Նոր մի թերևս չափազանց կոպիտ, բայց, ըստ իս, դիպուկ համեմատություն միտքս եկավ. եթե դուք տանն ունեք, ասենք, հեռուստացույց, ու այն դիտելուց բացի նրանով լվացք եք անում, ընկույզներ եք ջարդում և այլն: Կզարմանա՞ք, եթե այն կոտրվի:
Մարդիկ չափազանց շատ բան են դնում ընտանիքի վրա՝ հաշվի չառնելով, որ այն ընդամենը մարդկային համակեցության ձև է: «Երջանիկ ընտանիք ունենաք», միայն այս մաղթանքն ինչքան բան է ասում:
Ընտանիքը, չնայած տարածված վարդագույն կարծիքների, չի կարող մարդուն ամեն ինչ տալ: Մարդը կարող է աշխարհում ամենահամերաշխ ընտանիքն ունենալ, բայց ստեղծագործապես չկայանալու պատճառով դեպրեսիայի մեջ ընկնել: Նիկ Դրեյքի ընտանիքը շատ լավն էր ու մինչև վերջ նրան սատարեց: Իսկ տղան մահացավ... հակադեպրեսանտներից: Ու էլի բազմաթիվ պատճառներ կարող են լինել:
Ամենալավ ընտանիքն անգամ պրոբլեմներ է ունենում. իսկ թե ինչքանով է ընտանիքը լավը, երևում է նրանից, թե ինչ մոտեցում են անդամները ցուցաբերում պրոբլեմի նկատմամբ ու ինչ լուծում է այն ստանում: Ու ի վերջո ի՞նչ ընտանիք, որի անդամներն իրան չեն լսում: Ոչ միայն երեխաները ծնողներին, այլ նաև ծնողները երեխաներին, ծնողներն իրար, դե, երեխաներն իրար լսել դեռ պետք է սովորեն:
Ու լսել՝ ոչ ենթարկվելու իմաստով: Երկխոսություն: Ոչ թե «ձայնդ կտրիր ու արա այն, ինչ ծնողդ է ասում, այ անշնորհք, պատասխանու՞մ ես ծնողիդ, ես քեզանից լավ գիտեմ կյանքը, սսկվիր ու մնա տանը»:
Ինձ ծանոթ մի աղջիկ ինձ մի դեպք էր պատմում, ինչպես իր ընկերուհին իրեն հարցրեց.
- Աղջիկս ինձ հարցրեց՝ կլինի՞ գնա ընկերուհու տուն, ես արգելեցի: Բայց հետո նա ինձ համոզեց: Դաստիարակչական տեսանկյունից սխալ չէ՞ր թույլ տալը, որ գնա, եթե արդեն արգելել էի:
- Իսկ ինչու՞ էիր արգելել,- հարցրեց ծանոթս:
- Եսի՞մ:
Էջանիշներ