…Հիշում եմ, որ ես անմարդաբնակ կղզում էի ու արդեն հարյուր յոթանասունչորս տարի էր, ինչ մարդու երես չէի տեսել... կամ էլ անմարդաբնակ կղզում չէի… համենայն դեպս կողքիս մարդ չկար, միայն ծաղիկներ ու ծառեր… Երեւի այգում էի… Իրո՛ք, այգում էի… Լա՛վ, ուրեմն նորից սկսեմ…
Հիշում եմ, որ տխուր նստած էի այգու նստարանին, ու աչքերիցս արցունքներ էին գլորվում… կամ էլ տխուր չէի, այլ ուրախ էի, իսկ արցունքներն էլ երջանկության արցունքներ էին… բայց դա այնքան էլ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ արցունքներս մի աղջիկ տեսավ, եկավ ու նստեց կողքիս:
Հիշում եմ, որ նա շատ գեղեցիկ էր… կամ էլ ոչ այնքան, բայց դա բնավ կարեւոր չէ: Կարեորն այն է, որ նա չքնաղ հոգի ուներ, ու նրանից այնպիսի անսպառ լույս էր ճառագում, որ թվում էր, թե արեգակն է երկնքից իջել ու կողքիս նստել:
Հիշում եմ՝ նա կամացուկ ինչ-որ բան շշնջաց ականջիս… կամ էլ ոչինչ չասեց, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես իմ կողքին զգացի նրա ներկայությունը, ու ինձ թվաց, թե կյանքում ոչինչ ավելի շատ չեմ տենչում, քան նրան միշտ իմ կողքին տեսնել:
Հիշում եմ, որ նա ինձ շրջապատող բնությունից՝ ծաղիկներից, արեգակից ու իր հոգուց մի աշխարհ պատրաստեց… կամ էլ այդ աշխարհը նա իր հետ էր բերել, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ աշխարհը նա ինձ նվիրեց:
Հիշում եմ, որ հասկացա, որ սիրում եմ նրան… կամ էլ դա սեր չէր, այլ ամբողջովին ուրիշ՝ ավելի պարզ, ավելի մաքուր մի զգացմունք, որը թերեւս կարելի է հարազատություն անվանել, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ ես պատրաստ էի ամեն ինչ անել, որ մենք չբաժանվենք:
Հիշում եմ, որ ես նրան ասացի, որ նա շատ թանկ է ինձ համար, որ երբեք թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը նրան ցավ պատճառի… կամ էլ ոչինչ չասացի, բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նա հասկացավ այդ ամենը ու… ժպտաց… ու ինձ թվաց, որ արեւը սկսեց մի փոքր ավելի շատ ջերմություն տալ աշխարհին, որ այս աշխարհը մի քիչ ավելի բարի դարձավ:
Այդ օրվանից ուղիղ հարյուր յոթանասունչորս տարի է անցել… Հիշում եմ, որ ամբողջ այդ ընթացքում ես միշտ նրա հետ եմ եղել… կամ էլ գուցե սխալվում եմ, գուցե այդ օրը մենք իրար տեսանք առաջին եւ վերջին անգամ…գուցե նույնիսկ այդ աղջիկն այս կյանքում ինձ չի էլ հանդիպել, բայց ես մի բան գիտեմ, ու դա է ինձ համար ամենակարեւորը… իմ սրտում, իմ հոգում ես մի աշխարհ ունեմ… ու այդ աշխարհը նա է ինձ նվիրել…
Նվիրվում ա հընգերներիս:
Էջանիշներ