շարունակություն
Ու երբ ես իմ ճանապարհորդությունն այս քաղաքում ավարտեցի, ես արդեն ստացել էի այն ամենը, ինչը ինձ պետք էր: Ու ես նորից գնացի այն բակը, որի տաղավարում նստած բանավիճում էին այն երկու պատկառելի գիտնականները:
Ես գնացի ու նստեցի այնտեղ, որտեղ նստել էի նախորդ անգամ: Ու էլի կես ժամ լուռ լսեցի բանավեճը, որն էլի գետաձիու կնճիթների մասին էր: Ապա նախորդ անգամվա նման կտրեցի նրանց.
- Ներեցեք, բայց գետաձին կնճիթ չունի:
Նրանք երկուսով ապշած նայեցին ինձ՝ ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ: Ապա նրանցից մեկը սկսեց քահ-քահ ծիծաղել, իսկ երկրորդը հարցրեց.
- Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ գետաձին կնճիթ չունի: Այ, մենք վիճում ենք նրա կնճիթները երկու՞սն են, թե՞ ավելին: Այսինքն առնվազն երկուսի գոյությանը ոչ մեկս չի կասկածում ու դա ապացուցում ենք մեր խոսքում: Իսկ դուք կարո՞ղ եք որևէ փաստարկ բերել, որ գետաձին կնճիթ չունի:
- Այո՛, իհարկե կարող եմ, - պատասխանեցի ժպտալով: - Ամբողջ խնդիրն այն է, որ դուք գիժ եք, պարոնայք, այլ ոչ թե գիտնականներ: Ու գետաձիու կնճիթը միայն ու միայն ձեր երևակայության արդյունքն է: Ի դեպ, դուք հիմա տաղավարում չեք նստած, այլ գժանոցի ձեր պալատում: Ու բժիշկներն այստեղ փորձում են ձեզ բուժել:
Երևի թե շատ դաժան էի ու չէր կարելի այսպես միանգամից ամեն ինչ ասել, բայց սա իմ որոնումների վերջին հանգրվանն էր ու ես բոլոր հարցերին պետք է վերջնական պատասխան ստանայի:
Որքան էլ տարօրինակ է, իմ ասածները նրանց տարօրինակ չթված ու չհուզեց: Նրանք երկուսն էլ քմծիծաղ տվեցին, ապա նրանցից մեկը ասաց.
- Դուք ինքներդ ձեր ասածներին հավատու՞մ եք: Նայեք ձեր չորս կողմը, բաց տարածություն է, իսկ գժանոցի պալատը, ինչպես գիտեք պատեր է ունենում: Դուք ի՞նչ է, այստեղ պատե՞ր եք տեսնում: Կամ ու՞ր են ձեր բժիշկները, դուք այստեղ բժիշկ տեսնու՞մ եք:
Ու երկուսով հաղթական նայեցին ինձ, կարծես թե միանշանակ ապացուցել էին իրենց տեսակետը: Բայց հանդիպեցին իմ խղճահարված հայացքին:
- Դուք Աստծուն էլ չեք հավատա, - նետեցի ես ու վեր կացա, վերջին հայացքով տեսնելով նրանց շփոթված ու խեղճացած կերպարանքը:
Հանկարծ աչքիս առաջ չքացավ տաղավարն ու աճեցին պատերը, սպիտակ պատերը, ինձ ու այդ երկուսին թողնելով մի փոքր ու փակ տարածության մեջ: Աչքիս առաջ նրանց կոստյումները փոխվեցին հիվանդների զոլավոր զգեստով, անհետացան ակնոցները ու նրանց դեմքի լուրջ ու փիլիսոփայական արտահայտությունը... ու նրանց հայացքներից զգացի, որ այս դաժան փոփոխությունը նրանք էլ նկատեցին:
Ես ինքս շփոթված իմ արած դաժանությունից որոշեցի փախնել ու բացելով պալատի դուռը դուրս եկա, ապա մտա հաջորդ պալատ:
Այն երկուսն այստեղ դեռ նարդի էին խաղում միայն թե այս անգամ լսելի էր միայն ու միայն նրանց թուրքերեն խոսքերը.
