User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Առաջարկում եմ այս թեմայում քննարկել քաղաքական հնարավոր տարբեր ռազմավարությունները, դրանց արդյունավետությունը, նպատակահարմարությունը և այլն:
    Որպես թեմայի սկիզբ կդնեմ Նիկոլ Փաշինյանի վերլուծությունների առաջին մասը: Շարունակությունը պիտի որ լինի վաղը.


    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ


    ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբում բանաձեւի նախագծի ընդունումից հետո, որով առաջարկվում է ԵԽ հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Հայաստանի իշխանությունները ներքաղաքական հարցերում կոշտացրել են իրենց դիրքորոշումները։

    ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ապա եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ակնհայտորեն Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վերջին օրերին մեկը մյուսի ետեւից հայտարարեցին, որ մարտի 1-ին ընդդիմությունը հեղաշրջման փորձ է արել։ Տվյալ դեպքում խնդիրը ամենեւին էլ այն չէ, թե ինչպիսի իմաստ են ստանում այս հայտարարությունները ընթացող դատավարության ֆոնին։ Այս պահին ընդամենը արձանագրենք, որ իշխանությունը կոշտացնում է դիրքորոշումը` ցույց տալով, որ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին։

    Սրան հակառակ` Հայ ազգային կոնգրեսը` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դիրքորոշման կոշտացման, այսինքն` ներքաղաքական իրավիճակի լարումը մեծացնելու փորձ անգամ չի անում։ Կոնգրեսի վերջին համաժողովի ընթացքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Մոնիտորինգի հանձնախմբի որոշման լույսի ներքո վերանայել հանրահավաքների ժամանակավոր դադարի մասին որոշումը։ Իհարկե, չի բացառվում, որ ասենք` հունվարի կեսերին կամ ցանկացած պահի կարող են հանրահավաքներ սկսվել, բայց այս պահին Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հստակ է` հանրահավաքները վերսկսելու հիմքեր չկան։ Նույն համաժողովում ունեցած ելույթում Տեր-Պետրոսյանը ըստ էության իշխանություններին երկխոսության կոչ է անում` ինչպես նախկինում, այսօր էլ դրա միակ նախապայման համարելով քաղբանտարկյալների ազատ արձակումը։

    Առաջին հայացքից տարօրինակ բան է տեղի ունենում։ Թվում է, թե ԵԽ հայտնի որոշումից հետո իշխանությունները պետք է շեշտադրումներում որոշակի մեղմացում մտցնեն, որովհետեւ ԵԽ-ում անհաջողություն են կրել, որի հետեւանքները կարող են ծանր լինել։ Սրան հակառակ` տեղի ունեցածը հաջողություն է ընդդիմության համար, ըստ այդմ` ենթադրվում է որոշակի ոգեւորություն այս ճամբարում։ Նման բան, սակայն, տեղի չի ունենում, եւ առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունը իրեն վստահ է զգում, ընդդիմությունը, ընդհակառակը, ցուցաբերում է երկչոտություն։ Նման տպավորությունը, սակայն, կարող է միայն իրավիճակի մակերեսային ընկալման արդյունքում առաջանալ, եւ խորքային վերլուծությունը բոլորովին հակառակ պատկեր է գծագրում` ընդդիմության, մասնավորապես` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնավստահություն եւ համոզվածություն, իշխանության անվստահություն եւ երկչոտություն։ Կարեւոր է ընդգծել, որ սա ոչ թե վերջին մի քանի օրերին ստեղծված իրավիճակի, այլ ետմարտիմեկյան քաղաքական ողջ ժամանակաշրջանի ամփոփ գնահատականն է։ Եւ ուրեմն, ինչում է արտահայտվում իշխանության երկչոտությունը։

    բոլոր ձվերը` մեկ զամբյուղում

    Դեռեւս 2008 թվականի փետրվարի 19-ի նախաշեմին Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը իրեն հաշիվ էր տալիս, որ իշխանությունը պահելու մի տարբերակ ունի` ընդդիմության ակտիվ հատվածին բանտերը լցնելը եւ այդ հատվածի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչների բանտերում պահելը։ Ընդ որում` ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. չեմ ասում, թե իշխանությունը նման որոշում կայացրել է մարտի 1-ի պատճառով կամ դրա նախաշեմին։ Այդ որոշումը կայացվել է շատ ավելի վաղ, եւ սրա ապացույցն է այն, որ արդեն փետրվարի 19-ին` նախագահական ընտրությունների օրը, ԱԱԾ-ն պաշտոնապես սկսել է լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսները, հսկողության տակ պահել նրանց էլեկտրոնային նամակագրությունը (մինչ այդ լսումները ոչ պաշտոնական բնույթ են կրել)։ Իսկ արդեն փետրվարի 24-ին ԱԱԾ-ն պետական իշխանությունը յուրացնելու «փաստի առիթով» քրեական գործ էր հարուցել ընդդիմության դեմ, եւ այդ գործի հարուցման որոշման մեջ, որը կայացվել է, ուշադրություն դարձրեք, դեռեւս 2008 թվականի փետրվարի 24-ին, արդեն իսկ շոշափվում էին այն մարդկանցից շատերի անունները, ովքեր ներկայումս կալանավորված են «7-ի գործով» կամ էլ գտնվում են հետախուզման մեջ։

    Այս ամենը վկայում է, որ ամենեւին էլ մարտի 1-ը չէ այդ մարդկանց ձերբակալելու պատճառ դարձել։ Ի՞նչ է դա նշանակում։ Ընդամենը մի բան. Սերժ Սարգսյանը իշխանության հասնելու եւ այդ իշխանությունը պահելու միայն մի ծրագիր, մի եղանակ, մի մեթոդ ունի, եւ այդ մեթոդը քաղբանտարկյալներին բանտերում պահելն է, այսինքն` ընդդիմության գործունեությունը հնարավորինս կաշկանդելը։

