Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին։ (Ավետարան ըստ Հովհաննեսի, 1.11)
Բարև՛, Պա՛պ ջան, Մա՛մ ջան, Ապե՛ր ջան, Քո՛ւրո ջան
Չեք պատկերացնում, թե ձեզ ինչքա՜ն եմ կարոտել. ինչո՞ւ չեք մի օր ինձ մոտ գալիս: Մամ ջան, այդ ինչո՞ւ ես հիվանդացել, ախր շատ թեթև ես հագնվում. Ապերին ու Պապային ասա՝ քեզ մի հատ տաք մուշտակ առնեն: Նոր տարին էլ շուտով գալիս է, իսկ դու հիվանդանում ես: Կաթ խմիր, որ չհազաս:
Քույրիկս բայց ինչքա՜ն է գեղեցկացել, այնքան եմ սիրում, երբ մազերը հարդարում է Նոր տարվանից առաջ, դառնում է իսկական Արքայադուստր
Բա Ապե՜րը, իմ Մեծ Ախպե՛րըԵս բոլորին, ով այստեղ այցելում է /հիմնականում աղբ թափող մարդիկ են, թափոններ են բերում/ պատմում եմ, թե ի՛նչ Ապեր ունեմ, այնքա՜ն եմ ուրախանում նրա հաջոություններով, չեք պատկերացնում: Շատ կարոտում եմ նրան ու ձեզ բոլորիդ. մի օր եկեք, է՛լի, ինձ մոտ: Պապային էլ լավ նայեք, մի թողեք այդքան շատ աշխատի, ճնշումը բարձրանա:
Այնքան տխրեցի, երբ իմացա, որ հարևանի տղան այդքան երիտասարդ մահացավ:Նրա եղբայրը, որ իմ հասակակիցն է, առանց այդ էլ հորից զուրկ է մեծացել, այժմ մնաց առանց մեծ եղբոր
Սիրտս այնքան ցավեց նրա համար:
Հիմա ինքն էլ տարիներով չի տեսնի հորն ու եղբորը /ինձ նման/: Բայց գոնե գերեզմանները կայցելի, սիրտը մի փոքր կթեթևանա:
Մեկ-մեկ պատկերացնում եմ ինձ այդպիսի վիճակում, հոգիս կծկվում, սառցակալում է. ես չեի դիմանա առանց Ապերի ու Պապայի
Հա՛, հոգիս սառում է, չնայած այնտեղ, որտեղ նա գտնվում է, ոչ ցուրտ կա, ոչ հիվանդություն, ոչ խավար: Բայց հոգիս էլ է ձեզ շա՜տ կարոտում. մի օր եկե՛ք ինձ մոտ, է՛լի, գոնե ծննդյանս օրը: Վա՜յ, մոռացա, ախր ես ծննդյան օր չունեմ: Դե լա՛վ, ոչի՛նչ, ցանկացած օր եկեք, ես մի՛շտ ուրախ կլինեմ:
Բայց միգուցե իմ տե՞ղը չգիտեք, որ չեք այցելում: Բացատրեմ. այն տեղը գիտե՞ք, որտեղ տարբեր թափոններ, հեռացված օրգաններ և այդ տիպի բաներ են թափում: Ահա, հենց այդտեղ: Մի քիչ տհաճ է, իհարկե, բայց դուք երկար չեք մնա, մի հինգ րոպե: Ախր շա՜տ եմ կարոտել ձեզ, ինչ ծնվել եմ... ավելի ճիշտ՝ ինչ այստեղ եմ ընկել, ձեզանից ոչ-ոքի չեմ տեսել:
Պա՛պ, Պա՛պ ջան, քեզ պիտի մի բանում ուղղեմ, կարելի է, չէ՞:Քեզ անցյալ տարի գործի տեղը հարցրին՝ քանի՞ երեխա ունես, ասեցիր. «մի տղա և մի աղջիկ, իմ նվերներն են Աստծուց»: Պա՛պ, բա ե՞ս, ինձ մոռացե՞լ ես /չնայած, ախր դու ինձ չես էլ տեսել
/: Բա Մաման, անցյալ օրը Քուրոյին ասում է. «այդ մի եղբայրն ունես աշխարհի երեսին, հետն այդքան մի՛ կռվիր»: Մա՛մ ջան, մե՛կ չէ, երկո՛ւ, մոռացե՞լ ես ինձ:
Գիտեք՝ ո՞ւմ է տեսնում հոգիս այնտեղ, ուր լուսավոր է: Չեք հավատա, որ ասեմ: Հովհաննես առաքյալի՛ն: Այո՛, այն բարի սուրբ պապիկին, որ ամեն քայլափոխին բոլորին սովորեցնում է սիրել միմյանց: Այնքա՜ն բարի դեմք ունի: Երբ ինձ տեսնում է, միշտ ժպտում է, գլուխս շոյում: Գիտեմ, որ շատ եք նրան սիրում ու աղոթում, որ բարեխոսի մեր ընտանիքի համար, ես էլ եմ խնդրում ու նա միշտ բարեխոսում է: Ինչ մեղքս թաքցնեմ, որ չէիք գալիս ինձ մոտ այդքան երկար ժամանակ, մի պահ նեղացել էի ձեզանից: Բայց Հովաննես պապիկը խոսեց հետս, բացատրեց, որ դուք ինձ շատ եք սիրում, որ պարզապես այդ ժամանակ, երբ պետք է լիներ իմ ծնունդը, ծանր կացություն էր ընտանիքում, դժվար էր ապրելը, երեխաներին կերակրելը... Հետո հարցրեց, թե ձեզ ինչքա՞ն եմ սիրում: Ասացի՝ ամպի չափ: Ասաց՝ ուրեմն պետք է ներես, եթե սիրում ես: Ես էլ ներեցի:
Այսօր էլի տեսա նրան, ձեռքին մի գիրք կար, որի մեջ գրում էր: Հարցրի՝ ի՞նչ է գրում: Ասաց՝ Քրիստոսի մասին Ավետարան: Մտածկոտ տեսք ուներ: Հարցրի, թե ի՞նչի վրա է մտածում: Ասաց, որ ուզում է նկարագրել, թե Քրիստոսին ինչպես ընդունեցին իր հարազատները: Կատակով ասացի. «Հովհաննես պապիկ, արի՛, ես քեզ օգնեմ»Նայեց վրաս ժպիտով ու ասում է. «Դու ինձ իսկապես օգնեցիր, ձագո՛ւկս» /Ես էլ չհասկացա՝ ինչով
/, ու ինչ-որ բան գրեց իր գրքում: Խնդրեցի, որ ցույց տա, թե ինչ է գրել: Այ այսպիսի բան էր գրել. «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» /ես կարդալ էլ գիտեմ/
Վա՜յ, այս ինչ երկար նամակ ստացվեց:Դե լավ, Բարև՛, Պա՛պ ջան, Մա՛մ ջան, Ապե՛ր ջան, Քո՛ւրո ջան, շնորհավոր Ամանոր և հատկապես Սուրբ Ծնունդ
Մի անգամ եկեք, է՛լի: Ես ձեզ շա՜տ եմ սիրում
Ձեր արհեստական վիժեցված տղա:
Էջանիշներ