Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։
Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։ Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների խաղաղությունն են հայցում:
Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը` քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն տվյալ պահին պետական իշխանության ղեկին:
Սա այլեւս այն միակ բանաձեւն է, որ կարող է ապահովել Հայաստանի պետականության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը, եւ մենք պետք է առաջնորդվենք հենց այս ուղենիշով:
Ինչ խոսք, մենք մեզ մեղավոր ենք զգում մարտի 1-ի առնվազն տասը զոհերի առաջ, բայց մեղավորության այդ զգացումը մեզ պետք է մղի գործողությունների, ավելի հետեւողական ու ավելի կամային պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք այնպիսի Հայաստանի ձեւավորման համար, որտեղ բեսպրեդելն ու ամենաթողությունը, իշխանության չարաշահումն ու լկտիությունը, ապօրինությունն ու ժողովրդի կամքի նկատմամբ բռնացման փորձերը խեղդվում են հենց բնում, մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որը չի տենչում սեփական զավակների արյունը։ Նման Հայաստանի երաշխավորը կարող է լինել միայն ժողովուրդը, այնպիսի քաղաքացին, որը հասկանում է, որ ինքը բարձրագույն իշխանություն ու տնօրեն է սեփական երկրում եւ ի վիճակի է իրացնել այդ իշխանությունը:
Մենք «ոչ» ենք ասել օլիգարխիական բեսպրեդելին եւ իշխանական ամենաթողությանը, մենք «ոչ» ենք ասել հանրային անտարբերությանն ու վախկոտությանը եւ պարտավորվել ենք մեր երեխաներին փոխանցել արժանապատիվ կյանք ու իրականություն:
Մենք հավատարիմ ենք այս պարտքին, եւ դրա իրագործման ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ եւ անմնացորդ ենք նվիրված այդ պայքարին։
Եւ ուրեմն`
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։
Ամփոփելով խոսքս` ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել ակտիվորեն ու վճռականորեն մասնակցել Հայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին:
Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է` պայքար, պայքար մինչեւ վերջ։
Էջանիշներ