Փոքրիկս
Փոքրի՛կս, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ. քո այդ վառվռուն աչիկները, որ սեր են ճառագում, քո այդ տարօրինակ պահվածքը ինձ տեսնելիս, մեծ ջանքերի գնով մի կերպ քողարկվող քո ժպիտը մատնում են քեզ:
Փոքրի՛կս, ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ… հասկանում եմ ու… ափսոսում, որ չեմ կարող պատասխանել քո զգացմունքներին: Ես չեմ կարող քեզ սիրել, չեմ կարող քեզ նվիրել իմ սիրտը, որովհետեւ… որովհետեւ ես սիրտ չունեմ:
Փոքրի՛կս, գիտե՞ս՝ կար մեկը՝ այնքան լավը, քնքուշ, զուլալ, ում մի փոքրիկ տեղ տվեցի իմ սրտում, իսկ նա ագահաբար ավելին ու ավելին ուզեց ու շուտով ամբողջությամբ գրավեց իմ սիրտը, տակնուվրա արեց այնտեղ ամեն ինչ, հետո վերցրեց իմ սիրտն ու իր հետ տարավ:
Փոքրի՛կս, գիտե՞ս՝ դրանից հետո աշխարհը կանգ առավ ինձ համար, ու կյանքս գորշ գույներով ներկվեց: Թվում էր, թե կյանքն այլեւս իմաստ չունի ինձ համար: Կարծում էի, որ ես էլ երբեք չեմ ժպտալու, ուրախանալու: Բայց ժամանակի հետ ես ձանձրացա տխուր ու թախծոտ լինելուց, հասկացա, որ անիմաստ է տառապել մեկի համար, ով քո մասին գուցե նույնիսկ չի էլ հիշում ու թեւ չկարողացա նրան մոռանալ, բայց սովորեցի նրա մասին չհիշել:
Փոքրի՛կս, գիտե՞ս՝ ես մտածում էի, որ եթե մեկն իմ հանդեպ զգացմունք ունենա, ես կանեմ ամեն ինչ, որ նա չզգա այն, ինչ ես եմ զգացել, որ անկախ այն բանից՝ կսիրեմ նրան, թե ոչ, միշտ նրա կողքին կլինեմ: Հիմա հասկանում եմ, որ սխալվում էի, որ ես… ոչնչով լավը չեմ նրանից:
Փոքրի՛կս, գիտե՞ս՝ սերը աշխարհի ամենաանարդար զգացմունքն է: Երբեմն այն երկու սրտեր է իրար միացնում, բայց միեւնույն ժամանակ հազարավոր սրտեր է կոտրում:
Փոքրի՛կս, դու ավելիին ես արժանի, դու դեռ կհանդիպես մեկին, ով քեզ կսիրի, ով քեզ կնվիրի ողջ աշխարհն ու կյանքդ երջանկությամբ կլցնի… Ինչու՞ ես այդպես նայում, ի՞նչ է, չես հավատում, խոսքերիս. ես էլ չէի հավատում, երբ նա էր այդպես ասում ու մինչեւ հիմա էլ չեմ հավատում, բայց… բայց ասում եմ նույն խոսքերը, որովհետեւ… որովհետեւ ուրիշ բան չունեմ ասելու:
Փոքրի՛կս, դու փոքրիկ տեղ ես ինձ տվել քո սրտում, ու ես գիտեմ, որ ես էլ նրա նման ագահաբար ավելին ու ավելին եմ ուզելու, ես էլ գրավելու եմ քո սիրտը ու տակնուվրա եմ անելու այնտեղ ամեն ինչ, ինչպես նա արեց ու վերջում վերցնելու եմ սիրտդ ու տանելու եմ ինձ հետ… բայց ես նրան չեմ մեղադրում, դու էլ ինձ մի՛ մեղադրիր:
ՀՐԱՇՔ ԵՍ:
Նվիրվում է Ա-ին եւ Գ-ին
Էջանիշներ