    Մարտի 1-ին հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը ռեպրեսիվ մեթոդներից բացի չունի իշխանությունը պահելու որեւէ այլ տարբերակ, եւ նրա ճամարտակությունները` հանրության հետ երկխոսություն սկսելու, բարեշրջումներ իրականացնելու ուղղությամբ, ընդամենը էժանագին տրյուկներ են։ Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը չի ուզում այդ ամենը անել։ Պարզապես նրա իշխանությունը հիմնված է այն ամենի վրա, ինչի վերացմանը, սկզբունքորեն, պետք է ծառայեն այդ բարեփոխումները։ Ասել է թե` կյանքում իրագործել այդ տերմինաբանությունը, կնշանակի գնալ սեփական իշխանության ոչնչացման ճանապարհով։ Ինքներդ դատեք` ինչի հաշվին պիտի փող աշխատի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, եթե զրկվի ապօրինություններ թույլ տալու իրավունքից։ Կամ օլիգարխները, կամ կաշառված ու խամաճիկային դատարաններն ու իրավապահ համակարգը, որ գործող իշխանության հենասյուներն են. մի՞թե Սերժ Սարգսյանը կքանդի այս սյունը, որի վրա հենված է։

    Բայց Սերժ Սարգսյանի վիճակը այնքան հուսահատ է, որ այս հենասյուների պահպանությունն անգամ չի երաշխավորում նրա իշխանությունը։ Այլեւս չի երաշխավորում, որովհետեւ Հայաստանում գոյություն ունի որակապես նոր ընդդիմություն։ Եւ Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու միայն մեկ տարբերակ ունի` բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել այդ ընդդիմության գործունեությունը։ Ակտիվիստներին բանտերում պահելը դրա ամենագործուն կամ միակ գործուն տարբերակն է։

    Եւ երբ այս համատեքստում ենք դիտարկում ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի առաջարկից հետո Սերժ Սարգսյանի դիրքորոշման կոշտացումը, հասկանալի է դառնում, որ այդ կոշտացումը ընդամենը սերժական թիմի թուլության, խուճապի, անելանելիության վկայությունն է։ Բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին խորհուրդ են տալիս ազատ արձակել քաղբանտարկյալներին, նրան խորհուրդ են տալիս համակերպվել իշխանությունից մոտալուտ հեռացման մտքի հետ, որովհետեւ այդ մարդը չգիտի, չի պատկերացնում իշխանությունը պահելու ուրիշ բանաձեւ։ Եւ ի դեպ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հարցի հետ կապված ինչ-ինչ քայլեր անելով` փորձում է արտաքին լեգիտիմություն ձեռք բերել։ Իրականում` բոլոր այդ քայլերը արվում են հանուն քաղբանտարկյալներին բանտերում պահելու հնարավորության, որովհետեւ դա իշխանությունը պահելու միակ, ինչպես ակնհայտ է դառնում` հուսահատ տարբերակ է։
    Այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտնվել է բոլոր ձվերը մեկ զամբյուղում դրածի կարգավիճակում, այսինքն` նա չի պատկերացնում, թե ինչպես կարելի է պահել իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո։ Նրանց ազատելու, ապա եւ ֆիզիկապես վերացնելու տարբերակին նա դեմ չի լինի, իհարկե, բայց դե ոչ մի երաշխիք չկա, որ դա կարելի է մարսել այնպես, ինչպես մարսվեց հոկտեմբերի 27-ը։ Այսպիսով` Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու մի եղանակ ունի` քաղբանտարկյալներին բանտերում պահելը։


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    շարունակություն

    տակտիկական մրցախաղ

    Սեփական սցենարում բազմազանության ակնհայտ դեֆիցիտը գնահատելով` Սերժ Սարգսյանը փորձեց խաղի իր կանոնները պարտադրել ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Նա փորձեց այնպես անել, որ քաղբանտարկյալների խնդիրը Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմության համար նույնպես դառնա կենաց-մահու հարց, ինչպիսին է իր համար։ Հաշվարկը, ըստ էության, հասկանալի էր. եթե ընդդիմության համար քաղբանտարկյալների հարցը դառնում է կենաց-մահու, լինել-չլինելու հարց, այդ ընդդիմությանը չեզոքացնելու համար հարկավոր է ընդամենը քաղբանտարկյալներին բաց չթողնել եւ ընդդիմությանն էլ զրկել ակտիվ պայքարի հնարավորությունից։ Տեր-Պետրոսյանը որոշեց չտրվել այս խաղին, եւ իր ղեկավարած շարժման նպատակ հռչակեց ոչ թե քաղբանտարկյալների ազատությունը, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ նրա խամաճիկային խորհրդարանի լուծարումը։ Որպես այդ պահանջների քաղաքական կրող` Տեր-Պետրոսյանը նախաձեռնեց Հայ ազգային կոնգրեսը։

    Սրան ի պատասխան` Սերժ Սարգսյանը որոշեց վճռական մարտ ձեռնարկել։ Արտաքին քաղաքականության մեջ աննախադեպ զիջումների գնալով, մի քանի անգամ «Եվրոնյուզի» էկրաններին երեւալով` նա որոշեց ընդդիմությանը բաց ճակատամարտում ջախջախելու փորձ անել։ Պլանը հետեւյալն էր. ընդդիմությունը ծավալում է հանրահավաքային նոր շարժում, եւ ինքը ուժի կիրառմամբ ցաքուցրիվ է անում այդ շարժումը եւ քաղբանտարկյալների թիվը կրկնապատկում։ Ու քանի որ միջազգային հանրությունը խոստանում էր չնկատելու տալ փոքրիկ երկրում տեղի ունեցած այդ փոքրիկ իրադարձությունը, Սերժ Սարգսյանի ծրագիրը անթերի էր թվում։ Մնում էր այն իրականացնել։

