Մի սանրի կտավներ
«Նախորդ» եւ «ներկա» իշխանությունների համեմատությունները հաճախ են արվում, չնայած ինչքան էլ վերլուծես, միեւնույն է՝ պարզ է, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում որեւէ իշխանություն առանձնապես «բարի պտուղ» չի: Ավելի հետաքրքիր է համեմատել մեր երկրում «ներկա» եւ «նախորդ» ընդդիմությունները:
Եվ այսպես, ո՞ւր են հիմա Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Վահան Հովհաննիսյանը, Կիմ Բալայանը, Գառնիկ Իսագուլյանը: Եթե փորձենք ընդհանրացնել նրանց ճակատագիրը, ապա կարելի է ասել, որ, անկախ այն հանգամանքից՝ ունեն նրանք պաշտոն, թե ոչ, այդ գործիչներից յուրաքանչյուրը վերցրել է «ներկա» իշխանությունից իրեն հասանելիք պատառը ու քաշվել է իր անկյունը: Եթե նրանց ձայնը լսվում է, ապա շատ տաք տեղից՝ «կայունամետ ու պետականամետ» դիրքերից՝ «ատելության եւ չարության դեմ»: Իբր իրենք շատ բարի էին, երբ զբաղվում էին ընդդիմադիր գործունեությամբ: Ո՞ւր են այն հեռագրասյուները, որոնց վրա պարոն Իսագուլյանը պատրաստվում էր կախել «նախորդ» իշխանություններին: Չկան, վերածվել են պետականության սյուների:
Հիմա հարց տանք՝ արդյոք այն թերությունները, որոնց դեմ կոկորդ պատռելով պայքարում էին վերոհիշյալ անձինք՝ մեր երկրում վերացե՞լ են: Կամ գուցե նկատվում է ինչ-որ դրական դինա՞միկա: Այս 10-13 տարում մեր երկիրն ավելի ժողովրդավա՞ր է դարձել: Ընտրությունները ավելի քի՞չ են կեղծվում: Գուցե կոռուպցիա՞ն է պակասել: Կամ խորհրդարանի մտավոր պոտենցիա՞լն է բարձրացել: Այդ հարցերի պատասխանները հայտնի են: Բա ինչո՞ւ այդ մարդիկ այլեւս ձայն չեն հանում: Այստեղից ես կարո՞ղ եմ հետեւություն անել, որ 90-ականներին նրանք պայքարում էին ոչ թե սկզբունքների կամ գաղափարների, այլ աթոռների եւ նյութական բարիքների համար, որոնք ստանալուց հետո՝ լռեցին: Երեւի՝ կարող եմ:
Այժմ դառնանք այսօրվա ընդդիմությանը: Վերջինս, հավանաբար, պետք է հասարակությանը ազդանշաններ տա, թե որակապես տարբերվում է «նախորդ» ընդդիմությունից: Մասնավորապես՝ ավելի ժողովրդավար է, ավելի հանդուրժող, կիրթ, գաղափարական: Ցավոք, ես նման ազդանշաններ չեմ տեսնում: Իհարկե, բովանդակային առումով «ներկա» ընդդիմության ասածը 90%-ով ճիշտ է: (Նույնքան ճիշտ էր «նախորդ» ընդդիմության քննադատությունը): Իսկ ձեւի առումով նրանք նույնն են՝ նույն հիստերիան, նույն շանտաժը, նույն հայհոյանքները:
Առաջ գոնե Աշոտ Մանուչարյանն էր հայհոյում, որը, իր բոլոր թերություններով հանդերձ, գոնե վաստակ ունի ղարաբաղյան շարժման եւ պետության կայացման գործում: Հիմա հայհոյում են ինչ-որ անհայտ լակոտներ: Պատկերացնում եմ, ինչ են նրանք անելու, երբ գան իշխանության: Իսկ դա վաղ թե ուշ տեղի կունենա՝ ոչինչ այս աշխարհում հավերժ չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://new.aravot.am/am/home/archive/0/view/2009-02-11
Էջանիշներ