Գոյության սկզբից ի վեր հայերը ձգտել են յուրահատկության և ինքնուրույնության։ Պատճառները հայոց պատմության ընթացքում բազմաթիվ են եղել և ըստ իս հաճախ բացասական երևույթները բազմաթիվ դրական հետևանքներ են ունեցել հայ ժողովրդի ազգային, մշակութային դեմքի ու ժառանգության վրա։ Չէ որ, հենց ճգնաժամային ու վտանգված հայրենիքը փրկելու համար են ստեղծվել բազմաթիվ գրական, երաժշտական, ճարտարապետական և այլ ազգային ինքնագիտակցությունը ուժեղացնող ու բարձրացնող կոթողներ, որոնք մնացել են ոչ միայն հայոց, այլ համաշխարհային պատմության մեջ։ Այդ ամենը միայն հպարտություն կարող է առաջացնել մեր մեջ։
Ներկայիս Հայաստանում նույնպես գրեթե ամեն ինչ տարբերվում է աշխարհից, սակայն, ցավոք, ի տարբերություն անցյալի, այսօր տարբերությունները իրենց մեջ ներառում են բոլոր բացասական ու անհեթեթ երևույթները։ Բացառություն չէ նաև գովազդը։
Հայկական գովազդի մասին խոսելիս առաջին երկու բառը, որ միանգամից հիշում ես «էլիտարն» ու «Շտապեքն» են։

Էլիտար

Հայկական գովազդում էլիտար է ամեն ինչ, սկսած հասարակ հանքային ջրից, վերջացրած լվացքի փոշիով ու կողքի շենքում կոշկակար Էդո դյադդյայի կողմից կարված կալոշներով։ Էլիտար ջուր, էլիտար շենք, էլիտար լողավազան, էլիտար սնունդ, էլիտար տուրիստական գործակալություն, էլիտար մահճակալ, էլիտար հիվանդանոց, էլիտար դագաղ... Կամ առավել աբսուրդային «էլիտար ձվերը»։ Ինչևեցիե, մեղավոր է սպառողն ու նրա հոգեբանությունը։ Հայը ձգտում է ունենալ ամենաճոխն ու փայլուն փաթեթավորմամբ ապրանքը, հաճախ անտեսելեով պարունակությունը։ Առնում են «էլիտար» (կարդա թանկարժեք) ձեռախոս նույնիսկ այն դեպքում, երբ ձեռախոսը նրանց պետք էլ չի։

Շտապեք…

Այս բառի հետ կապված երկար բարակ չեմ գրի, չեմ ուզում գովազդել որոշ ախմախ ընկերությունների արտադրանքը, ուզում եմ միայն նշել նոր "MyDollarStore" խանութների ցանցի գովազդը, որտեղ չգիտես ինչու նույնպես գրել են այս բառը։ Ինչո՞ւ շտապել, երբ այդ խանութում ամեն ինչ միշտ մեկ դոլար արժե, պարզ չէ... Հայկական գովազդի առանձնահատկություն, ուրիշ ոչինչ:

Մենք հայերս...

Հայկական գովազդի ևս մեկ և ինձ համար նույնիսկ ամենացավալի տեսակ... Այս տեսակի գովազդներում հիշատակվում է հայոց պատմության բոլոր գլխավոր պահերը, որևէ քոսոտ ծխախոտի կամ օղու գովազդման համար... Ինչը կատարյալ հիմարություն է և չի տեղավորվում և ոչ մի տրամաբանության մեջ։

Վերջում նշեմ ևս երկու գովազդային արտահայտություն։ Առաջինը սխալ թարգմանության պատճառով բավականին երկար նյարդաինացրեց. «Իսկական տղամարդկանց ընկերություն» գովազդն է (պիտի լինի «Տղամարդկանց իսկական ընկերություն» հիմա արդեն փոխել են): Եվ երկրորդը «Դուք արժանի եք նրան»: Էական չէ ինչ ապրանք է գովազդվում, այն պիտի լինի արժանի իմ ուշադրությանը, այլ ոչ ես նրան: