Այս թեման անշուշտ բաց է առավել լայն սահմաններում քննարկումների համար, բայց առաջին հերթին ես ուզում եմ շեշտադրում անել կոնկրետ այս ֆորումում կրոնական հանդուրժականության խնդիրների վրա: Ինչքանով նկատել եմ` բոլորս էլ մի ժողովրդի զավակներ ենք, ժողովրդի, որի համար միշտ էլ մեծ խնդիր է եղել միասնականության պակասը կամ բացակայությունը: Մի կողմ թողնելով մյուս հարցերը` ես ընդգծում եմ կրոնական հանդուրժողականության անհրաժեշտությունը: Սա ֆորում է, որը պատկերավոր կերպով ես հասկանում եմ մի սեղան, որի շուրջ նստել են տարբեր մարդիկ և իրենց գիտելիքները, հայացքները, մոտեցումներն ու առարկություններն են ներկայացնում որևէ խնդրի շուրջ: Բայց որևէ երկխոսության մասին խոսք գնալ չի կարող, երբ դիմացինիդ կողմից նկատում ես տարրական հարգանքի բացակայություն քո հայացքների և, առավել ևս, այնպիսի նվիրական զգացումների նկատմամբ, ինչպիսին կրոնն է: Ես հասկանում եմ, որ ամեն մեկը փորձում է անհադուրժողականություն որակել դիմացինի պահվածքը, բայց կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքն այս ուղղությամբ, եթե ամեն մեկս փորձենք նախքան արտահայտվելը մի փոքր մեզ պատկերացնել դիմացինի տեղում, հասկանալ, թե արդյոք չենք խախտում տարրական կուլտուրայի սահմանները, և հետո նոր արտահայտվենք: Իմ առաջարկությունը վերաբերում է ինչպես տարբեր դավանանքներ ունեցող մասնակիցներին, այնպես էլ որևէ կրոնի չհարողներին, որովհետև այս երևույթն առկա է, այպես ասած, բոլոր ճամբարներում: Առայժմ այսքանը: Հուսամ, որ մեր քննարկումներն այս հարցի շուրջ դրական արդյունք կտան:
Էջանիշներ