    Տեր-Պետրոսյանը ծանր ընտրության առաջ էր` գնա՞լ «վճռական մարտի», թե՞ չգնալ։ Նկատելի էր, որ առաջին նախագահը երկար ժամանակ ծանրութեթեւ է անում այս հարցը։ Ճիշտ է, հանրահավաքներ տեղի էին ունենում, բայց ակնհայտ էր, որ այդ հանրահավաքների նախապատրաստությունն իրականացվում է ոչ ամբողջ ուժով։ Ամռանը եւ աշնանը տեղի ունեցած բոլոր հանրահավաքները կարող էին շատ ավելի բազմամարդ լինել, բայց չեղան, որովհետեւ Տեր-Պետրոսյանը ժամանակ էր ձգում` որոշում կայացնելու համար։ Ի վերջո, նա հրաժարվեց Սերժ Սարգսյանի «վճռական ճակատամարտի» առաջարկն ընդունել եւ որոշեց նահանջել` հոկտեմբերի 17-ին հայտարարեց զանգվածային հրապարակային միջոցառումների դադար։ Իհարկե, հասկանալի էր, որ ընդդիմությունը այդ պահին չպետք է ընդունի «վճռական ճակատամարտի» հրավերը, որովհետեւ արտաքին աշխարհում ստեղծվել էր մի իրավիճակ, որը, ըստ էության, երաշխավորում էր իշխանության հաղթանակը։ Սպասվում էր, սակայն, որ ընդդիմությունը կփորձի ժամանակ ձգել, հետաձգել լուծումները։ Բայց որ նահանջը այդքան մասշտաբային կլինի, որ նահանջը կմոտենա պայքարը դադարեցնելու սահմանագծին` ոչ ոք չէր սպասում։

    Եւ ահա, իշխանությունը Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի որոշումը ընկալեց որպես սեփական տրիումֆ, հաղթանակ` առանց ճակատամարտի։ Այդ գնահատականը, սակայն, վաղաժամ էր, որովհետեւ առաջին նախագահի այսօրինակ նահանջը վակուում առաջացրեց Սերժ Սարգսյանի գործողություններում։ Աշխատանքի նախապատրաստվող իշխանական մեքենան զրկվել էր կարեւոր դետալից` ընդդիմության հանրահավաքային շարժումից։

    Սերժ Սարգսյանը հաշվարկել էր այսպես. ինքը արտաքին աշխարհին խոստումներ կտա, որի արդյունքում հնարավորություն կստանա վերջնականորեն ջախջախել ընդդիմությանը` այն հասցնելով չգոյության մակարդակի։ Սրանից հետո, երբ այլեւս ոչինչ չի սպառնա իր իշխանությանը, հնարավոր կլինի մանր-մանր ետ կանգնել արտաքին քաղաքական զիջումներից։

    Չնայած Տեր-Պետրոսյանը նահանջեց, իշխանությունը սկսեց իրագործել իր ծրագիրը։ Եւ սա, թերեւս, մտնում էր առաջին նախագահի հաշվարկների մեջ։ Ընդդիմությունը կարող էր դադարի մասին հայտարարել սեպտեմբերին, բայց դա արեց ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը համոզվեց, որ Սերժ Սարգսյանը մտել է խաղի մեջ, այսինքն` չի կարող նահանջել։ Այդպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի պլանը, ըստ էության, գործեց վերջին ամիսներին, այն տարբերությամբ, սակայն, որ չիրագործված մնաց նրա ամենակարեւոր հատվածը, ավելի ճիշտ` այն նպատակը, որի իրագործման համար գծագրվել էր նշված ծրագիրը, այն է` ընդդիմության ջախջախումը մինչեւ չգոյություն։

    Հայաստանում ընդդիմություն գոյություն ունի, այն շարունակում է մնալ ուժեղ, իսկ արտաքին քաղաքականության բնագավառում գործող իշխանությունը զիջել է` ինչ հնարավոր էր զիջել` փոխարենը չստանալով ոչինչ, փոխարենը ունենալով միայն նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանում իշխանություն ունենալու «հաճույքը»։ Սերժ Սարգսյանը արդեն իսկ արտաքին քաղաքական ճգնաժամ է ապրում, եւ ահա այս ճգնաժամի արգասիքն է ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտնի որոշումը։ Եւ Տեր-Պետրոսյանը հենց սա նկատի ունի, երբ ասում է, թե ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի հայտնի որոշումը ոչ միայն Համաժողովրդական պայքարի համառության, այլեւ հոկտեմբերի 17-ին ազդարարված նոր մարտավարության արդյունք է։ Այդ մարտավարության արդյունքում Սերժ Սարգսյանը հայտնվել է փակուղում, չունի այլեւս նահանջի տեղ եւ ստիպված է կամ կանգ առնել, կամ ինքնամոռաց առաջ մղվել։

    հարձակում աջ թեւից

    Տեր-Պետրոսյանի ձեռնարկած նահանջը, սակայն, ունեցավ մի շատ կարեւոր առանձնահատկություն։ Չնայած նահանջին` ընդդիմությունը չանցավ պաշտպանական մարտավարության, այլ շարունակեց հավատարիմ մնալ հարձակողական գործելակերպին։ Տվյալ դեպքում, սակայն, հարձակումը հրետանային էր, այսինքն` հեռակա, ինչը նվազագույնի էր հասցնում զոհերի հնարավորությունը։ Դա արտահայտվեց նրանով, որ Հայ ազգային կոնգրեսը, օգտվելով հանրահավաքային դադարից, բոլոր ուժերը կենտրոնացրեց քոչարյանասերժական իշխանության հանցավոր բնույթը ապացուցող փաստերի հավաքագրման վրա։ Այս կարգի իրադարձությունների շարքին կարելի է դասել հենց թեկուզ դիպուկահարի հետ կապված պատմության բացահայտումը, մարտի 1-ի շրջանակում հարուցված քրեական գործերից մեկի անհետացումը եւ այսօրինակ բազմաթիվ փաստեր։ Այսինքն` Տեր-Պետրոսյանը ամենեւին չի փորձում ապացուցել ընդդիմության անմեղությունը. նրա խնդիրը իշխանության հանցավոր լինելը ապացուցելն է։ Այս խնդրի լուծումը, իհարկե, չի կարելի վերջնական համարել, բայց ակնհայտ է, որ հանրահավաքային դադարի ընթացքում այն հսկայական առաջընթաց է ունեցել, եւ հրետանային այդ կրակը անվերականգնելի վնաս է հասցրել ավազակապետությանը։ Վնաս, որն այլեւս հնարավոր չի լինի վերականգնել։

