Մի քիչ պատմեմ, թե ինչպես էին ինձ քնացնում /մի մասն իմ հիշելով, մնացածը՝ ծնողներիս պատմելով/: Թումանյանի փողոցի վրա տատիկիս տունն էր նախկինում /մորական/: Դրա տակով էլ մետրո էր անցնում: Քնացնելու պրոցեսին մասնակցում էին տարբեր մարդիկ: Սկսում էր տատիկս: Երգում էր, թե ինչպես գետակի վրա մինուճար ուռին թեքված խորհում է մարդկային բախտի մասին: Ես կարեկցում էի ուռենուն /բաց աչքերով և կողմնակի հարցերով՝ ուռենու վշտի խորության չափը պարզելու համար/: Հետո սկսվում էր հաջորդ երգը՝ «դեղնած դաշտերին իջել է աշուն»: Քանի որ ննջասենյակի պատուհանի գոգին աճում էր մշտադալար հալվեն, այս երգն իմ մանկական հոգում փոթորկում էր այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ երգի մեջի աշունը մեր հալվեի վրա ազդեցություն չի ունեցել: Իհարկե, այս մտքերը քնելուն չէին նպաստում: Այնուհետև սկսվում էր «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսի կատարումը: Այստեղ ես ուշի-ուշով հետևում էի դեպքերի բուռն զարգացմանը /տղայի՝ վարդը տեսնելուց մինչև այն պոկելը և վարդի կողմից՝ տղայի մատը ծակելը/: Տղամարդկային սոլիդարությունից ելնելով կարեկցում էի նրան՝ մարմնական վնասվածք ստանալու առթիվ: Մյուս կողմից, իհարկե, վարդն էլ էր ափսոս: Ինչ խոսք, այսպիսի մտքերը քնազուրկ էին անում զիս: Ականատեսները պատմում են, որ մի օր խեղճ տատիկս այդքան երգ երգելուց հոգնել է և քնել /գիշերային հերթ էլ էր աշխատում/: Ես դուրս եմ եկել օրորոցիցս, վազել-գնացել մեծերի մոտ և ասել «տատին «խո-խո»-յա անում
» /«խո-խո» կնշանակէ՝ խռացնում է/:
Այնուհետև էստաֆետան անցնում էր մորս: Մայրս օգնության էր կանչում սոխակին, որը պետք է գար ինձ համար երգեր երգելու, միաժամանակ համոզված պնդում էր, որ իր որդին «չուզե աբեղա դառնալ»: Որդին այդ ժամանակ մտածում էր, թե ինչ է նշանակում «աբեղա»: Սոխակի ուշանալու պատճառով անցնում էինք հեքիաթների: Կարմիր գլխարկն արդեն ութսուներորդ անգամ մութ անտառով կարկանդակ էր տանում տատիկին... Մայրս այնքան հոգնած էր լինում, որ մեկ-մեկ սկսում էր պատմելիս քնել: Հոգնածությունից լեզուն կապ էր ընկնում և սկսում էր ուրիշ բաներ խոսալ
Մի անգամ հիշում է՝ ինչպես եմ արթնացրել իրեն և ասել. «Ի՞նչ տան վարձ, մա՛մ, գայլի մասին պատմի»:
Բարկացած և ուժասպառ մորս սովորաբար փոխարինում էր մորաքույրս: Գործի էր դրվում հեքիաթը՝ ամեն անգամ մի նորություն մեջը մտցնելով /մորաքույրս՝ լինելով ոչտրիվիալ, շատ բանիմաց և անձնավորություն, չէր կարող հանդուրժել միօրինակույթւոնը/: Դե ես էլ հո չէ՞ի քնի՝ բաց թողնեի հեքիաթային նորությունները: Կրկին անցնում էինք երգի: Այս անգամ՝ ռուսերեն: Միասին կանչում էինք կատվին, որ ինձ քնացնի՝ «Приди котик ночевать /ես երգում էի՝ начувать/, мою деточку качать»: Деточка-ն ինքն էլ էր երգում՝ ակնկալելով, որ կատուն այնքան զբաղված չի գտնվի, ինչքան աբեղայությունից հեռու պահող սոխակը և կբարեհաճի այցելել իրեն: Ապարդյուն:
Վերջապես, երեխային հանձնում էին հորը: Հայրս երգելու տաղանդ չուներ և փորձում էր քնացնել հեքիաթի միջոցով: Հիշում է միայն, որ աչքերս փակում էի, ինքն էլ կարծում էր, թե քնել եմ, ուրախանում էր: Թարսի պես, այդ ժամանակ անցնում էր գետնի տակով մետրոն, ինչը միանգամից ստիպում էր երեխային վեր թռնել և ասել. «պոյեզը գնա՛ց»
Այսպիսով, քնացնելով յուր բոլոր բարեկամներին, երեխան ինքն էլ էր քնում:
Էջանիշներ