Դու Աստծուն էլ չես հավատա
Թե ինչպես հասա այս քաղաք, պարզապես չգիտեմ, չեմ հիշում: Գուցե բարեկամներիցս ինչ-որ մեկն ինձ խորհուրդ էր տվել գալ այստեղ՝ ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար: Բացառված չի, որ ուղղակի մտքերիս մեջ տարված, մտածելով գիտական աշխատանքիս մասին, գցել-բռնելով այն ավարտելու ուղղությունս, քայլելով դուրս եմ եկել հայրենի քաղաքից, առանց դա նկատելու ու ժամեր, գուցե օրեր շարունակ քայլելով հասել եմ այստեղ: Հնարավոր է անգամ, որ նստել եմ տաքսի, ու երբ վարորդն ինձ հարցրել է. «Ու՞ր ենք գնում», ասել եմ «ուր ուզում ես՝ քշիր», ինքն էլ այս քաղաքից է եղել ու բերել ինձ իջեցրել է քաղաքի դարպասների մոտ: Չգիտեմ, իսկապես չեմ հիշում ու թերևս էական էլ չի, թե ինչպես հասա այս քաղաք: Գիտեմ, որ դարպասներից ես ներս մտա լրիվ ուրիշ աշխարհ, որտեղ խտացված էր ողջ աշխարհն՝ իր բոլոր դժբախտություններով ու երջանկություններով: Ես երկար ապրեցի այս քաղաքում, հեռու իմ ընտանիքից, զավակներից, կնոջիցս ու ողջ ընթացքում չհիշեցի նրանց, որովհետև այստեղ ինձ համար հրաշալի հնարավորություն էր բացվել գիտական աշխատանքիս, դոկտորական ատենախոսությանս համար բացառիկ հետազոտություններ անցկացնել:
Քաղաքում ապրածս յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը ու յուրաքանչյուր րոպեն արժանի է իր մասին գրելու ու պատմելու համար: Բայց դա շատ երկար կտևի ու ընթերցողիս թույլտվությամբ ես կպատմեմ միայն այն դեպքերի մասին, որոնք առանձնահատուկ տպավորություն են թողել իմ վրա, յուրաքանչյուրը դառնալով կյանքը ներկայացնող մի կտավ ու մնալով հուշերիս մեջ:
Առաջին փողոցը, որով անցնում էի քաղաք մտնելիս, աչքի ընկավ իր գարշահոտությամբ ու աղտոտությամբ, աղքատությամբ: Այստեղ վազվզում ու խաղում էին մրոտ դեմքերով մանուկներ, որոնց գանգուր մազերը չէր հասկացվում, շեկ են, թե սև, որովհետև ոչ մի կերպ չէր հասկացվում, թե այդ երկու գույներից հատկապես որ մեկն էր կեղտը, իսկ որը բնական գույնը: Նրանց գորշ, լայն, ցնցոտիները չէին թաքցնում մաշկի տակից դուրս ցցվող ոսկորները: Այս տխուր տեսարանից ինձ կտրեց ավելի տխուր մի տեսարան:
18 ամյա աղջնակը նստել էր մայթին ու հենց այդտեղ, բոլորի աչքի առաջ կուրծք էր տալիս նորածին մանկիկին, որն աչքերը փակ, բայց դեմքի երջանիկ արտահայտությամբ կլանում էր սիրելի մոր կաթն՝ անհաղորդ արտաքին աշխարհի բոլոր աղտոտություններին, այդ անսահման աղքատությանը: Աղջկա տարօրինակ ջինջ ու բարի աչքերը անցվորներին ու ինձ էին նայում աղերսող ու տխուր, մեղավոր հայացքով, կարծես ներողություն էր խնդրում, որ ուրիշ ելք չունի, փոքրիկին բոլորի աչքի առաջ է կերակրում: Նրա ծվեն-ծվեն գորշ հագուստի որոշ պատառիկներ դեռ պահպանել էին կապույտ գույնը, իսկ ոտքերին կոշիկի փոխարեն իր հագուստի պես գորշ կտոր փաթաթված: Նուրբ դիմագծերը, անկճիռ դեմքը չէին թաքցնում աղջկա անցած մարդկային դժբախտության ողջ ճանապարհը, նրա դժվար կյանքի դրվագների դրոշմը: Աղջիկն անշուշտ գեղեցկուհի էր, ում չար բախտը դատապարտել էր ընդամենը մի քանի տարի անց վհուկային կերպարանք ստանալ:
Լինելով չափազանց անզգայուն ու սառնասիրտ մարդ, չգիտես ինչու հանկարծ սիրտս կծկվեց ու ցանկություն ունեցա աղջկան անպայման ինչ-որ բանով օգնել: Մոտեցա նրան ու սկսեցի գրպանիս մեջ դրամ ման գալ՝ նրան տալու համար, իսկ որոնումներից ինձ կտրեց նրա կամաց ու աղերսող ձայնը.
