Հարգելի ակումբցիներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Լեոնիդ Ֆիլատովի
“ Про Федота-стрельца, удалого молодца”, հեքիաթի հայերեն թարգմանությունը, իհարկե թարգմանչի համաձայնությամբ, որը իմ կարծիքով շատ լավ ու հումորով է ստացվել:
Օրիգինալի հետ կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://lib.ru/ANEKDOTY/fedot.txt
Թարգմանությունը՝ Սիսակ Առաքելյանի
Գործող անձիք.
Զվարճարար
Ֆեդոտ
Մարուսյա
Թագավոր
Արքայադուստր
Դայակ
Գեներալ
Ջադու
Ձայն
Տիտ Կուզմիչ
Ֆրոլ Ֆոմիչ
Դեսպաններ, պահակախումբ, շքախումբ, ժողովուրդ:
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր
Թե կուզեք - հավատացեք, թե չեք ուզի - դուք գիտեք. կա՜ր-չկա՜ր
երկրում ձեզ ծանոթ, մի որսորդ. անունը՝ Ֆեդոտ: Ֆեդոտն, էնքան սիրուն չէր,
բայց դե՝ չէր էլ անճոռնի; ամենևին գիրուկ չէր, բայց դե՝ ոչ էլ չոփուռ մի: Ոչ հարուստ
էր, ոչ՝ աղքատ, ոչ վստահ էր, ոչ՝ վհատ, ոչ մի այր էր պետական, այլ էնպես -
սովորական:
Ֆեդոտն ուներ երկու գործ. ձկնորսություն, մեկ էլ՝ որս: Որսը պալատ էր
բերում, թագավորին հանձնում: Թագավորն էլ, էդ միսը՝ հյուրերին էր կերցնում:
Հյուրերը՝ ատլա՜ս հագած, ոսկի ադամանդ կապա՜ծ, մեկը՝ Հնդկաստանի՜ց,
մյուսը՝ Հունաստանի՜ց, մեկը իշխան, մյուսը՝ դեսպան, մեկը ահել, մյուսը՝ ջահել,
զրույցի մեջ՝ բարեհաճ, ուտելու մեջ՝ քմահաճ: Մեկին տուր թարմ խեցգետին, մյուսին՝ տնական երշիկ, մեկը կուզե ձկնապուր, իսկ մյուսը՝ խոզապուխտ: ՈՒ ամենքին մի՛ որսորդ - խեղճ ու կրակ մի Ֆեդոտ:
Ահա, հերթական անգամ, ապսպրել է արքան. "Ֆեդո՛տ, վաղ լուսաբացին,
եկ, պալատ ներկայացիր:"
Թագավորը - թիզ ու կես, գլուխը՝ մատնոց ասես: Միջի թույնը ու մաղձը շատ
է, քան իր զանգվածը: Նայում է մեր հերոսին - քանց թուրքը՝ խոզի մսին:
Ֆեդոտը վախից քրտնեց, գույնը գցեց, սփրդնեց, հոնքն՝ սկսեց դողալ, աչքը՝
սկսեց խաղալ, փորից ամպրո՜պ հնչեց... Էստեղ՝ հեքիաթն սկսե՜ց:
Թ Ա Գ Ա Վ Ո Ր
Ճաշկերույթ պիտ տանք մենք ճոխ՝
Անգլի՜ո դեսպանին հաճո:
Իսկ հյուրասիրել - կարող ենք
Միայն երեկվա ճաշով;
Էնպես որ, զենքդ կապիր
ՈՒ անտառ ճամփա ընկիր:
Այծամ, կաքավ, կամ՝ խլահավ,
Մի խոսքով, մի բան խփի՛ր:
Թե որ դատարկ եկար տուն -
Քեզ զնդանն է սպասում:
Երկրի բա՜խտի հետ ես խաղում.
Ջոկո՞ւմ ես, ինչ եմ ասում:
Ֆ Ե Դ Ո Տ
Ջոկում եմ, ջոկում, արքա,
Դանդալոշ չեմ, կամ՝ հակա:
Երկրի շահը գետնով չե՛մ տա,
Կձգտեմ, խնդիր չկա:
Ստացվում է. Ռուսիան
Ինձ հետ է կապել հույսը:
ՈՒ թե ես կաքավ չխփեմ -
Պատերազմը անխույս է:
Որ հյուրը քո անվանի
Սովից՝ համը չհանի -
Խոստանում եմ ապահովել
Մսի լայն տեսականի:
Զ Վ Ա Ր Ճ Ա Ր Ա Ր
Թագավորի ասածը, նույնն է՝ թե թրի հարվածը: Ասեց՝ "գնա՛ արջաորս",
պիտի հետևես անխոս: Նրա հետ չե՛ս մեկնի ոտք, պետք է ենթարկվես, Ֆեդո՛տ:
Կամ պիտ որսես ձուկ, թռչուն, կամ՝ դառնաս դիակ անշունչ:
Ֆեդոտը տվեց-անցավ գետեր, սարեր ու անտառ, չհանդիպեց ո՛չ կաքավ, ո՛չ շլդիկ, ո՛չ խլահավ: Իջավ մթնոտ իրիկուն, ժամանակն է՝ դառնալ տուն:
Մեկ էլ՝ դիմացի ծառին, թառած տեսավ աղավնուն. նստել, չի ուզում թռչի,
որսորդը՝ հեչ պետքը չի:
Ֆ Ե Դ Ո Տ
Էս ի՞նչ փորձանք-չարիք է.
Չքվել է բարելիքը:
Մնաց, էս աղավնին խփեմ,
Լավ, թե վատ՝ ուտելիք է:
Թե ծուռ նստենք, դուզ խոսենք՝
Աղավնու որսն էլ որս է -
Աղավնին, թե խելքով եփես,
Շատ էլ լավ, համով միս է:
Ա Ղ Ա Վ Ն Ի
Ֆեդոտ, ինձնից հեռու կաց,
Հրացանդ՝ ձգիր ցած:
Իմ մսով փոր չես լցնի,
Ոչ էլ՝ փետուրովս՝ բարձ:
Կուզե հյուրն են առնական
ՈՒտեստ՝ հյութե՜ղ, պատվակա՜ն,
Իսկ իմ մսից՝ չի կշտանա
Անգամ մեկ շունչ իգական:
Ֆ Ե Դ Ո Տ
Կամ՝ ջադուն է մաղ պտտել,
Կամ՝ աղքատն է գանձ գտել,
Կամ էլ, էլի, ականջիս մեջ
Ականջփորուկ է մտել:
Կամ՝ մեր արքան անօրեն,
Հռչակել է նոր օրենք,
Որ թռչունները մարդկային
Լեզվով խոսել սովորեն:
Ա Ղ Ա Վ Ն Ի
Արյուն թափելուց անցիր,
Ինձ՝ դարձրու քո հացին:
Հենց, շեմքիցդ ներս մտցնես -
Ես քո կինն եմ, իմացիր:
Քեզ նոր հագուստ կկարեմ,
Կարագ, չորթան կհարեմ:
Ինձ "ցավ" ասես - "ջան" կլսես,
Ես՝ զիջող ու անչար եմ:
Ֆ Ե Դ Ո Տ
Չեմ հասկանում. ի՞նչ անեմ...
Լա՛վ, արի քեզ տուն տանեմ -
Էնտեղ, հանգիստ ու անշտապ,
Մի որոշում կհանեմ:
Էջանիշներ