Իհարկե կարելի է 90–ական թվականներից սկսած ցանկացած ապօրինի, անմարդկային, ստոր, քստմնելի գործողության համար մեղադրել Տեր–Պետրոսյանին, ի՞նչ խոսք, դրանից էլ հեշտ բա՞ն։ Կարելի է նաև ամպագոռգոռ հայտարարություններ անել ջհուդամասոնական շարժումից, գաղտի գործակալներից, Սորոսի փողերից, ավելացնել համեմունքային բառեր՝ «ազգակործան», «դավադրություն», «պետական անվտանգություն» և այլն, վերջում էլ այս ամենի կողքին դնել «Լևոն» և ճաշը պատրաստ է։ Ու այս մտքի գոհարներից, այս «զալատոյ» մտքերից ոմանք իրենց աչքին մի տեսակ բարձրանում են, կուրծքը հպարտությունից սկսում է ավելի արագ բարձրանալ իջնել, բա ո՞նց, իրենք գտան այս ազգի դժբախտության պատճառը, գտան իրենց պրոբլեմների համար ում մեղադրեն, մաղձը թափվեց, ինքը զինքը դրսևորվեց, Հայ ազգի պանծալի զավակը ի ցույց դրեց իր հզոր աշխարհայացքը ի փառս իրեն և ժողովրդի։ Եվ չգիտեմ, թե բնածին կուրությունից, թե վախից, թե տգիտությունից, թե գիտակցական մակարդակից է, որ չենք նկատում, որ այս պրոբլեմներով պատրաստված ճաշի հեղինակը իրականում մենք ենք, մեր արատավոր գեներով, մեր էգոիզմով, մեր չուզողությամբ, մեր փոքրոգությամբ, մեր նախանձով, մեր անհագ ու անարդար ցանկություններով հանդերձ։ Եվ ահա գահավիժելիս էլ նույնիսկ շատերի աչքերը չեն բացվում ու չեն նկատում սեփական արատները ու էլի «Լևոն» են կրճտացնում, քանի որ սեփական խղճի առաջ չոքելու կարիքը չկա, գահավիժում ենք գլուխներս բարձր, մենք հպարտ ժողովուրդ ենք, մեզ Հայ են ասում։
Հ.Գ. Լևոնը քաղաքական գործիչ է, լիդեր, Հանրապետության Առաջին Նախագահը։ Նա ճառ է կարդում, մատնանշում է այս այն, վերլուծություններ է անում, կանխատեսումներ։ Բայց միևնույն է, մեր ապրելակերպը, մեր քաղաքական կուրսը ընտրում ենք մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։… Թե՞ այնուամենայնիվ Սորոսը… գուցե հենց ինքը՝ Սատանա՞ն։
Էջանիշներ