- Պետք չի:
- Ինչը՞ պետք չի, - զարմացա ես:
- Ես մուրացիկ չեմ, - աղջկա աչքերում արցունք հայտնվեց, - շարունակիր քո ճանապարհը, բարի մարդ:
- Ես ուզում եմ քեզ օգնել, աղջիկս, - ակամա բերանիցս թռան այս խոսքերը:
- Դու ինձ արդեն օգնեցիր, բարի մարդ, - ժպտաց աղջիկը: - Շարունակիր քո ճանապարհը:
Ու ես նվիրեցի, այդ աղջկան նվիրեցի հոգուս չգիտեմ որ թաքստոցում մանկությունիցս պահված արցունքի մի կաթիլ ու այդ կաթիլը ճառագայթեց աղջկա բարի ու հեզ աչքերում, ու նա տրտում կախեց գլուխը՝ հասկացնելով, որ զրույցն ավարտված է ու ես պիտի գնամ:
Ես լուռ հեռացա՝ արդեն ճնշված տրամադրությամբ, հիշողությանս մեջ հավերժ պահելով այդ դաժան, բայց միևնույն ժամանակ տարօրինակ գեղեցկություն ունեցող այդ տեսարանը:
Փողոցների աղտոտությունից զզված, որոշեցի մտնել ու քայլել բակերով: Մտա առաջին իսկ պատահած կիսաքանդված շենքի բակը: Բակում տարօրինակ լռություն էր ու անշարժությունը այստեղի լավագույն նկարագիրն էր: Միայն բակի մյուս ծայրում երկու հոգի նստել էին քարերի վրա, արանքի ավելի մեծ քարին դրել էին նարդին ու խաղում էին:
Լռությունը խախտում էր միայն զառի, նարդու քարերի ձայնը, ու այդ մարդկանց թուրքերեն խոսքերը.
- Դորդ ջհար:
- Շեշ ու բեշ:
Ու ամեն խոսքին հաջորդում էր քարի շրխկոցով նարդու տախտակին խփելն, ապա նորից զառի ձայնը:
Մոտեցա, նստեցի հարևան քարին ու սկսեցի հետևել խաղին: Տղամարդիկ ինձ ուշադրություն չդարձրին, անգամ հայացք չգցեցին, ոչ մի նշան չեղավ, որ ինձ նկատել են: Նրանք կլանված իրենց նարդին էին խաղում ու շրջապատը նրանց համար գոյություն չուներ: Անտարբերության քաղաք... Նույնը փողոցներում էր: Ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում ինձ, ամեն մեկն իր «գործին» էր, մնացած աշխարհը գոյություն չուներ նրանց համար: Միայն այն սկզբի աղջիկն էր, այն երիտասարդ մայրը, որ ինձ նկատել էր, մյուսների համար գոյություն չունեի:
Սա տարօրինակ էր: Չէ որ, այն, ինչը տեսանելի ու շոշափելի է, պետք է նկատված լինի: Դա իմ գիտական աշխատանքի նյութն է: Լինելով երդվյալ մատերիալիս ու ֆիզիկ, ես հերքում եմ այն ամենի գոյությունը, ինչը չես կարող տեսնել, շոշափել, զգալ: Բայց միաժամանակ պնդում եմ, որ այն ամենը, ինչը շոշափելի է, տեսանելի ու զգացվում է, դրան պետք է հավատաս ու... ուշադրություն դարձնես: Իսկ այստեղ ինձ կարծես անտեսում էին, չնայած շոշափելի եմ, բայց չէին շոշափում, չնայած տեսանելի եմ, բայց չէին տեսնում, չնայած զգալի եմ, բայց չէին զգում իմ ներկայությունն անգամ: Մահացած քաղաք, կորած ու ընկած քաղաք... ու ես լուռ վեր կացա, մտքումս կշռելով գիտական թեմայիս եզրակացություններն ու դրանց հավանական սխալականությունը, որը, սակայն, դեռ չէի ուզում ընդունել...
