակի կծածներ ու սարսափելի քորով ուղեկցվող։ Որպես կանխարգելիչ միջոցներ, ինչ-որ մի շրջան ինձ արգելվում էր գնալ քաղաքից դուրս՝ բնության մեջ, որոշ շրջան՝ նաև բակ դուրս գալ, որովհետև աչքերիս շուրջն այնպես էր այտուցվում ու շնչուղիներս այնպես էին փակվում, որ սարսափելի էր ուղղակի նայելը, էլ չասած՝ վտանգները։ Ի վերջո, ինձ պառկեցրին հիվանդանոց՝ բուժման, քանի որ էն ժամանակ հանրապետության գլխավոր ալերգոլոգը, Ակունց էր ազգանունը, ինձ ստուգելուց հետո կարգադրեց շտապ անցնել ամբուլատոր բուժման, քանի դեռ չի վերածվել ասթմայի։ Հիվանդանոց պառկեցի, ու ահագին էլ երկար, բայց ոչ մի արդյունք չտվեց։ Ի դեպ, էդ հիվանդանոցում ինչ ալերգիայով հիվանդ ասես որ չկար (բոլորս մի պալատում էինք), օրինակ՝ մի երեխա կար, ալերգիա ուներ նոր գրքի հոտից միայն, որը, չգիտեմ ոնց, բուժում էին։
Բժիշկների խորհրդով, խոտային տենդը թեթևանում է ծովի կամ ջրային մակերևույթների մոտ։ Նաև խորհուրդ էին տալիս բացել սառը դուշը, կանգնել մոտը և շնչել։ Բայց սա մի քսան տարի առաջ էր։ Հիմա հաստատ հազարումի տեսակի դեղեր կնշանակեն, եթե գնաս սովորական թերապևտի մոտ։
Հա, մի բան էլ հիշեցի․ երբ արդեն ոչինչ չէր օգնում, մեզ խորհուրդ տվեցին գնալ ասեղնաբուժության։ Պարտաճանաչ գնում էի սեսիաներին, ու հայտնաբերեցի, թե ինչ ծանր բան ա ձանձրույթը․ երբ որ նստում ես ուղիղ, ասեղները մարմնիդ տարբեր մասերում խրած, ու էդպես անշարժ պիտի մնաս մի ժամ (ասեղնաբույժի գրապահարանի գրքերի անուններն անգիր էի արել)։ Այ չեմ հիշում, ասեղնաբուժությունն էր, որ օգնեց, թե ուղղակի ինքն իրեն՝ ժամանակի հետ անցավ, բայց հիմա, ու վաղուց արդեն, հետքն էլ չկա։
Էջանիշներ