    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Այսինքն` Տեր-Պետրոսյանը ամենեւին չի փորձում ապացուցել ընդդիմության անմեղությունը. նրա խնդիրը իշխանության հանցավոր լինելը ապացուցելն է։
    Շատ հետաքրքիր է, թե իշխանության հացավոր լինելը ում է ապացուցվում…
    կա՞ արդյոք աշխարհում գոնե մի շահագրգիռ անձնավորություն, որ մի վայրկյան անգամ կասկածում է Քոչ-Սերժ դուետի կատարյալ /քրեական, քաղաքացիական, մարդկության դեմ կատարած հանցանքներ և այլ/ հանցագործ լինելու մեջ:

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր է, թե իշխանության հացավոր լինելը ում է ապացուցվում…
    կա՞ արդյոք աշխարհում գոնե մի շահագրգիռ անձնավորություն, որ մի վայրկյան անգամ կասկածում է Քոչ-Սերժ դուետի կատարյալ /քրեական, քաղաքացիական, մարդկության դեմ կատարած հանցանքներ և այլ/ հանցագործ լինելու մեջ:
    Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի «անմեղսունակները» կան, ովքեր այդպիսի թյուրիմացության մեջ են ու անդրադառնանք մյուս տիպին: Բազում են նրանք, ովքեր գիտեն ու չտեսնելու են տալիս՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Ու կա խնդիր փաստերի ճնշման տակ հարկադրել նրանց, որ բարձրաձայն ընդունեն այս եղելությունն իր բոլոր հետևանքներով, որ պարզապես հնարավորություն չունենան չբարձրաձայնելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    շարունակություն

    2, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ


    ելույթ դեկտեմբերի 21-ին

    Հայ ազգային կոնգրեսի` կիրակի օրը տեղի ունեցած համաժողովում Տեր-Պետրոսյանը ամփոփեց հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածը` ըստ էության ցուցադրելով, որ պրոցեսը գտնվում է վերահսկողության ներքո, որ այս ընթացքում ընդդիմությունը ծանրակշիռ առաջընթաց է արձանագրել։ Տոնայնության իմաստով, սակայն, դեկտեմբերի 21-ի ելույթը, մեծ հաշվով, չտարբերվեց հոկտեմբերի 17-ի ելույթից եւ նրա հետ ունեցավ մեկ ընդհանրություն։ Թեկուզ անուղղակիորեն` Տեր-Պետրոսյանը շարունակում է դիմել Սերժ Սարգսյանին, շարունակում է դիմել իշխանությանը` նրան կոչ անելով երկխոսության մեջ մտնել ընդդիմության հետ։

