Ինչքան գիտեմ՝ մեզ համար օրորոցային չեն երգել։ Դե, 2–3 տարեկանից սկսած հաստատ կարող եմ ասել, որովհետև անձամբ եմ հիշում, իսկ դրանից առաջ էլ մայրս պատմել էր, որ մեզ չի օրորել երբևէ։ Հենց սկզբից էնպես է սովորեցրել, որ առանց օրորոցայինի միանգամից քնենք։ Պատմում էր, որ երբ փոքր էի, տանը մարդ էր լինում, ու իմ քնելու ժամը գալիս էր, մամաս ասում էր՝ գնամ երեխային քնեցնեմ, գամ։ Գնում էր ու մի երկու րոպեից վերադառնում, մարդիկ զարմացած հարցնում էին՝ բա երեխային չպիտի՞ քնեցնեիր։ Մամաս էլ պատասխանում էր՝ հա, քնեցրի, եկա։
Դե, իրենք ժամերով պիտի օրորեին, որ երեխաները քնեին, իսկ մամաս համարում էր, որ օրորելով քնեցնելն անիմաստ կախվածություն է առաջացնում երեխայի մոտ, երեխան էլ կամակոր է դառնում դրանից, երես է առնում։ Մի խոսքով՝ մամաս հեշտ ձևը գտել էր։
Իսկ հեքիաթներ շատ էր պատմում, երգեր էլ էր շատ երգում մեզ համար, բայց օրը ցերեկով, երբ արթուն էինք։
Այ հաց ուտելուց էր հաճախ հեքիաթ պատմում, բավական արդյունավետ էին լինում հեքիաթները, երբ ճաշն ուտել չէի ուզում, պատմելով կերցնում էր, ես էլ համով–համով ուտում էի։
Դե, նկատի ունեմ էն ճաշերը, որոնք ուտելն ինձ համար պրոբլեմատիկ էր։
Լավ, ինչ–որ շատ խորացա ու արդեն լրիվ շեղվեցի, կներեք։
Էջանիշներ