44 քաղբանտարկյալներ մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
՚Նախորդ տարվա մարտի մեկին իրենց արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին ջարդելուց ու սպանդի ենթարկելուց հետո, շուրջ մեկ տարի պետական հեղաշրջում իրականացրած իշխող հանցավոր վարչախումբը բազմապիսի ապօրինի միջոցների գործադրմամբ ջանք չխնայեց ընկճելու հանուն ազատության եւ հնարավորությունների հավասարությամբ ձեռք բերվող բարեկեցության համար պայքարող ժողովրդի եւ նրանց առաջնորդների վճռականությունը: Չստացվեց:
Հիմա էլ` 2009 թ.-ի մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին վարչախումբը իրեն հոգեհարազատ մեթոդներով` սկսած Երեւանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ, ընդհուպ մինչեւ նախորդ մարտի 1-ի կատարվածը կրկնելու սպառնալիքներ տարածելով, անում է ամեն ինչ կանխելու համար ձեր մասնակցությունը առաջիկա հանրահավաքին: Իրականում, սակայն, ոչ միայն չի մարսել մեկ տարի առաջ կատարած ապօրինությունը, այլ այն մնացել է իր իսկ կոկորդում, որից եւ խեղդամահ լինելով, չունի նույնը կրկնելու ոչ ռեսուրս, ոչ համարձակություն:
Սիրելի հայրենակիցներ, արհամարհեք ռեժիմի կողմից տարածվող կեղծ սպառնալիքները, մասնակցեք հանրահավաքին ու երթին, քանի որ դրանք ձեր անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքներն են, որով սահմանափակված է նույնիսկ պետությունը: Իշխանությունը ոչ միայն իրավունք չունի այն խոչընդոտել, այլեւ օրենքով պարտավոր է ստեղծել պայմաններ այդ իրավունքի իրացման համար:
Ուստի, բոլորիդ կոչ ենք անում` հաղթողի վճռականությամբ, միահամուռ մասնակցել նախորդ տարվա անավարտ օրինական հանրահավաքին.
-հանուն այն գործի ավարտի, որի համար կյանք տվեցին մեր ընկերները,
-հանուն այն բանի, որ բացահայտվեն եւ արդարության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի, դրան նախորդող ու հաջորդող ապօրինությունների նույն պատասխանատուները,
-հանուն նրա, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները եւ այսուհետ չլինեն այդպիսիք,
-հանուն` վարչախմբի կողմից ձեզ հայտարարված հարկային ու տնտեսական ճնշումներին դիմակայելու անհրաժեշտության:
Ուրեմն, մարտի 1-ի, ժամը 15:00-ին բոլորս դեպի Մատենադարան` միասին դիմավորելու հաղթանակի գարնան առաջին օրըՙ:
A1plus
Էջանիշներ