    Տեր-Պետրոսյանը ցուցադրում է, որ չի պատրաստվում օգտվել ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի որոշումից` ներքաղաքական կյանքում նոր պրոցեսներ հարուցելու համար, եւ ուզում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը եւս մեկ անգամ, հանգիստ պայմաններում, առանց լարվածության մտածի քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդրի շուրջ։
    Ճի՞շտ է վարվում արդյոք Տեր-Պետրոսյանը. չէ՞ որ մարտի 1-ից հետո այսօրինակ կոչերը բազմիցս են հնչել, եւ դրանք ոչ մի, բացարձակապես ոչ մի արձագանքի չեն արժանացել իշխանության կողմից։ Իսկ սա նշանակում է, որ այդօրինակ կոչերը մի ինչ-որ պահի կարող են ծիծաղելի հնչել` անգամ Հայաստանի հիմնադիր-նախագահի շուրթերից։ Իշխանությունը վաղուց արդեն այդ կոչերին հենց քմծիծաղով էլ վերաբերվում է, իսկ Տեր-Պետրոսյանի համակիրները այդ կոչերին հետեւում են նյարդային ջղաձգությամբ։ Նրանք չեն ուզում, որ իրենց առաջնորդի խոսքերը մեկնաբանվեն որպես թուլության դրսեւորում, որպես հուսահատության արգասիք։ Առաջին նախագահը նույնպես զգում է, որ այսօրինակ խնդիր կա եւ դեկտեմբերի 21-ի ելույթում մի քանի անգամ խոսում է ավազակապետության կազմաքանդման, փլուզման մասին։ «Ավազակապետությունը վաղ թե ուշ կազմաքանդվելու է, ընդ որում, թերեւս, ավելի վաղ, քան պատկերացնում եք»,- համաժողովի մասնակիցներին, ողջ հանրությանն է դիմում Տեր-Պետրոսյանը։ Ընդ որում, նա չի ասում` ավազակապետությունը կազմաքանդվելու է շատ ավելի վաղ, քան պատկերացնում ենք, ասում է` ավելի վաղ, քան պատկերացնում եք։ Այսինքն` առաջին նախագահը սեփական պատկերացումները հակադրում է շատերի, ընդ որում` նաեւ իշխանությունների պատկերացումներին, որովհետեւ այս ելույթի հասցեատերը միայն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները չեն, այլեւ ողջ հանրությունը, ասել է թե` նաեւ իշխանությունը։ Տեր-Պետրոսյանը մի կողմից` խոսում է ավազակապետության կազմաքանդման մասին, մյուս կողմից` ազդարարում երկրի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու անթույլատրելիությունից, եթե անգամ այդ գնով Հայ ազգային կոնգրեսը հազար տարի իշխանության չգա։ Ընդ որում, խոսելով հազար տարի իշխանության չգալու հնարավորության մասին` հենց հաջորդ նախադասությամբ է ընդգծում, որ ավազակապետությունը փլուզվելու է շատ ավելի վաղ, քան «պատկերացնում եք»։
    Բայց եւ այնպես, այս նախադասության մեջ օգտագործում է «թերեւս» բառը` չարժեզրկելու համար հազար տարի իշխանության չգալու պատրաստակամությունը։ Մյուս կողմից` դիմում է իշխանություններին` երկխոսության հորդորով։ Ասում է, թե հանրահավաքները չեն վերսկսվելու, բայց ցանկացած պահի կարող են վերսկսվել։
    Ի՞նչ է այս ամենը նշանակում, եւ ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը այսպիսի` առաջին հայացքից հակասական դիրքորոշումներով հանդես գալիս, այսպիսի անորոշություն ներշնչում։ Ելույթի այդ հատվածը ինձ հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրած պետական գործիչներից մեկին` Շառլ դը Գոլին։ Երբ վերջինս Ալժիրի խնդրի ահագնացման ժամանակներում այցելում է այդ երկրամաս, տեղի ֆրանսիացիները նրան տրիումֆալ ընդունելության են արժանացնում։ Քաղաքի հրապարակներից մեկում հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվում, վանկարկում դը Գոլի անունը։ Վերջինս բարձրանում է հարթակ եւ արտասանում մի այսպիսի նախադասություն. «Ես ձեզ հասկացա»։ Եւս մի քանի անորոշ նախադասություններ, որոնցից այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ինչ է հասկացել նա եւ ինչ է պատրաստվում անել` ըստ այդմ։ Մինչեւ հիմա պատմաբանները այս դրվագը համարում են հրապարակային քաղաքական գործունեության համաշխարհային պատմության ամենահանճարեղ եւ առեղծվածային պահերից մեկը եւ գլուխ են կոտրում այն հարցի վրա, թե հատկապես ի՞նչ էր հասկացել դը Գոլը հարյուր հազարավոր մարդկանց վանկարկումներից, մանավանդ որ` ի վերջո նա անկախություն տվեց Ալժիրին, մինչդեռ վերը նշված օրը վանկարկողները նրանք էին, ովքեր Ալժիրը համարում էին Ֆրանսիայի անբաժանելի մաս։
    Բայց վերադառնանք Երեւան. ի՞նչ է թաքնված Տեր-Պետրոսյանի հակասական, անորոշ խոսքերի տակ, ինչո՞ւ է նա իշխանություններին թեկուզ անուղղակի կոչ անում ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ երկխոսություն սկսել Հայ ազգային կոնգրեսի հետ։ Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն հայտնում բանակցել այն մարդկանց հետ, որոնց համարում է հանցագործ, որոնք, իր կարծիքով, վաղ թե ուշ ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Հակասություններ, հակասություններ, որոնց արդյունքում ցանկացած քաղաքացի ինքն իրեն հարց է տալու. ի՞նչ է մտածում Տեր-Պետրոսյանը։ Մի՞թե նա չի մտածում վճռական պայքարի, սերժանտներին տապալելու եւ ժողովրդի աջակցությամբ իշխանության հասնելու մասին։
    Ոչ, սիրելի ժողովուրդ, Տեր-Պետրոսյանը այս ամենի մասին չի մտածում։
    Տեր-Պետրոսյանը մտածում է ոչ թե իշխանության գալու, այլ իշխանության հասնելուց հետո սպասվող գործունեության, այդ իշխանական բեռը արժանապատիվ կրելու, այդ իշխանության, այսինքն` իր ղեկավարած Հայաստանի համար առավելագույնս նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին։ Նպաստավոր պայմաններ` ոչ թե իշխանությունը պահելու, այլ ժողովրդին չհիասթափեցնելու, տվյալ իրավիճակում Հայաստանի համար առավելագույնը անելու համար։
    Ով` ով, բայց Տեր-Պետրոսյանը գիտի, որ այս իշխանությունը որեւէ լավ բան անել չի կարող Հայաստանի համար, որ այդ իշխանությունը Հայաստանին օգուտ տալու ոչ ինտելեկտուալ, ոչ բարոյական, ոչ քաղաքական ռեսուրս չունի։ Բայց եւ նույն ինքը` Տեր-Պետրոսյանը գիտի, որ այս իշխանությունը` Սերժ Սարգսյանի իշխանությունը, Հայաստանին վնասելու, այն կործանելու անսահմանափակ ռեսուրս ունի։ Տեր-Պետրոսյանը չի ուզում, որ գործող իշխանությունը հայտնվի անկյուն քշվածի կարգավիճակում, որովհետեւ լավ գիտի, որ այդ վիճակում հայտնված իշխանության պոտենցիալը` վնասելու, կործանելու առումով, կրկնապատկվում է։ Մյուս կողմից` առաջին նախագահը տեսնում է, որ Սերժ Սարգսյանը ինքն իրեն քշում է անկյուն եւ որքան շատ է դա անում, այնքան ավելի մոլեռանդ է դառնում։ Տեր-Պետրոսյանը, այո, չի դադարում իշխանությանը դիմել, չի վախենում անգամ, որ այդ դիմումները կարող են ընկալվել որպես թուլության նշան. նա հույս ունի, թե իր հայտարարությունները կընկալվեն ոչ թե կենդանական բնազդներով, այլ մարդկային գիտակցությամբ, բանականությամբ։ Ահա եւ նրա ելույթում հնչում է մի այսպիսի` թվում է հուսահատ, միեւնույն ժամանակ` սպառնալից, միեւնույն ժամանակ` հույսի պարբերություն. «Շարժումն, ըստ այդմ, անկասելի է, եւ նրա թափը օր օրի հզորանալու է։ Ուստի իշխանությունները թող զուր հույսեր չփայփայեն, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով` կարող են մեզ ծնկի բերել։ Դրանով նրանք իրականում վնասում են ոչ թե մեզ, այլ, առաջին հերթին, երկրի հեղինակությանը եւ Ղարաբաղի դատին։ Այսինքն` վտանգ է ստեղծվում, որ վարչախմբի քինախնդրությունը ու քաղաքական հաշվեհարդարը վերջիվերջո կարող են վերածվել պետական դավաճանության, որի աղետալի հետեւանքները բաժին են ընկնելու ողջ ազգին։ Քանի դեռ ուշ չէ, իշխանությունները պետք է հրաժարվեն Շարժումը ջախջախելու անիմաստ մտքից եւ անկեղծ երկխոսություն սկսեն նրա հետ, որի միակ նախապայմանը` արձանագրված նաեւ Եվրախորհրդի բանաձեւերում, քաղբանտարկյալների ազատ արձակումն է»։
    Ահա սա է Տեր-Պետրոսյանի մտահոգությունը։ Այն, որ ինքը առաջիկայում ստանձնելու է երկրի նախագահի պաշտոնը, ինքնին հասկանալի է` պրոցեսը սկսվել է եւ շարունակում է ընթանալ։ Բայց առաջին նախագահ, ստրատեգիական մտածողության կրող լինելով, փորձում է իրենից կախված ամեն ինչ անել, որ իր իշխանության գալու պահին որեւէ բան փոխելը անհնար չլինի, որ Հայաստանը ավազակապետության գործունեության արդյունքում սպառած չլինի բոլոր ռեսուրսները, շտկվելու, ոտքի կանգնելու, արժանապատիվ հասարակություն ունեցող արժանապատիվ երկիր լինելու հնարավորությունը։ Տեր-Պետրոսյանի այս մտահոգությունը հասկանալի է. հիմա արդեն տեղի են ունեցել անշրջելի պրոցեսներ. Հայաստանի կենտրոնում սպանվել է տասը քաղաքացի` երկրի բարձրագույն իշխանության հրամանով։ Ղարաբաղի հարցում տեղի են ունեցել պրոցեսներ, որոնք այլեւս անշրջելի են, երկիրը գտնվում է տնտեսական կրախի շեմին։
    Այսպիսով, Տեր-Պետրոսյանը ընթացիկ քաղաքական շրջանում մտածում է ոչ միայն երկրում իշխանափոխություն իրականացնելու, այլեւ այն մասին, թե ինչպիսի իրավիճակ կլինի իր` իշխանության հասնելու պահին։ Եւ այստեղ նրա մտահոգությունները ահագնանում են. նա զգում է, որ Սերժ Սարգսյանը, իշխանությունը պահպանելու մոլուցքով տարված, պատրաստ է հասնել դավաճանության, այսինքն` մսխել Հայաստանի բոլոր կենսական ռեսուրսները` «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Տեր-Պետրոսյանը չի ուզում ավերակների վրա կառավարողի կարգավիճակում հայտնվել, մանավանդ, որ մի անգամ արդեն հայտնվել է այդպիսի կարգավիճակում։ Եւ ճակատագրի հեգնանքն է, որ միջազգային ֆինանսական ճգնաժամը Հայաստանին հարվածեց հենց այս ժամանակահատվածում, ճակատագրի հեգնանքն է, որ պղնձամոլիբդենային հսկայական համալիրները, «Նաիրիտը» հենց այս ժամանակահատվածում կանգնեցին խնդիրների առաջ։ Խորհրդային Միության փլուզումը, ըստ էության, նույնպես տնտեսական ճգնաժամի հետեւանք էր` նավթի, մետաղի գների աննախադեպ անկման հետեւանք։ Եւ ահա, այդ փլուզված երկրի մի հատվածի` նորանկախ Հայաստանի կառավարումը ստանձնելով` Տեր-Պետրոսյանը իսկապես հայտնվեց ավերակների կառավարիչի կարգավիճակում։ Նրա իշխանության գրեթե ողջ շրջանում պղնձի, մոլիբդենի գները միջազգային շուկայում այնքան ցածր էին, որ Հայաստանի համապատասխան գործարաններին ձեռնտու չէր անգամ արդյունահանում իրականացնել, որովհետեւ վերջնական արտադրանքի ինքնարժեքը շատ ավելի բարձր էր, քան այդ մետաղների միջազգային շուկայական գինը։ Բնականաբար, այդ փակված գործարանների աշխատակիցները, նրանց ընտանիքները իրենց գործազրկությունը կապում էին «քանդարար Լեւոնի» գործունեության հետ։ Պատկերացրեք ահա. Տեր-Պետրոսյանը 2008-ի փետրվարին ստանձնում էր նախագահի պաշտոնը, եւ մի քանի ամիս անց գլոբալ տնտեսական ճգնաժամը հարվածում էր Հայաստանին։ Ո՞վ կարող էր գործազուրկ դարձած, եկամուտներից զրկված հազարավոր սյունեցիներին, ալավերդցիներին, նաիրիտցիներին, ուղղակի` հայաստանցիներին բացատրել, որ խնդիրը Լեւոնի «քանդարարությունը» չէ, ո՞վ կարող էր մարդկանց համոզել, որ Հայաստանի տնտեսական աճը սկսել է 90-ականների կեսերին, եւ այսօր մենք կանգնած ենք առաջին սերնդի բարեփոխումների աննպատակ մսխման տխուր փաստի առաջ։

    Տեր-Պետրոսյանը այս իմաստով լրջագույն մտահոգություններ ունի եւ իշխանություններին, այո, հորդորում է չխլել Հայաստանի վերջին շանսը, ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ բանակցություններ սկսել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, այսինքն` խաղաղ իշխանափոխության վերաբերյալ։ Այսպես թե այնպես` դա տեղի է ունենալու, բայց կարեւոր է նաեւ, թե ինչպիսին կլինի Հայաստանը այդ հանգրվանին հասնելու պահին։ Ավելի ճիշտ` հարկավոր է այնպես անել, որ այդ պահին Հայաստանը լինի առավելագույնս բարվոք վիճակում։
    Ահա սա է Տեր-Պետրոսյանի ռազմավարական մտահոգությունը, որը բացահայտվեց 2008 թվականի հոկտեմբերի 17-ին, եւ որը գոյություն է ունեցել նաեւ նախկինում։ Այդ ստրատեգիական գծի դրսեւորումներից էր նաեւ 1998 թվականի հրաժարականը։ Ի դեպ, Տեր-Պետրոսյանի հետ ճակատագիրը չար խաղեր է խաղում։ Հսկայական ուժ եւ կամքի աննկարագրելի դրսեւորում պահանջող նրա քայլերը երբեմն մեկնաբանվում են որպես թուլության նշան` իրականում հակառակի, միայն հակառակի ապացույցը լինելով։

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.12.2008, 03:12:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    շարունակություն

