Հայկօ-ի խոսքերից
Կարման, ըստ հնդկական հավատալիքների. ճակատագիրն է, կարճ ասած: Ու բանաստեղծություն գրելու հետ բնավ կապ չունի, իմ կարծիքով:
Այնուհետև. սխալ է կարծելը, որ բանաստեղծության լավ կամ վատ լինելը որոշվում է միայն ոգեշնչվածությամբ կամ պոռթկումով: Դրանք հնարավոր չափանիշերից միայն երկուսն են: Նաև՝ ճիշտ չեմ համարում Տերյանին ու Սևակին, Սահյանին ու Տերյանին, Պողոսին ու Պետրոսին միմյանց հետ համեմատելը՝ ինչ տեսանկյունից ուզում է՝ լինի: Կայսրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն: Տերյանը գեղեցիկ, Տերյանը Տերյան է հենց իր մեղեդայնությամբ ու մշուշոտ թախծով (չնայած՝ «Երկիր Նայիրի» շարքը լա՜վ էլ մարտական ու խրոխտ ոգի ունի): Սևակը շատ ավելի խոհական է, քան՝ քնարական: Ընդ որում՝ երկուսի գործերում էլ քո ասած «պոռթկումը» չի զգացվում: Չարենցի գրածներում՝ համաձայն եմ: Բայց բոլորին նույն արշինով չափելը սխալ է: Իսկ Սահյանը եթե նույնիսկ միայն «Իրիկնահացը» գրած լիներ, էլի ինձ համար լինելու էր հայ լավագույն բանաստեղծներից մեկը՝ Թումնայանի, Տերյանի, Զարհատի, այլոց կողքին:
Եթե ուզում ես, քո նախորդ գրառման ոճով կպառասխանեմ «չորացած ծաղիկներին». թեկուզ միհարկանի տան վրա կառուցածդ ավելի բարձր կլինի, քան ավերակի վրա սարքածդ: Այլ կերպ ասած՝ նոր բան գրելու համար բնավ հարկավոր չէ հինը մերժել, ընդհակառա՛կը: Այն, որ այսօր մարդիկ շարունակում են կարդալ անցած դարի ստեղծագործությունները, դեռ չի նշանակում, որ քեզ համար արդեն տեղ չկա, և որ պետք է արդեն «շուկան» մաքրել հին ապրանքից: Ընդ որում՝ դու չես դատողը, թե հինն է լավը, թե նորը. դատողը ընթերցողդ է: Դու ոչ մի բան չընդունելու կամ պանթեոններ տեղափոխելու իրավունք կամ հնարավորություն չունես. կարո՞ղ ես՝ այնքան լավ գրիր, որ քո ստեղծագործությունը ասպարեզից գլխովին դուրս մղի նախկիններին: Չե՞ս կարող՝ ընդունիր, որ մեկ հոգին բանակ չէ, հներից շատերն էլ իրոք մեծ էին ու իրոք մեծ ե՛ն:
Էջանիշներ