ԿԱՄՔ, ԴՈՒԽ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲՌՈՒՆՑՔՆԵՐՀայ ազգային կոնգրեսի` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը էական սպասումներ ու ակնկալիքներ է առաջացրել հանրության շրջանում։ Ակնկալիքներ ունեն ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի համակիրները, այլեւ քաղաքական այս միավորման գործունեության հետ որոշակի հույսեր կապող շերտեր։ Եթե փորձենք առանձնացնել, ձեւակերպել եւ դասակարգել այդ ակնկալիքները, կպարզվի, որ դրանք կարող են ծայրահեղորեն տարբեր լինել, ընդհուպ` ուղղակի կապ չունենալ Հայ ազգային կոնգրեսի եւ նրա առաջադրած նպատակների հետ։ Ոմանք այդ հանրահավաքից ակնկալում են նախագահական նստավայրի գրոհ եւ իրադարձությունների զարգացման որեւէ այլ սցենար անիմաստ են համարում։ Ոմանք` սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, ակնկալում են, որ այդ հանրահավաքը կհանգեցնի իրենց պրոբլեմների լուծմանը կամ մեղմացմանը։ Օրինակ` հանրապետության տաքսու վարորդները հույս ունեն, որ մարտիմեկյան հանրահավաքը կամ դրանից առաջ ստեղծված վիճակը իշխանություններին կստիպի իրենց դարձյալ ժամանակ տալ` սովորական պետհամարանիշերով ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնելու։ Տոնավաճառների աշխատակիցները հույս ունեն, որ այդ հանրահավաքի արդյունքում կառավարությունը կրկին կմեղմացնի իր դիրքորոշումը տոնավաճառներում առեւտուր անողների հարկման մեխանիզմների հարցում։ Փակված գործարանների աշխատակիցները հույս ունեն, որ իշխանությունները, վախենալով քաղաքական իրադարձությունների հետագա լարումից, միջոցներ կձեռնարկեն` վերաբացելու համար իրենց աշխատատեղերը։ Կարճ ասած` ստեղծվել է մի վիճակ, երբ հանրության ամենալայն շերտերը շահագրգիռ են մարտի 1-ի հանրահավաքով. ոմանք ուզում են, որ այդ հանրահավաքը իշխանության վերջը դառնա, իսկ ոմանք էլ ուզում են, որ իշխանությունը այդ հանրահավաքի տպավորության տակ անի գործողություններ, որ պիտի աներ, բայց չի արել այս ընթացքում։ Եւ եթե հիմք ենք ընդունում այս բազային տեղեկատվությունը, ակնհայտ է դառնում, որ բոլոր հիմքերը կան` ակնկալելու, որ մարտի 1-ի հանրահավաքը լինի տպավորիչ բազմամարդ, անսպասելի բազմամարդ։ Այն, որ իշխանությունը պիտի ամեն ջանք գործադրի, որ նման բան տեղի չունենա, հասկանալի է։ Թե ինչ միջոցներ են նրանք կիրառելու կամ կիրառում այս նպատակին հասնելու համար` հայտնի է ի սկզբանե։ Ահա այս իրավիճակում շատ կարեւոր է այն մարտավարությունը, որ Հայ ազգային կոնգրեսը կվարի նախահանրահավաքային այս շրջանում։ Կարեւոր է, որ Կոնգրեսը հստակ ցուցադրի, որ ինքը ընդունում եւ մարսում է բոլոր այն ուղերձները, մեսիջները, որ հանրությունը հղում է իրեն։ Իսկ այդ ուղերձները, ինչպես նշեցի, բազմաթիվ են եւ բազմազան` սկսած նախագահի նստավայրի գրոհից, մինչեւ Ղարաբաղի հարց, սոցիալական բունտից` մինչեւ քաղաքացիական անհնազանդություն, հուսահատությունից` մինչեւ խանդավառություն։ Հայ ազգային կոնգրեսը պետք է ցուցադրի, որ բոլոր այդ ուղերձները հասել են իրեն, մարսվել են իր կողմից։ Իհարկե, սա չի նշանակում, թե Կոնգրեսը պետք է այդ ուղերձները ավտոմատ կերպով վերարտադրի կամ տրվի դրանց։ Ընդհակառակը, բոլոր այդ` ծայրահեղորեն իրարից տարբեր ուղերձները, ձգտումները պետք է խմորված երեւան մեկ խառնարանում, եւ այդպիսով Կոնգրեսը պետք է դառնա այդ ամենը հավասարակշռող, հաշտեցնող ուժ։ Հանրության այդ բազմապիսի շերտերը նաեւ պետք է հստակ արձանագրեն, որ Կոնգրեսը պատրաստ է սպասարկել այդ ցանկությունները, մղումները, իհարկե` որոշակիորեն վերաձեւակերպված, հավասարակշռված, քաղաքականացված եւ քաղաքական հարցերի վերափոխված։ Եթե այսպիսի կոնտակտ տեղի ունենա, հանրահավաքի կազմակերպչական հարցը կարելի է համարել լուծված։ Բայց այս ֆոնին շատ վտանգավոր են մարտի 1-ի հանրահավաքը մեկ տարի առաջ այդ օրը տեղի ունեցած ողբերգության զոհերի հուշ-երեկոյի տրամաբանության մեջ տեղավորելու փորձերը։ Ինչ խոսք, այդ օրը պետք է հարգանքի հատուկ տուրք մատուցվի մեր զոհված եղբայրների հիշատակին, բայց նրանց հիշատակը հարգելու ցանկացած ձեւ անհեթեթ է, եթե սպանությունների հեղինակները բացահայտված չեն, իսկ որ սպանության հեղինակները այս իշխանության օրոք չեն բացահայտվելու, կարծում ենք, պարզից էլ պարզ է։ Այնպես որ, մարտի 1-ի հանրահավաքը պետք է տեղավորվի ոչ թե տարելիցի, այլ քաղաքական եւ քաղաքացիական պայքարի նոր հանգրվան-հարթակի հստակ տրամաբանության մեջ։
Իսկ ընդհանրապես, Հայ ազգային կոնգրեսը այդ հանրահավաքից առաջ պետք է պատասխան ուղերձներ հղի հանրությանը։ Իսկ սա նշանակում է, մարտի 1-ի նախընթաց շրջանում Երեւանի փողոցներում կրկին պետք է լսվեն իրազեկող եւ ուղղակի իրենց քաղաքացիական խոսքը ասող ակտիվիստների ձայները։ Ընդ որում, խնդիրը տվյալ դեպքում բացարձակապես ինֆորմացիոն չէ։ Հիմա կարելի է վստահորեն ասել, որ Հայաստանի հանրության մեծագույն մասը իրազեկված է հանրահավաքին։ Եթե անգամ իրազեկված չէ` կիրազեկվի. բավական է միայն շարժման յուրաքանչյուր ակտիվիստ իր շփման միջավայրում տարածի հանրահավաքի ժամի եւ վայրի մասին տեղեկատվությունը։ Քաղաքացիական ոչ զանգվածային ակցիաները ուրիշ ուղերձ ունեն հղելու հանրությանը` հավաստիացնել, ցուցադրել, ապացուցել, որ Հայ ազգային կոնգրեսը ունի բավարար քաղաքական կամք, հետեւողականություն եւ, որ կարեւոր է, թերեւս` ամենակարեւորը` ունի «ԴՈՒԽ»` հանրության ամենատարբեր շերտերի քաղաքական եւ քաղաքացիական շահերը սպասարկելու, ներքաղաքական ճգնաժամի մոտալուտ հանգուցալուծմանը հասնելու համար։ Ինչ խոսք, իշխանությունները բերման են ենթարկելու ակտիվիստներին, բայց բերման ենթարկվածները հաջորդ օրը պետք է իրականացնեն նույն ակցիան, եւ այդ ակցիային պետք է միանան բազմաթիվ բերման չենթարկվածներ` բերման ենթարկվելու պատրաստակամությունը դեմքներին դաջած։ Մարտի 1-ի հանրահավաքից առաջ Երեւանը պետք է ողողվի մինչեւ հարյուր հոգանոց խմբերով, որոնք միանգամայն օրինական հիմքերով մինի երթեր եւ ակցիաներ պետք է անցկացնեն մայրաքաղաքում եւ, հնարավորության դեպքում, նաեւ մոտակա մարզերում։ Հայ ազգային կոնգրեսը պետք է հստակ ցուցադրի, որ պատրաստ է վերստին անցնել շուրջօրյա հանրահավաքների` եթե հանրությունը այդօրինակ հստակ կամք եւ պատրաստակամություն ցուցադրի։ Հանրության անդամները, յուրաքանչյուր քաղաքացի` պետք է դադարեցնեն տրտնջալու գործելակերպը եւ մարտի 1-ին, թեկուզ ամենածանր փորձությունները հաղթահարելով, պետք է ներկայանան հանրահավաքի։ Հայ ազգային կոնգրեսը պետք հոգեբանորեն եւ տեխնիկապես պատրաստ լինի` թեկուզ հենց մարտի 1-ի հանրահավաքը հընթացս շուրջօրյա գործընթացի վերածելու։ Պարտադիր չէ, որ այդ որոշումը կայացվի, բայց Կոնգրեսը պետք է այդ որոշումը կայացնելուն պատրաստ լինի հոգեբանորեն եւ տեխնիկապես, եւ որոշում չկայացնելու միակ պատճառը կարող է դառնալ քաղաքացիների պասիվությունը։ Բայց եթե քաղաքացիները համոզված լինեն, որ Կոնգրեսը ներքուստ պատրաստ է նման որոշում կայացնել, կդրսեւորեն առավելագույն ակտիվություն։ Իսկ այդ պատրաստակամությունը պետք է երեւա Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների արտասանած ամեն բառի եւ նախադասության տակից։ Մյուս կողմից, մարտի 1-ի հանրահավաքը կարող է չվերածվել շուրջօրյա միջոցառման, եթե անգամ դրա համար լինեն բոլոր պայմանները։ Բայց այդ հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից պետք է այդտեղից հեռանա հստակ համոզմունքով, որ Կոնգրեսը ունի կամք, դուխ, ուժ, վճռականություն եւ հաստատակամություն` իր առաջ դրած խնդիրները լուծելու համար։ Եւ հարթակից արտասանվող ամեն բառ, ամեն նախադասություն պետք է հենց սրա վկայությունն ու ապացույցը դառնա։ Մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ։
Հ.Գ. Ամբողջովին կիսում եմ Ժիրայր Սեֆիլյանի` փետրվարի 7-ի «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրած հոդվածի շեշտադրումները։ Ուզում եմ նկատել միայն, որ այն պնդումը, թե Կոնգրեսում ներգրավված ուժերի գաղափարական տարաձայնությունները պետք է քննարկել ավազակապետության տապալումից հետո միայն, կարող է մի տեսակ անհանգստացնող հնչել հանրության համար։ Չեմ կարծում, սակայն, թե այստեղ անհանգստանալու բան կա, որովհետեւ ուշադիր վերլուծությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է դարձնում, որ Հայ ազգային կոնգրեսում ներգրավված ուժերը չունեն անհաղթահարելի գաղափարական տարաձայնություններ` անգամ Ղարաբաղի հարցում։ Համոզմունք ունեմ, որ համատեղ պայքարի այս ժամանակաշրջանում Կոնգրեսում ներգրավված ուժերը փոխադարձաբար գաղափարական ազդեցություններ են գործել միմյանց վրա, այնպես որ` չեմ զարմանա, եթե արդյունքում բոլորին միավորող ընդհանրական գաղափարախոսություն ծնվի։ Բայց սա բոլորովին ուրիշ խոսակցություն է, որ հնարավոր կլինի վարել մարտի 1-ի խնդիրը լուծելուց հետո։ Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` բազմիցս արտահայտած մտահոգությանը, թե Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանում ստեղծված լարվածությունից` Ղարաբաղի հարցը ուժով լուծելու համար, այս հարցը նույնպես լուծում ունի։ Առաջին նախագահը արդեն ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում իր քաղաքական համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Ադրբեջանում ահագնացող ռազմաշունչ տրամադրությունների եւ այդ երկրում հնչող ռազմատենչ կոչերի ֆոնին առաջին նախագահի ասածին պետք է հետեւի երկրորդ քայլը. կարծում եմ` ամենեւին անպատեհ չի լինի, եթե Հայ ազգային կոնգրեսը հենց այսօրվանից սկսի իր այն համակիրների ցուցակագրումը, ովքեր կպարտավորվեն Ղարաբաղում պատերազմի բռնկման դեպքում ոչ միայն դադարեցնել ներքաղաքական պայքարը, այլեւ որպես կամավոր մեկնել ռազմաճակատ։ Այսինքն` առաջարկում եմ հենց այսօրվանից սկսել Հայ ազգային կոնգրեսի կամավորականների ցուցակների կազմումը` հնարավորության դեպքում նաեւ ջոկատների, վաշտերի, գումարտակների ձեւավորումը։ Ինքս այսպիսով անդամագրվում եմ այդ ցուցակին։ Կարծում եմ` կամավորականների այսօրինակ ցուցակի, կառույցի ձեւավորումը որոշակիորեն կփակի ադրբեջանցիների ռազմատենչ ախորժակը եւ մեզ ավելի վստահ կդարձնի մեր քաղաքացիական պայքարում. մենք ստիպված չենք լինի մեր պայքարի հետագա ընթացքը կապել Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, որովհետեւ պատրաստ կլինենք անհրաժեշտ պահի դադարեցնել ներքաղաքական պայքարը եւ արագ օգնության հասնել Ղարաբաղին. «Հայ ֆիդայի~ներ, ջան ֆիդայի~ներ` ձեր մայրե~րը ձեզ ղուրբա~ն/ Մշո սուլթան Սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան…»
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Փետրվար 11, 2009
Էջանիշներ