Ծեծկռտուք եւ իրարանցում Խոսրովի ճամփին
12:45 | Այսօր | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոսրվի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջեւ։
Մոտ 10 բնապահպան, որոնց մեջ են նաև Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսեսյանը, փակել են ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվում էին արգելոցի «Խոսրով» տեղամաս։ Այստեղ նախատեսված է խորհրդակցություն անցկացնել։
«Ա1+»-ի փոխանցմամբ ակտիվիստները գրեթե հայտնվել էին ավտոբուսի անիվների տակ, իսկ նրանցից մեկը բարձրացել էր ավտոբուսի տանիքին՝ խոչընդոտելով ավտոբուսի շարժը։
Բնապահպաններն իրենց այս քայլով պահանջում են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։
Քիչ առաջ ծեծկռտուք էր տեղի ունենում Արարատի մարզի ոստիկանության ներկայացուցիչների և բնապահպանների միջև։
Բախման վայրում է գտնվում նաև Արարատի մարզի ոստիկանապետ Աշոտ Մկրտչյանը։
Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը համոզված է, որ իրենց դիտավորյալ չեն հրավիրել այդ խորհրդակցությանը։
«Մենք համոզված ենք, որ քննարկվելու է արգելոցի «Գառնի» տեղամասում իրականացվող ապօրինի շինարարության օրինականացման հարցը։ Այդ շինությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Մարիամ Սուխուդյանը։
Սկզբում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները լրագրողներին թույլ չէին տալիս դուրս գալ ավտոբուսից՝ միջադեպը չլուսաբանելու համար։ Սակայն տեսնելով, որ իրավիճակն անկառավարելի է դարձել, բոլորը դուրս են եկել ավտոբուսից և սպասում են Բնապահպանության նախարարի ժամանելուն՝ խնդիրը կարգավորելու համար։
Հենց այս պահին «Ա1+»-ի թղթակիցը հայտնեց, որ նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել, որ «Խոսրովի անտառ» արգելոցում կազմակերպված խորհրդակցություններին մասնակցեն նաև ավտոբուսի ընթացքը խոչընդոտող բնապահպանները։
Այժմ նրանք միասին ուղևորվում են արգելոց։
Աղբյուր՝ a1plus.am
Էջանիշներ