«Ժառանգություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի մարտիմեկյան հանարահավաքին մասնակցելու է ամենաբարձր մակարդակով։ Բացի կուսակցության հիմնադիր–առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից, որն այս պահին ԱՄՆ–ում է, Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հանրահավաքին մասնակցելու են «Ժառանգության» վարչության նախագահը, խորհրդարանական խմբակցության ղեկավարը, կուսակցության պատգամավորները։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
«Սա, կարծում եմ, համազգային հանրահավաք պետք է լինի, որովհետև ցանկացած քաղաքացի, որը մի փոքր մտահոգություն ունի պետության կայացման խնդրի վերաբերյալ և նաև իր անձնական անվտանգության վերաբերյալ, պետք է մասնակցի այս հանրահավաքին, որովհետև չլսված բան է տեղի ունել ՀՀ–ում՝ քաղաքացին խաղաղ բողոք իրացնելիս հարազատ պետության հարազատ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվել է, կամ սպանվել է, կամ վիրավորվել։ Սա անթույլատրելի է ցանկացած առումով՝ և՛ քաղաքական, և՛ բարոյական առումով»,– ասել է ԱԺ պատգամավորը։
Խորհրդարանական ընդդիմության ղեկավարը մարտիմեկյան հանրահավաքից այլ սպասելիքներ չունի, քան մարդկանց զգալի մասնակցությունը։ Մեր հարցին, թե արդյոք առաջիկա հանրահավաքը կուրվագծի ընդդիմության հետագա անելիքը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Թե ինչ կուրվագծի այս հանրահավաքը, կարծում եմ, կապված կլինի քաղաքացիների մասնակցությունից»։
Էջանիշներ