- Փանջ ու դու:
- Իքի բիր:
Իսկ զառի ու նարդու քարերի շրխկոցի ձայնը չէր լսվում... ու չէր էլ կարող լսվել, որովհետև այս երկուսը նստած էին իրար դեմ դիմաց դրված մահճակալներին, իսկ նրանց միջև նարդի չկար: Նրանք խաղում էին օդի մեջ, խաղում իրենց երևակայած նարդին, ոչ մի վայրկյան չշփոթվելով, նույն կերպ տեսնելով զառերն ու խաղաքարերը... այն ժամանակ ես էլ էի տեսնում: Ու հիմա ո՞վ կարող է ասել, որ այն, ինչը հնարավոր չէ տեսնել, շոշափել կամ զգալ, իրականում գոյություն չունի: Եթե չունի, ապա ինչպե՞ս են տեսնում այս երկուսը, ու մի ժամանակ ես էլ... երևի մենակ մի քիչ հավատալ ու երևակայություն է պետք, ուրիշ ոչինչ: Իսկ այդ նարդին գոյություն ուներ, այն կար, այս երկուսի միջև է... ու բոլորովին նշանակություն չունի, որ շոշափելի չէ:
Ես տխուր ժպտացի ու դուրս եկա այս սենյակից էլ: Իմ գիտական աշխատանքը աչքիս առաջ էջ առ էջ հերքվում, անէանում, հալվում ու կորում էր:
Միջանցքում ինձ մոտեցավ քույրն ու ուղեկցեց մի ընդարձակ սրահ: Բժիշկների խորհուրդն այստեղ հավաքվել էր, իմ հարցը վճռելու: Նրանք պիտի տեսնեին, բուժվել եմ, թե ոչ:
- Ես ապրում էի երևակայական աշխարհում, - սկսեցի պատմել ես: - Այն ժամանակ այս գժանոցը որպես մի հսկայական քաղաք էի պատկերացնում ու ինձ այդ քաղաքի մի պատահական այցելու: Ես տեսնում էի մի բան, պատկերացնում ուրիշը: Ես հորինում էի ամեն ինչ ու հավատում հորինածներիս: Հիմա ամեն ինչը պարզ տեսնում եմ: Օրինակ երբ առաջին անգամ մտա ձեր մոտ, ինձ թվում էր, թե բժիշկների մեծ կոնֆերանս է իսկ ես հատուկ գիտական նյութի զեկուցող: Հիմա ես գիտեմ, որ դուք իմ հարցը քննող հանձաժողովի անդամներն եք:
Ինձ դուրս հրավիրեցին սենյակից: Քիչ անց եկավ քույրն ու ինձ ժպտալով ուղեկցեց հարևան սենյակ, որտեղ տվեց իմ շորերն ու ասաց, որ ինձ դուրս են գրում, քանզի առողջացել եմ: Ժպտացի ու համբուրեցի քրոջ ձեռքը: Նա դուրս եկավ, ես փոխեցի հագուստս ապա դուրս գալով սենյակից ուղևորվեցի դուրս:
Դուրս գալիս միջանցքում տեսա մի քսանամյա աղջկա, ով դեռ նույն դիրքով նստած, զոլավոր հագուստը ետ տված ու կուրծքը բաց դեռ «կերակրում էր» իր երևակայական զավակին: Աչքերս նորից լցվեցին: Եվ ո՞վ է որոշում, որ այս աղջիկը հոգեկան հիվանդ է, ո՞վ է որոշում, որ հենց նրա տեսածը չի ճիշտը: Միթե եթե մայրանալու անզուսպ ձգտումից դրդված ինքն իր համար զավակ է հորինել, սիրել ու սիրում է նրան, կերակրում ու փայփայում, խնամում է այսքան հոգատար, ուրեմն ինքը հոգեկան հիվանդ է: Միթե՞ չի կարելի պարզապես թողնել որ «մայրացած» աղջիկը երջանիկ ապրի:
Դուրս եկա... մեքենա նստելուց առաջ նայեցի ժանգոտ դարպասներին, որոնք այստեղ գալիս մի մեծ քաղաքի հզոր դարպասներ էի պատկերացնել, ապա մեքենա նստեցի ու վարդորդին ասացի տանս հասցեն:
Տասնամյա աղջիկս տանը թռավ գիրկս ու նրա աչքերից արցունքներ էին հոսում.
- Հայրի՛կ, արդեն առո՞ղջ ես, - հարցրեց արցունքների մեջից:
Իսկ ես այդքան ժամանակ չէի հիշել նրանց՝ ապրելով իմ երևակայական աշխարհում: Նայեցի կնոջս, ով հենվել էր դռան շրջանակին իսկ աչքերից արցունքներ էին հոսում: Նայեցի փոքրիկիս՝ հնգամյա տղայիս, ով կպել էր մոր փեշին ու կիսավախեցած ինձ էր նայում:
- Հա՛, աղջիկս, ամեն ինչ անցավ, - ասացի, համբուրելով դստերս աչքերը:
- Գնանք հաց ուտելու, - մեղմ ձայնով կանչեց կինս:
- Հիմա, գնամ ատենախոսությանս հարցերը վերջնական լուծեմ ու գամ, - պատասխանեցի կնոջս՝ նկատելով նրա աչքերի սարսափը:
Մտա իմ աշխատասենյակ: Գրասեղանը դատարկ էր: Նրա վրա չկար իմ գիտական աշխատանքը, որի գոյությանը ոչ մեկը չէր հավատում ու ասում էին, որ խելագարվել եմ: Աչքերս թարթեցի ու սեղանը նորից կորացավ երևակայական թղթերի ու գրքերի ծանրության տակ: Վերցրեցի երևակայական թղթերն ու տարա պատշգամբ: Փողոցի անցորդները զարմացած նայում էին պատշգամբում տարօրինակ շարժումներ անող մարդուն, իսկ ես իմ երևակայական թղթերն էի այրում, որոնք իրականում գոյություն չունի:
Միթե՞ կարելի է այս երևակայական թղթերի համար, թեկուզ և դրանք գոյություն ունեն, անտեսել ընտանիքը, կնոջը, երեխաներին... դառնացած մտածում էի ես ու գերագույն հաճույք ստանում յուրաքանչյուր երևակայական թուղթն այրելիս:
Հանկարծ զգացի, որ կողքիս մարդ կա: Նայեցի, փոքրիկս էր՝ հնգամյա տղաս: Վախեցած նայում էր, թե ինչ տարօրինակ շարժումներ եմ անում: Ժպտացի: Հանկարծ աչքերում ուրախ փայլ հայտնվեց ու ինքն էլ ժպտաց:
- Հայրիկ, թղթերդ ես վառու՞մ, - հարցրեց ուրախ:
07.02.2009թ.
Էջանիշներ