Անցան օրեր: Ու օրեր շարունակ այս քաղաքում փնտրում էի մի բան, որը ինձ կարող էր հիշեցնել ժամանակակից աշխարհիկ կյանքը, փնտրելով մեկին, ով ինձ կնկատեր, ուշադրություն կդարձներ:
Ու մի օր պատահական ընկա մի բակ, որտեղ որքան էլ որ տարօրինակ էր, կար լրիվ սարքին մի տաղավար, իսկ տաղավարում նստած էին բավական լավ հագուստով, կոստյումով, լուրջ դեմքի արտահայտությամբ, ակնոցներով պատկառելի երկու հոգի ու կլանված ինչ որ հարց էին քննարկում: Անգամ հեռվից զգացվում էր, որ գիտական հարց են քննարկում: Որքան էի կարոտել այդպիսի քննարկումների, մարդկային խոսքի, լուրջ խոսքի, կշռադատված ասելիքի լսելուն: Ու մոտեցա, նստեցի տաղավարի մի անկյունում ականջ դնելով նրանց քննարկումներին: Հենց առաջին լսածս խոսքերը ինձ խոր շփոթության մեջ գցեցին ու ես փորձեցի մի կերպ այդ շփոթությունս թաքցնել դեմքիս անտարբեր արտահայտության տակ: Այդ խոսքերը հիշել եմ մաթեմատիկական ճշգրտությամբ ու հիմա կկրկնեմ, առանց մի բառ փոխելու: Ասողը սպիտակ մազերով, սպիտակ բեղ-մորուքով պատկառելի, գիտնականի տեսքով մարդն էր.
- Գետաձին չի կարող երեքից պակաս կնճիթ ունենալ, հակառակ դեպքում ինքը կմահանա իր ծնունդից նվազագույնը մեկ ժամ անց: Նա իր կնճիթներից մեկն օգտագործում է որպես լսողական ապարատ, երկրորդը փակ անցքերով է ու ոչ մի բան համար չի կիրառվում, ավելի շուտ դեկորի տեղ է անցնում: Ու այս երկուսը նրա անհրաժեշտ բաղկացուցիչներն են: Մինչդեռ նրան ևս մեկ կնճիթ է պետք շնչելու համար, որովհետև ինչպես հայտնի է, գետաձին մեկ ժամից ավելի առանց շնչելու չի կարող ապրել: Մինչդեռ նրան դեռ հոտառական կնճիթ է պետք, համազգայուն կնճիթ և այլն:
Երկրորդ, ոչ պակաս պատկառելի արտաքինով մարդը, առաջինին սկսեց բացատրել, որ սա էվոլյուցիայից ու գիտությունից հետ է մնացել:
- Գետաձին, - ասում էր երկրորդը, - անցել է էվոլյուցիայի այն փուլը, երբ կենդանի արարածների համար շնչելը պարտադիր պայման է: Գետաձիներն այժմ ապրում են առանց շնչելու և ուտելու, հետևաբար նրան բոլորովին պետք չեն համազգայուն, հոտազգայուն և ուտելուն, շնչելուն նվիրված մյուս կնճիթները: Ապացուցված է, որ ներկայիս գետաձիերը ծնվում են երկու կնճիթով, որոնցից մեկը դեկորատիվ է, մյուսը լսելու համար: Ուրիշ որևէ կնճիթ նրանց պետք չէ:
Ես մոտավորապես կես ժամ լսեցի այս վեճը, որտեղ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում էր իր փաստարկները ու ոչ մեկը մյուսին իր տեսակետն ապացուցել չէր կարողանում, երբ վերջապես որոշեցի խառնվել խոսակցությանն ու ասացի.
- Ներեցեք, բայց գետաձին կնճիթ չունի:
Նրանք երկուսով ապշած նայեցին ինձ՝ առաջին անգամ նկատելով ներկայությունս: Ապա նրանցից մեկը սկսեց քահ-քահ ծիծաղել, իսկ երկրորդը հարցրեց.
- Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ գետաձին կնճիթ չունի: Այ, մենք վիճում ենք նրա կնճիթները երկու՞սն են, թե՞ ավելին: Այսինքն առնվազն երկուսի գոյությանը ոչ մեկս չի կասկածում ու դա ապացուցում ենք մեր խոսքում: Իսկ դուք կարո՞ղ եք որևէ փաստարկ բերել, որ գետաձին կնճիթ չունի:
- Այո՛, իհարկե կարող եմ, - պատասխանեցի ժպտալով: - Ես իմ մոտ նաև նկարներ ունեմ ու կարող ձեզ ցույց տալ: Ինչպես բնօրինակի, այնպես էլ նկարների վրա հստակ երևում է, որ կնճիթ չունի: Եթե կնճիթը չի երևում, ապա այն չկա:
Ես հաղթական նայեցի նրանց՝ վստահ, որ իմ տեսակետն ապացուցել եմ... Բայց հանդիպեցի նրանց խղճահարված հայացքներին:
- Դուք Աստծուն էլ չեք հավատա, - նետեց նրանցից մեկը և երկուսով երեսներն ինձնից շուռ տալով շարունակեցին իրենց քննարկումը, ինձ այլևս ուշադրություն չդարձնելով:
Խոստովանում եմ, որ այդ խոսքերն իմ գիտական աշխատության դեմ ամենախիստ գրախոսականի դերը կարող էին կատարել ու ինձ գցեցին խոր շփոթմունքի մեջ: Փաստորեն այս երկու պատկառելի գիտնականները պնդում են, որ ամենևին պարտադիր չէ ինչ-որ բան տեսնել, շոշափել կամ զգալ, դրա գոյությունն ապացուցելու համար: Փաստորեն նրանք պնդում են, որ ինչ-որ բան կարող է գոյություն ունենա ու մենք որևէ կերպ չկարողանանք դրա գոյությունն ապացուցել՝ հավաստի փաստերի վրա:
Ես մշտապես դա համարել եմ զուտ երևակայության արդյունք: Այսինքն ամեն մարդ կարող է նստել ու հորինել, որ գետաձին կնճիթ ունի, այն էլ մեկի փոխարեն տասներկուսը, բայց դա կմնա միայն որպես հորինվածք, հեքիաթ, երևակայություն, այլ ոչ թե որպես հավաստի բան: Բայց երբ երկու մարդ հորինում են լրիվ նույն բանը, ապա արդեն այստեղ ուրիշ երևույթ կա: Միթե՞ մարդը կարող է տեսնել ուրիշի երևակայածը, գոյություն չունեցողը: Երդվում եմ, եթե ես այդ պահին իմ պայուսակից հանեի ու նրանց ցույց տայի գետաձիու նկարը, նրանք այդ գետաձիու վրա կնճիթներ կտեսնեին:
Միթե՞ սա նշանակում է, որ ես սխալվում եմ ու պետք է վերանայեմ իմ գիտական աշխատությունը, այն հիմնահատակ փոխելով: Բայց չէ, ես երևակայականի գոյությունը չեմ կարող թույլատրել ու ես դեռ կփնտրեմ իրական ճշմարտությունը: Ու այս որոշմանը հանգելով ես վեր կացա ու շարունակեցի իմ ճանապարհորդությունը այդ տարօրինակ քաղաքում:
Վերջապես ես սկսեցի կողմնորոշվել քաղաքում: Ինձ սկսեցին նկատել ու ճանաչել՝ նորից ապացուցելով իմ տեսությունը, որ այն, ինչը նկատելի ու շոշափելի է, այն կա ու այն պիտի նկատվի: Ու ես այս քաղաքում հանդիպեցի բազում մարդկանց ու յուրաքանչյուրի հետ շատ խոր ու հետաքրքիր զրույցներ ունեցա: Մի օր եթե ժամանակ ու ցանկություն ունենամ, կգրեմ բոլոր այդ հանդիպումները, իսկ հիմա ուղղակի կարճ կասեմ, որ ես հանդիպեցի շատ գիտնականների (պարզվեց, որ այս քաղաքում ապրում են բացառապես բոլոր մասնագիտությունների գծով գիտնականներ), բժիշկների, հրշեջների, հոգեբանների, նկարիչների, գրողների, բազմաթիվ հայտնի ու ականավոր մարդկանց: Այս քաղաքն իսկապես հրաշալի տեղ էր գիտական աշխատությանս համար նյութեր հավաքելու համար ու այստեղ ես գտա ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
շարունակելի
Էջանիշներ