    ամփոփում

    Այսպիսով, հոկտեմբերի 17-ից դեկտեմբերի 17-ի ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիական տրիումֆի ժամանակաշրջան։ Մի ժամանակաշրջան, որ ապացուցեց, որ ի դեմս առաջին նախագահի` գործ ունենք պետական-ստրատեգիական մտածողության տեր եւ այդ մտածողությունը իրագործելու ընդունակ բացառիկ գործիչի հետ։ Հայաստանում ընդունված է իրադարձությունները դիտարկել տվյալ իրավիճակի, անձանց` տվյալ պահի կարգավիճակի, տվյալ պահի տրամադրության տեսակետից։ Սա հասկանալի է եւ բնական։ Բայց այնուամենայնիվ, մենք պետք է ամեն ինչ, մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում հաղթանակի ստրատեգիական մտածողությունը, հարցերի ստրատեգիական ընկալումը։ Սա ապագայի հրամայականն է, սա Հայաստանի միակ շանսն է, տեխնոլոգիական գլխապտույտ զարգացումների, մտածողության անհավանական համակարգերի ձեւավորման այս դարում որպես պետություն գոյություն ունենալու եւ գոյատեւելու միակ հնարավորությունը։ Հայաստանը պարտավոր է օգտվել այդ հնարավորությունից։
    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ


    հետգրության կարգով

    Բայց չմոռանանք նաեւ Հայ ազգային կոնգրեսի` հենց ստրատեգիական տրիումֆի ժամանակաշրջանի գործունեության քննադատության մասին։
    1. Ստրատեգիական քայլերը, դրանց պատճառահետեւանքային կապը երբեմն, ավելի ճիշտ` շատ հաճախ, նույնիսկ կարելի է ասել` մշտապես աննկատ են մնում տվյալ ժամանակահատվածում եւ միջավայրում գտնվող անձանց համար։ Եթե ավելի կոնկրետացնելու լինենք, վերջին ամիսները, որ իրավամբ կոչում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ստրատեգիական տրիումֆի ժամանակաշրջան, Համաժողովրդական շարժման հազարավոր ակտիվիստների համար անորոշության շրջան էին, իսկ անորոշությունը իր հետ բերում է քայքայման գործընթացներ։ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստը, մասնակիցը, համակիրը չպետք է իրեն դուրս զգա գործընթացից, չպետք է իրեն անելիքից զրկված համարի։ Հանրահավաքների ծավալման շրջանում այս խնդիրը լուծվում է հենց հանրահավաքներով։ Ցավոք, հանրահավաքների դադարի շրջանում այս խնդիրը շարունակում է մնալ չլուծված, ինչը հղի է այդ թվում եւ ստրատեգիական վտանգներով։ Ի վերջո, ակտիվ հասարակություն ունենալը նույնպես Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող խնդիր է, եւ այս համատեքստում նույնպես անշրջելի կորուստների առաջ կանգնելու վտանգ կա։
    2. Հետեւել եմ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող ուժերի ներկայացուցիչների հրապարակային ելույթներին։ Խոսքը, մասնավորապես, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հնչած ելույթների մասին է։ Եղել են ուղղակի փայլուն նմուշներ, փայլուն հարցազրույցներ։ Բայց եղել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ ակնհայտ է դարձել, որ եթերում հայտնված մեր համախոհը, թող ներվի, առանձնապես պատկերացում չի ունեցել պրիմիտիվագույն հարցերի մասին։ Եթե հաշվի առնենք, թե որքան սահմանափակ են ընդդիմության եթերային հնարավորությունները, այս հարցի կարեւորությունը կտասնապատկվի։ Հասկանալի է, որ Հայ ազգային կոնգրեսում, քաղաքական այդ մեծ թիմում չկա գրաքննություն, այսպես ասած` դեմոկրատական ցենտրալիզմ։ Բայց եթեր հրավիրված ամեն անձ թող բարի լինի հիշել, որ իր խոսքը ընկալվում է որպես հարյուր հազարավորների խոսք, եւ ամենեւին էլ ամոթ չէ եթեր գնալուց առաջ խորհրդակցել, տեղեկանալ, կանխատեսել, քննարկել։ Պատրաստվել` կարճ ասած, մանավանդ որ` դեռ էն գլխից էլ հասկանալի է, որ այս թիմի ներկայացուցիչները եթեր հրավիրվում են ոչ թե հարցազրույցների, այլ ճակատամարտի, որի նպատակը ոչ թե դիմացինին, այլ նրա ետեւում կանգնած իդեալները ոչնչացնելն է։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.12.2008, 03:13:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Վերջին հաշվով Նիկոլը իր բարձրության վրա է համակարգային մոտեցման և այն իրացնելու հարցում:
    Բայց կան նաև իր ասած և չասած բացերը:
    Լևոնը որպես ստրատեգ թող խաղա իր մեծ ու փոքր խաղերը: Ես դրան դեմ չեմ: Բայց, եթե նա չի լինելու շարժման առաջներդը, նախագահի թեկնածուն, այլ լինելու է ընդամենը շարժման կոնստրուկտորը, այպես ասած Պլեխանովը՝ կամ ինչպես Լենինը կասեր՝ ծանր հրետանին:
    Իսկ եթե նա լինելու է առաջնորդը, ապա այս տողատակի նախադասությունները նա պետք է բացեր ու բացատրեր, այլ ոչ թե Նիկոլը: Սա իմ ցանկությունն է:
    Ավելին, առաջին նածագահության ժամանակ էլ նա /Լևոնը/ գնաց այց նույն ճանապարհով /երբ ուրիշները բացատրում էին, թե ինչ էր ուզում ասել կամ անել Լևոնը/, ու արդյունքում այնքան կտրվավ ժողովրդից, որ ժողովուրդը հանձինս իրեն սկսեց տեսնել միայն իր դուշմանն ու նավսերի թիրախին: Ամենաթույլ կետը Լևոնի եղել է և կա այժմ էլ սա: Սրա արդյունքում կարող է և նա գա իշխանության և կարող է և նա իրականացնի խոշոր հայանպաստ քայլեր, բայց դա երբեք էլ ժողովուրդը չի հասկանա ու չի գնահատի: Դիվանագետի, պետական անվտանգության ծառայողի համար միգուցե սա լրիվ նորմալ, բնական բան է: Բայց երկրի ղեկավարի դեպքում սա չարիք է ամբողջ պետքության համար վերջին հաշվով, և շատ ավելի լավ է շահել ավելի քիչ, բայց այդ ամենը հենց տեղում հասկացվի ու գիտակցվի ժողովրդի կողմից:
    Այսպես են մարդիկ նաև սիրում, կապնվում ու գնահատում իրենց պետությունը, երկիրը ու այն հարգում հոգով ու սրտով, անկախ երկիր սոցիալական վիճակից:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 25.12.2008, 05:16:

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Ինչպես միշտ Նիկոլի վերլուծությունն արտակարգ է; Դե ըստ էության արտակարգ վերլուծությունն էլ հենված հիմնականում ԼՏՊ արտակարգ ելույթի վրա;

    Միայն մի պահ.

    Այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտնվել է բոլոր ձվերը մեկ զամբյուղում դրածի կարգավիճակում, այսինքն` նա չի պատկերացնում, թե ինչպես կարելի է պահել իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո։ Նրանց ազատելու, ապա եւ ֆիզիկապես վերացնելու տարբերակին նա դեմ չի լինի, իհարկե, բայց դե ոչ մի երաշխիք չկա, որ դա կարելի է մարսել այնպես, ինչպես մարսվեց հոկտեմբերի 27-ը։ Այսպիսով` Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու մի եղանակ ունի` քաղբանտարկյալներին բանտերում պահելը։
    Իսկ ի՞նչն է խանգարում այս պահին Սերժին մարսել նաև սա; Եթե մարսել են տաս տարի Հոկտեմբերի 27-ը, կիսով չափ արդեն մարսել են Մարտի մեկը, մի քսան քաղբանտարկայլն ի՞նչ է, որ չմարսեն: Ծախու դատարանի միջոցով նրանց բոլորին քրեական հանցագործներ սարքելը, ու ԵԽ աչքը մտցնելը մեկից մեկ է: Հետո կտանենք վերաքննիչ, հետո վճռաբեկ, հետո Եվրոդատարան, ու սենց մի հինգ տարի: Սրանից ավե՞լ պիտի մարսի:

    Չեմ հասկանում, թե ինչի՞ հիմա Սերժը պիտի գնա երկխոսության: Սերժը հետդարձի բոլոր կամուրջներն այրել է: Նա մի շանս ուներ - մարտի մեկի արդար քննություն իրականացնել: Դա չարեց, ու արեց հակառակը - բերդերում է պահում անմեղ մարդկանց: Վերջացավ, երկխոսություն չկա:

    Թեման առաջարկում է քննարկել քաղաքական հնարավոր տարբեր ռազմավարությունները: Հաշվի առնելով ԵԽ ակնհայտ անտարբերությունը, ու հնարավորությունը, որ Հունվարին էլ ոչ մի որոշում չի ընդունվելու, միջազգային ճգնաժամն ու բոլորի մեր վրա թքած ունենալը, իմ պատեկարցրած քաղաքական ռազմավարությունն այս պահին կոչվում է քար: Հնարավոր է փոխարինել լոմով, կամ այլ պինդ մարմնով, չճկվող:

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչն է խանգարում այս պահին Սերժին մարսել նաև սա;
    Դեռևս կարճ կպատասխանեմ հետո ծավալվելու մեծ ցանկությամբ. Մե՛նք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մե՛նք:
    ո՞նց

    էլի հետո ծավալվելու մեծ ցանկությամբ

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ո՞նց

    էլի հետո ծավալվելու մեծ ցանկությամբ
    Օրինակ էն քայլերով, որ արվել են մինչև հիմա ու արվում են:
    Ես գիտեմ քո տեսակետը եվրոպաների նկատմամբ, այսուհանդերձ հսկայածավալ գործ է արվում ու ելքը կանխորոշված չի: Ինչպես և ներսում մեծ պայքար է ծավալվում, այս պահին հիմնականում կուլիսների հետևում: Ձյաձ, կներես, գործ եմ անում, ուղղակի չկարողացա չպատասխանել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քաղաքական պայքարի ռազմավարության տարբերակներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ էն քայլերով, որ արվել են մինչև հիմա ու արվում են:
    Ես գիտեմ քո տեսակետը եվրոպաների նկատմամբ, այսուհանդերձ հսկայածավալ գործ է արվում ու ելքը կանխորոշված չի: Ինչպես և ներսում մեծ պայքար է ծավալվում, այս պահին հիմնականում կուլիսների հետևում: Ձյաձ, կներես, գործ եմ անում, ուղղակի չկարողացա չպատասխանել
    Խնդիր չկա, ապեր

    Ես էլ գիտեմ քո տեսակետը արվող գործի ու ծավալվող պայքարի մասին:

    Օբյեկտիվորեն: Բռի ու անթրաշ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, գեղցի ու անգրագետ իշխանության պայմաններում, միակ ձևը մնում է այդ արվող գործն ու ծավալվող պայքարը ի վերջո հրավածային ուժի վերածելը: Մենթերը, ախռաննիկները, դատախազները, դատավորները, այսինք պետական հարկադրանքի ողջ ուժը, երբեք տերերին չի ծախելու: Ու տերերը դա շատ լավ գիտեն: Իրենց համար իշխանությունը կորցնելը հավասարազոր է մահվան: Նիկոլը ճիշտ է ասում: Ուրեմն դա կլինի այսօր, թե վաղը, թե վաղը չէ մյուս օրը, կորժիկը (Aliz-ի ականջը կանչի) առանց կարմիր գույնի չի հեռանալու

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. youtube.com-ից տեսանյութ բեռնելու տարբերակներ
    Հեղինակ՝ Աշոտ Երկաթ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 29.08.2013, 22:08
  2. Կոշկակապը կապելու տարբերակներ
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 19
    Վերջինը: 15.09.2009, 23:32
  3. Սցենարային տարբերակներ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.07.2008, 11:01
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր»
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.04.2007, 11:52

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •