Հայտարարություն
Մարտի 1-ին կայանալու է հանրահավաք եւ երթ` ի հիշատակ մեկ տարի առաջ համաժողովրդական բողոքը ճնշելուն ուղղված ոճիրի հետեւանքով նահատակված մեր տասը համաքաղաքացիների: Առաջին անգամ նորանկախ պատմության ընթացքում Հայաստանի իշխանությունները հեղեցին սեփական ժողովրդի արյունը` խախտելով սահմանադրական կարգը, կազմակերպելով պետական հեղաշրջում եւ սեփական քաղաքացիների եղկելի սպանդ:
Այդ օրվանից սկսած իշխանությունները սանձազերծել են բռնաճնշումների մի լայնածավալ ալիք, որի նպատակն է կոտրել ժողովրդի կամքը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները եւ որեւէ իրական ընդդիմություն երկրում: Այդ նպատակով է, որ բանտերում շարունակում են պահել 58 քաղբանտարկյալներ, անցկացնել արդարադատությունը բռնաբարող պատվիրված դատավարություններ, արգելել եւ ցրել ցույցեր, երթեր, հավաքներ, քաղաքական դրդապատճառներով հետապնդել գործարարներին:
Չնայած այս ամենին, Շարժումը միայն հզորանում է: Իշխանությունների համար ժամանակն է հասկանալու, որ բռնաճնշումներով հնարավոր չէ կասեցնել Համաժողովրդական շարժումը, խեղդել ազատատենչ հայ ժողովրդի կամքը` կառուցելու ժողովրդավարական եւ բարեկեցիկ հայրենիք: Միակ ճիշտ ճանապարհը դա քաղբանտարկյալների ազատումն ու հակաժողովրդավարական բռնաճնշումների դադարեցումն է, որից հետո իշխանություները եւ ընդդիմություն պետք է երկխոսության միջոցով համատեղ լուծումներ փնտրեն ներքին քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Միայն հաշտեցման միջոցով եւ համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմագրավել երկրի առջեւ ծառացած բախտորոշ հիմնախնդիրները, մասնավորապես օրեցոր ահագնացող տնտեսական եւ սոցիալական ճգնաժամը:
Մարտի 1-ը կարող էր դառնալ ազգային հաշտության սկիզբ, եթե իշխանությունները ընտրեին այդ ճանապարհը: Ցավոք իշխանությունները բաց թողեցին այդ հրաշալի հնարավորությունը: Բայց մեր բոլորիս պարտականությունն է այնպես անցկացնել մարտի 1-ը, որ այդ ճանապարհը շարունակի բաց մնալ:
Մեր նպատակն է անցկացնել քաղաքակիրթ հանրահավաք եւ երթ` համապատասխան մեր իրազեկման հայտի եւ մենք օգտվելու ենք մեր սահմանդրական իրավունքից: Նորից կոչ ենք անում իշխանություններին եւ ոստիկանությանը` համատեղ ջանքերով եւ համագործակցությամբ ապահովել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ հանրահավաքի եւ երթի բնականոն եւ օրինական ընթացքը:
Հայ Ազգային Կոնգրեսի Կենտրոնական Գրասենյակ
Էջանիշներ