ՀՀ նախագահի ընտրություններից ուղիղ մեկ տարի հետո` այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մի քանի տասնյակ ոստիկաններ սպասում էին ՚Հատուկ գունդՙ շարժման անդամներին: Ոստիկանների մի մասն էլ սպասում էր ավտոմեքենաների մեջ: Նրանց ղեկավարում էին Երեւան քաղաքի պարեկա-պահակային ծառայության գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերի Օսիպյանը:
՚Հատուկ գունդՙ երիտասարդական շարժումն այսօր պիկետ եւ բեմադրություն էր նախատեսում անցկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առաջ:
Ժամը 14:20-ի սահմաններում շուրջ 40 երիտասարդներ ցուցապաստառներով ու եռագույն դրոշները ձեռքերին, անձայն շարժվում էին Կորյուն փողոցով դեպի ԿԸՀ: Սակայն երիտասարդները ընդամենը մի քանի քայլ էին արել, երբ ոստիկանները արգելեցին առաջ գնալ:
Երիտասարդների այն հայտարարությունից հետո, թե իրենք ընդամենը 40 հոգի են եւ իրավունք ունեն երթ անելու, Ռոբերտ Մելքոնյանը առաջինը երիտասարդներից խլեց ցուցապաստառներից մեկն ու կոտրեց: Նրան հետեւեցին մյուս ոստիկանները եւ հետ հրեցին երիտասարդներին, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Միայն այն պահին, երբ իրավապահները սկսեցին հրել, ակցիայի մասնակիցները սկսեցին հետ գնալ եւ վանկարկել. ՚Սերժիկ, հեռացիրՙ, ՚Ամոթՙ:
Ոստիկանները, հրելով երիտասարդներին, մտցրեցին Հայ ազգային կոնգրեսի` Կորյունի փողոցում գտնվող շենք:v
ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը Ռոբերտ Մելքոնյանից փորձեց ճշտել, թե ինչու են հրում երիտասարդներին եւ կոտրում ցուցապաստառները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան սկսեց հրել նաեւ Արամ Մանուկյանին: Բոլորին հրելով շենքից ներս` փակեցին դուռը: Լսվեցին փոխադարձ հայհոյանքներ, ոստիկանները սկսեցին հրել նաեւ աղջիկներին: Խանգարեցին նաեւ լրագրողների աշխատանքը:
Միայն Կոնգրեսի ներկայացուցիչների ներքեւ իջնելուց եւ միջամտելուց հետո Վալերի Օսիպյանը ասաց. ՚Ո՞վ եք, վաբշե դուք, անմակարդակներին գնացեք դաստիարակեք ՙ:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ռոբերտ Մելքոնյանից պահանջեց այն փաստաթուղթը, որը ոստիկաններին իրավունք էր տալիս ցրել ակցիան: ՚Որոշումը ցույց տվեք, որ եկել հարձակվել եք երիտասարդների վրա: Կամ կոտրում եք նրանց ցուցապաստառներըՙ,- ասաց Զարուհի Փոստանջյանը, իսկ Ռոբերտ Մելքոնյանը հերքեց, թե ինքը նման բան է արել: ՚Անձամբ տեսել եմ, թե ինչպես եք կոտրումՙ,- վստահեցրեց ԱԺ պատգամավորը: Սակայն Մելքոնյանը պատասխանեց. ՚Գալյուցինացիայի մեջ եք, տենց բան չի եղելՙ: (՚Ա1+ՙ-ի կադրերում պարզ երեւում է, թե ինչպես է Ռոբերտ Մելքոնյանը կոտրում ցուցապաստառը-խմբ):
Ի դեպ, երիտասարդներն այսօր պատրաստվում էին Սերժ Սարգսյանի նկարով թռուցիկներ` 5000 դրամանոցներ բաժանել, որտեղ գրված է. ՚ 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ շատերը, վերցնելով 5000 դրամը, առանց գիտակցելու դրա վտանգի լրջությունը, ընտրեցին կեղծիքներ, բռնություն, մարտի 1, քաղբանտարկյալներ, ոչ լեգիտիմ իշխանություն
Եթե դուք գտնում եք, որ այդ արարքն իրոք սխալ էր, ապա պատռեք եւ դեն նետեք այս 5000-անոց սերժադրամըՙ:
Էջանիշներ