Ալեքսանդր Նիկոլայի Սկրյաբինը ռուս կոմպոզիտոր և դաշնակահար է։ Ծնվել է Մոսկվայում 1871 թվականի դեկտեմբերի 25-ին /հին տոմարով, նորով՝ 1872-ի հունվարի 6-ին/: Երաժշտական պարգևն ի հայտ է եկել փոքր հասակում: Ժառանգել է այն մորից, որը տաղանդավոր դաշնակահար էր: Նրա /մոր/ տաղանդը նկատել են եղբայրներ Անտոն և Նիկոլայ Ռուբինշտեյնները, Բորոդինը, ինչպես նաև Չայկովսկին: Ավարտելով Պետերբուրգի կոնսերվատորիան, Լյուբով Պյոտրի Սկրյաբինան /նախքան ամուսնանալը՝ Շչետինինա/ հաջողությամբ հանդես էր գալիս տարբեր քաղաքներում համերգներով՝ արդեն ամուսնու ազգանունով /1870 թվականին ճենապակու գործարանի գեղանկարչի դուստրն ամուսնացավ Մոսկվայի համալսարանի ուսանող Նիկոլայ Ալեքսանդրի Սկրյաբինի հետ/: Ալեքսանդրի հայրը, համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվեց Պետերբուրգի Արևելյան լեզուների ինստիտուտ: Այն ավարտելուց հետո նրան ընդունեցին Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա դիվանագիտական ծառայության մեջ էր գտնվում Թուրքիայում և այլ արևելյան երկրներում՝ հազվադեպ այցելելով Ռուսաստան: Լյուբով Սկրյաբինան մահացավ տուբերկուլյոզից 1873-ին, և Ալեքսանդրի դաստիարակությունը ստանձնեց նրա հորաքույրը:
1882 թվականից Սաշան սկսում է երաժշտության դասեր վերցնել Գ.Կոնյուսի՝ Մոսկվայի կոնսերվատորիայի սաներից մեկի մոտ /որը հետագայում դարձավ հայտնի երաշժտագետ-տեսաբան/: Նույն տարվա աշնանը Սկրյաբինը փայլուն կերպով քննություն է հանձնում և ընդունվում Մոսկավյան երկրորդ կադետային կորպուս՝ առաջին աշակերտի կոչումը ստանալով: Արդեն իսկ պատանի հասակում նա մասնակցում է կադետական կորպուսի դահլիճում տրվող բաց համերգին, որտեղ կազմակերպվում էին երաժշտական-գեղարվեստական երեկույթներ: Համերգի ժամանակ Բախի գավոտը կատարելիս դաշնակահար Սկրյաբինը մի փոքր սխալվեց, բայց չկորցրեց իրեն և շարունակեց նվագել՝ գերմանացի հանճարի ոճով իմպրովիզացիա կատարելով: Այսպիսի ինքնատիրապետումը և կատարողական կամքը բնորոշ էին երաժշտին նաև հասուն տարիքում:
1885-ին նա սկսում է դաշնամուրի դասեր վերցնել հայտնի մանկավարժ Ն. Զվերևից և կոմպոզիցիայի դասեր՝ Ս. Տանեևից: 1888 թվականին Սկրյաբինն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա: Այստեղ սկսվում են նրա պարբերական համերգային ելույթները: Նրա սիրելի կոմպոզիտորն էր Շոպենը, նվագում էր նաև Լիստի, Բեթհովենի և Շումանի ստեղծագործություններից: Կատարողական արվեստի մեջ հմտանալու ձգտւմը բերում է ողբերգության, որն իր հետքն է թողում նրա ողջ հետագա կյանքի վրա: Չխորհրդակցելով ուսուցչի հետ, նա չափից ավել ինքնուրույն վարժություններ կատարում, ինչի հետևանքով վնասում է ձեռքը: Բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ հաջողվեց վերադարձնել ձեռքի աշխատունակությւոնը, սակայն նախկին վարպետությունն, իհարկե, կորսված էր: Այս ցնցումն ազդեց կոմպոզիտորի հոգեկանի վրա:
1892 թվականին Սկրյաբինն ավարտում է կոնսերվատորիան դաշնամուրի գծով, բայց կոմպոզիտորական դիպլոմ չի ստանում, քանի որ նրա հարաբերությունները պրոֆեսոր Ա. Արենսկու հետ, որն ազատ ստեղծագործության դասերն էր վարում, չէին կայացել: Ուստի, Մոսկվայի կոնսերվատորիայի պատմության մեջ նա մնաց որպես փոքր ոսկյա մեդալակիր: Երիտասարդ երաժիշտն այդ ժամանակ արդեն տարբեր ժանրերում բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ էր: Բայց, այնուամենայնիվ, նրա հակումը դեպի դաշնամուրային և սիմֆոնիկ երաժտությունը բավականին վառ կերպով դրսևորվում է: Սկրյաբինի առաջին ստեղծագործությունների ոճը կարելի է դասել Շոպենի ավանդույթները ժառանգած ուշ ռոմանտիզմի փորձերի շարքը: Սակայն, արդեն «հետշոպենյան» պրելյուդներում և էտյուդներում հնչում են հանճարեղ նորարարի ներդաշնակ լեզվի տարրերը:
1894 թվականը Սկրյաբինի կյանքում նշանավորվում է կարևոր հանդիպումով: Նա ծանոթանում է հայտնի բարերար Մ.Պ. Բելյաևի հետ, որը միանգամից և առանց կասկածանքի հավատաց երիտասարդ կոմպոզիտորի տաղանդին և, բացի դրանից, գերեց նրան իր գերազանց դաստիարակությամբ և շփվելու նուրբ ոճով: Այդ ժամանակից Սկրյաբինի ստեղծագործությունները սկսվում են տպագրվել, իսկ նրա սիմֆոնիկ արարումները հնչում են Ռուսական սիմֆոնիկ համերգների ծրագրերում:
Էջանիշներ