2009թ. մարտի 1-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից դիտարկումներ են իրականացվել՝ կապված մարդկանց տեղաշարժի սահմանափակումների հետ։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակված զեկույցում նված է, որ մարտի 1-ի՝ ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին հանրապետության մյուս մարզերից քաղաքացիների մասնակցության հնարավորությունն ամբողջությամբ սահմանափակվեց գործող իշխանությունների կողմից։
«Մասնավորապես` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքների սահմաններում իրականացված դիտարկումների արդյունքները ցույց են տալիս հետևյալը։ 2009թ. մարտի 1-ին Վանաձորից Երևան մեկնել թե՛ երթուղային տաքսիներով, թե՛ միկրոավտոբուսներով հնարավոր չէր», – ասված է զեկույցում։
Հրապարակման հեղինակները նշում են, որ Վանաձորից Երևան ուղևորափոխադրումներ իրականացնող «Ոսկեթև» ՍՊԸ-ի միկրոավտոբուսները սովորաբար կանգնում են Վանաձորի «Ավտոկայանում», որտեղից շարժվում են մոտ 30 րոպեն մեկ հաճախականությամբ։ Այս գրաֆիկը երբեք չի խախտվում, ծայրահեղ դեպքում` միկրոավտոբուսների անսարքության կամ տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում դրանց փոխարինում են այլ միկրոավտոբուսներ։ Բացի միկրոավտոբուսները, նույն տարածքից Երևան են մեկնում նաև երթուղային տաքսիներ` թե անհատ վարորդների, թե հատուկ տաքսի ծառայությունների մեքենաներ։ Երթուղային տաքսիները տեղափոխում էին միայն օդանավակայան մեկնող ուղևորներին, ովքեր ցույց էին տալիս ինքնաթիռի տոմսերը։ Վանաձոր-Երևան ճանապարհին նույնպես իրավապահ համակարգի աշխատակիցները ստուգում էին ուղևորների տոմսերը։
«2009թ. մարտի 1-ին առավոտյան ժամը 11։00-ից մինչև երեկոյան 18։00-ն ընկած ժամանակահատվածում, թեև «Ոսկեթև» ՍՊԸ-ի միկրոավտոբուսները կանգնած էին իրենց տեղում, բայց Երևան չէին մեկնում։ «Ոսկեթև» ՍՊԸ-ի միկրոավտոբուսների շարժը համակարգող «Ավտոկայանի» համապատասխան աշխատակիցը այդ ամենը բացատրեց հետևյալ կերպ. «Մեքենաների պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, երեկոյան 17։00-ից, 18։00-ից հետո, երբ կվերջացնեն իրենց աշխատանքները, կմեկնեն Երևան»։ Միկրոավտոբուսների վարորդները տեղեկացրել են, որ Վանաձորից Երևան մեկնող միկրոավտոբուսներին իրավապահ համակարգի աշխատակիցները ետ են դարձնում», – նշված է զեկույցում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այդ խնդրի շուրջ զրուցել է Լոռու մարզպետի, Լոռու մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Վ. Գևորգյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Լոռու մարզային վարչության աշխատակից Գագիկ Մարիկյանի, ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի, ՀՀ ճանապարհային ոստիկանության հերթապահության աշխատակցի հետ։
«Մարզպետը պատասխանել է, որ միջմարզային համայնքների տրանսպորատային հարցերի կարգավորումն իր իրավասության շրջանակներից դուրս է։ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հերքել է՝ ասելով, որ նման բան հնարավոր չի։ Լոռու մարզային վարչության աշխատակից Գագիկ Մարիկյանն ասել է, որ կիրակի է, աշխատանքային օր չէ և իրենք չեն աշխատում։ լխավոր դատախազությունից ասել են, որ այդ խնդիրն իրենց չի վերաբերվում, բացի այդ. «Մենք Ձեր բանավոր խոսքի հիման վրա ոչինչ չենք կարող անել»», – հավելում է զեկույցը։
Որպես եզրակացություն Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նշվում է, որ, փաստորեն,
«ՀՀ գործող իշխանությունները կենտրոնացրեցին իրենց ջանքերը 2009թ. մարտի 1-ին Երևանում կայացած հանրահավաքին քաղաքացիների մասնակցության հնարավորությունը սահմանափակելու համար։ Նման քայլը մեկ ագամ ևս վկայում է այն մասին, որ հայաստանյան իշխանությունները ոչինչ չեն խնայում ուժի գնով իրենց անօրինական իշխանությունը պահելու համար։ Մինչդեռ, նույն իշխանությունը Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պարտավորություն է ստանձնել խաղաղ հավաքները պաշտպանել բոլոր նրանցից, ովքեր փորձում են խանգարել դրանք կամ խոչընդոտել դրանց անցկացմանը»։
Tert.am
Էջանիշներ