Ֆա-դիեզ մինոր կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (օպ. 20) ստեղծվել է 1896-ին, երբ կոմպոզիտորն ընդամենը քսանչորս տարեկան էր: Սա նրա առաջին գործն է նվագախմբի համար և միակ գրած կոնցերտը: Սկրյաբինն իր կոնցերտը գրել է ընդամենը մի քանի օրում 1896-ի աշնանը, բայց չի ավարտել գործիքավորումը մինչև հաջորդ մայիս և չի ներկայացրել այն մինչև 1897-ի հոկտեմբերի 23-ը:
Ինչպես նրա սկզբնական ստեղծագործություններից շատերը, այս կոնցերտն ունի շոպենյան քնարականություն: Այդուհանդերձ, Սկրյաբինի նվագախումբը շատ ավելի գործունյա և ակտիվ դեր ունի այստեղ, քան շոպենյանը: Բացի դրանից, բարդակազմ պոլիռիթմիզմները, երկար և քրոմատիկ մեղեդային գծերը, նրբաճաշակ դիսոնանտ ակկորդները և զգացմունքային պոռթկումները, բոլորը միասին, ստեղծում են թախծալի «ռոսական» տրամադրություն՝ դարձնելով ստեղծագործությունը Սկրյաբինի գլուխգործոցներից մեկը:
Հագեցած լինելով երկար և սրընթաց արպեջիոներով և ակկորդային պասսաժներով հարուստ այս կոնցերտը, չնայած իր համեմատաբար կարճությանը, պահանջում է մեծ տեխնիկական վարպետություն: Ռիթմի և տեմպի հաճախակի փոփոխությունները և մենակատար և նվագախմբի նուրբ ձայնակցությունը վերացնում է մակերևութային փորձարկումների հնարավորությունը կատարումից առաջ: Թերևս այդ է պատճառներից մեկը, որ երաժշտասերն այս կոնցերտը հաճախ չէ, որ կարող է վայելել համերգասրահում:
Ստեղծագործության առաջին մասում թագավորում են կարոտագին, հոգեհույզ պատկերները: Երկրորդ մասը գրված է երեք վարիացիաներով թեմայի տեսքով: Թեման «անմռունչ լույսի» (ըստ Բ. Ասաֆյևի, գրական կեղծանունը՝ Իգոր Գլեբով, սովետական ռուս կոմպոզիտոր, երաժշտական քննադատ) լավագույն մարմնավորումն է երիտասարդ Սկրյաբինի երաժշտությունում: Վարիացիաներում այն մերթ ստանում է թեթև, սկերցոյանման, մերթ՝ մտախոհ-կենտրոնացած բնույթ: Թեմայի վերջին կատարումն այս մասում իր «ժանեկաձև» զարդանախշերով հիշեցնում է երկրորդ և երրորդ դաշնամուրային սոնատների հատվածները: Եզրափակիչ մասը հիմնված է երկու թեմաների վրա՝ բուռն առաջխաղացող և քնարական-պաթետիկ. վերջինս հետագայում ռոմանտիկական հիացմունքի երանգ է ստանում:
Առաջին անգամ կոնցերտը կատարվել է Օդեսայում՝ հեղինակի և Վ.Ի.Սաֆոնովի կողմից (ռուս դիրիժոր և դաշնակահար, մանկավարժ, 1889-1905թթ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի տնօրեն): Սաֆոնովը գրել է իր աշակերտի ստեղծագործության ունեցած մեծագույն հաջողության մասին: Օդեսայի քննադատների առաջին արձագանքները, սակայն, այդքան էլ բարյացկամ չէին՝ մեղադրում էին Շոպենին չափազանց նմանակելու մեջ, դժգոհ էին գործիքավորումից և նույնիսկ կատարումից: Այս գործը կրում է Սկրյաբինի՝ այդ տարիներին սիրած կոմպոզիտորի՝ Շոպենի ստեղծագործության ազդեցությունը: Կարելի է նկատել նաև Սկրյաբինի կոնսերվատորական ընկերոջ՝ Ռախմանինովի երաժշտության որոշ ազդեցություն: Սակայն Կոնցերտում արդեն զգացվում է սկրյաբինյան անկրկնելի ոճը:
Կոնցերտի ևս մեկ կատարում (ի հավելումն չորրորդ գրառման մեջ նշվածի)
Առաջին մաս. Allegro
Երկրորդ մաս. Andante
Երրորդ մաս. Allegro moderato
Կատարում է Անատոլ Ուգորսկին (դաշնամուր) և Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժոր՝ Պյեր Բուլեզ:




Մեջբերել

Էջանիշներ