ՀՀ Քրեական Օրենսգիրք
Հոդված 362. Դասալքությունը
1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:
(362 հոդվածը փոփ. 28.11.07 ՀՕ-275-Ն)
Էջանիշներ