Հայերէնն ամբողջապէս իմանալու համար պէտք է սովորել բարբառները, գրաբարն ու զոյգ գրական աշխարհաբարները: Եթէ հայ ուսանողը սովորում ֆիզիկա, քիմիա, ուսողութիւն, ինչո՞ւ հայերէնի բոլոր տարբերակները չուսանի: Անտարակոյս, իւրաքանչիւր հայ, հայագէտ չի կարող լինել, բայց կարող է մի ընդհանուր գաղափար կազմել՝ հայերէնի պատմութեան, զարգացման, եւ տարբերակների մասին:
Արաբական քսանից աւելի երկրների քաղաքացիները, որոնք խօսում են իրարից ահագին տարբեր բարբառներ, հասկանում են 1400 ամեայ գրական արաբերէնը, քանզի դա, ուսուցման միակ լեզուն է: Արաբական հեռուստակայանների լեզուն գրաբար արաբերէնն է, որի լեզուական հեռաւորութիւնը խօսակցական արաբերէնից, գրեթէ նոյն քան է, ինչ գրաբար հայերէնինը գրական աշխարհաբարից:
Այն ինչ արաբների հետ յաջողւում է, ինչո՞ւ հայերի հետ չյաջողի: Ընտրութեան հարց է, եւ ոչ կարելիութեան: Գրաբարը շատ լաւ էլ գործում էր ու ուսուցւում: Այնուհանդերձ, չի կարելի այլեւս անտեսել եւ վերացնել գրական աշխարհաբարը, ու նրանով գոյացած գրականութիւնը: Պէտք է ունենալ ամէնը: Առաջի հեղ, կարելի է գրաբարով օրական կէս ժամ լուր հաղորդել: Գրաբար լաւ չհասկացողը, լուրը կբաղդատի իմացած լեզուով լսածի հետ ու կհասկանայ, կսովորի:
Ծայրայեղութեամբ չէ: Մտածենք սիրով սիրեցնելու, բայց ո'չ զօրով սիրեցնելու մասին:
Աշխարհասփիւռ հայերից ոչ բոլորը կամաւ հեռացել ու հրաժարել է Հայրենիքից: Յիշի'ր Մեծ Եղեռնը:
Անշուշտ Հայաստանը, Հայաստանի Հանրապետութիւնը, պէտք է լինի ողջ հայութեան հայրենիքը: Մարդիկ սիրում են Հայրենիքը, նուիրում ու նուիրւում են նրան օտար լեզուներով: Բայց սրանք, հայրենասիրութիւնը սովորել են դեռ հայախօս ծնողներից: Կգայ մի օր եւ այդ օտար լեզուները չեն բաւելու Հայրենիք սիրելու, նրան նուիրուելու համար:
Հայրենիքները ճանաչւում, հետեւաբար սիրւում են բնիկ լեզուներով:
Հայ գրականութեանը եւ պատմութեանը, օտար լեզուների միջոցով ծանօթացող հայ պատանին, չի կարող հաղորդուել ու հասկանալ Հարենիքն ու նրա ժողովուրդը, այնքան, ինչքան հաղորդւում է ու հասկանում Հայրենիքին. հայերէնով ծանօթացող պատանին: Հայերէն չիմացող մօրից ծնուած հայ երեխայն... մի օր խորթանալու է Հայրենիքից: Հայաստանը կորուսելու բան չունի: Ամէն հայ, ինքն իր մէջ մի Հայաստան է, ու նրա կուրուստը Հայաստանի կուրուստ է:
Հայերէն կրթութիւնը այժմ ետքայլի մէջ է:
Բայց ինչո՞ւ Հնդկաստանի եւ Հարաւային Իրանի հայերը, երկար դարեր Հայրենիքից կտրուած լինելով հանդերձ, կարողացել են պահել լեզուն, ու դեռ, տպագրութիւն ստեղծել, գիր գրականութիւն են հովանաւորել, Ամստերդամից մինչ եւ Վենետիկ: Հաւատքն է: Զանազան լեզուներ գիտենալով հանդերձ, հաւատացել են լեզուի եւ հայերէն կրթութեան կարեւորութեանը: Կամենալ՝ կարենալ:
Այն հարցին, թէ ինչո'ւ գիտական լեզու պէտք է լինի:
Գիտութեամբ երկիրը զարգանում է: Երբ Աշխարհի առաջատար գիտական հրատարակութիւնները, արուեստի գործերը, ստեղծագործութիւնները հայերէն են խօսում, հայերէն են հնչում ու հայերի միջոցով՝ այդժամ սկսում է հայացման գործընթացը...
Ինքներս էլ, թերեւս չգիտենք, մի քիչ ռուս ենք, մի քիչ ամերիկացի, մի քիչ արաբ կամ իսպանացի, այս ժողովուրդների մշակոյթների հզօր ազդեցութեանց պատճառով: Ձուլումն ու ազգափոխումը միանգամից չի լինում, հանգրուան առ հանգրուան, նահանջում ենք առանց գիտակցելու:
Այս իրականութեան կարող են ենթարկուել ու ենթարկւում են բոլոր ժողովուրդները:
Մշակութապէս տկար ազգերն են, ընդհանրապէս, ձուլւում աւելի մեծ մշակոյթ ունեցողների մէջ: Այստեղ, փառաւոր անցեալ ունենալը էական նշանակութիւն չունի: Ուստի, ինչո՞ւ ապրող ու կենսունակ հայկական մշակոյթով օտարներին մի քիչ չհայացնենք...
Խորենացին Մեծ Հայքի սահմանը նկարագրելիս ասել է, թէ Հայաստանն աւարտւում է այնտեղ, ուր վերջանում է հայերէն խօսքը:
Հայերէն խօսքը հնչում է, չի գնում: Առանց հայերէնի, կաղ է հայի հայրենասիրութիւնը:
Էջանիշներ