Առաջարկում եմ այս թեմայում քննարկել քաղաքական հնարավոր տարբեր ռազմավարությունները, դրանց արդյունավետությունը, նպատակահարմարությունը և այլն:
Որպես թեմայի սկիզբ կդնեմ Նիկոլ Փաշինյանի վերլուծությունների առաջին մասը: Շարունակությունը պիտի որ լինի վաղը.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՏՐԻՈՒՄՖԸ
ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբում բանաձեւի նախագծի ընդունումից հետո, որով առաջարկվում է ԵԽ հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Հայաստանի իշխանությունները ներքաղաքական հարցերում կոշտացրել են իրենց դիրքորոշումները։
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ապա եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ակնհայտորեն Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, վերջին օրերին մեկը մյուսի ետեւից հայտարարեցին, որ մարտի 1-ին ընդդիմությունը հեղաշրջման փորձ է արել։ Տվյալ դեպքում խնդիրը ամենեւին էլ այն չէ, թե ինչպիսի իմաստ են ստանում այս հայտարարությունները ընթացող դատավարության ֆոնին։ Այս պահին ընդամենը արձանագրենք, որ իշխանությունը կոշտացնում է դիրքորոշումը` ցույց տալով, որ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Սրան հակառակ` Հայ ազգային կոնգրեսը` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դիրքորոշման կոշտացման, այսինքն` ներքաղաքական իրավիճակի լարումը մեծացնելու փորձ անգամ չի անում։ Կոնգրեսի վերջին համաժողովի ընթացքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Մոնիտորինգի հանձնախմբի որոշման լույսի ներքո վերանայել հանրահավաքների ժամանակավոր դադարի մասին որոշումը։ Իհարկե, չի բացառվում, որ ասենք` հունվարի կեսերին կամ ցանկացած պահի կարող են հանրահավաքներ սկսվել, բայց այս պահին Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հստակ է` հանրահավաքները վերսկսելու հիմքեր չկան։ Նույն համաժողովում ունեցած ելույթում Տեր-Պետրոսյանը ըստ էության իշխանություններին երկխոսության կոչ է անում` ինչպես նախկինում, այսօր էլ դրա միակ նախապայման համարելով քաղբանտարկյալների ազատ արձակումը։
Առաջին հայացքից տարօրինակ բան է տեղի ունենում։ Թվում է, թե ԵԽ հայտնի որոշումից հետո իշխանությունները պետք է շեշտադրումներում որոշակի մեղմացում մտցնեն, որովհետեւ ԵԽ-ում անհաջողություն են կրել, որի հետեւանքները կարող են ծանր լինել։ Սրան հակառակ` տեղի ունեցածը հաջողություն է ընդդիմության համար, ըստ այդմ` ենթադրվում է որոշակի ոգեւորություն այս ճամբարում։ Նման բան, սակայն, տեղի չի ունենում, եւ առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունը իրեն վստահ է զգում, ընդդիմությունը, ընդհակառակը, ցուցաբերում է երկչոտություն։ Նման տպավորությունը, սակայն, կարող է միայն իրավիճակի մակերեսային ընկալման արդյունքում առաջանալ, եւ խորքային վերլուծությունը բոլորովին հակառակ պատկեր է գծագրում` ընդդիմության, մասնավորապես` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնավստահություն եւ համոզվածություն, իշխանության անվստահություն եւ երկչոտություն։ Կարեւոր է ընդգծել, որ սա ոչ թե վերջին մի քանի օրերին ստեղծված իրավիճակի, այլ ետմարտիմեկյան քաղաքական ողջ ժամանակաշրջանի ամփոփ գնահատականն է։ Եւ ուրեմն, ինչում է արտահայտվում իշխանության երկչոտությունը։
բոլոր ձվերը` մեկ զամբյուղում
Դեռեւս 2008 թվականի փետրվարի 19-ի նախաշեմին Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը իրեն հաշիվ էր տալիս, որ իշխանությունը պահելու մի տարբերակ ունի` ընդդիմության ակտիվ հատվածին բանտերը լցնելը եւ այդ հատվածի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչների բանտերում պահելը։ Ընդ որում` ուշադրություն դարձրեք ձեւակերպմանը. չեմ ասում, թե իշխանությունը նման որոշում կայացրել է մարտի 1-ի պատճառով կամ դրա նախաշեմին։ Այդ որոշումը կայացվել է շատ ավելի վաղ, եւ սրա ապացույցն է այն, որ արդեն փետրվարի 19-ին` նախագահական ընտրությունների օրը, ԱԱԾ-ն պաշտոնապես սկսել է լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամների հեռախոսները, հսկողության տակ պահել նրանց էլեկտրոնային նամակագրությունը (մինչ այդ լսումները ոչ պաշտոնական բնույթ են կրել)։ Իսկ արդեն փետրվարի 24-ին ԱԱԾ-ն պետական իշխանությունը յուրացնելու «փաստի առիթով» քրեական գործ էր հարուցել ընդդիմության դեմ, եւ այդ գործի հարուցման որոշման մեջ, որը կայացվել է, ուշադրություն դարձրեք, դեռեւս 2008 թվականի փետրվարի 24-ին, արդեն իսկ շոշափվում էին այն մարդկանցից շատերի անունները, ովքեր ներկայումս կալանավորված են «7-ի գործով» կամ էլ գտնվում են հետախուզման մեջ։
Այս ամենը վկայում է, որ ամենեւին էլ մարտի 1-ը չէ այդ մարդկանց ձերբակալելու պատճառ դարձել։ Ի՞նչ է դա նշանակում։ Ընդամենը մի բան. Սերժ Սարգսյանը իշխանության հասնելու եւ այդ իշխանությունը պահելու միայն մի ծրագիր, մի եղանակ, մի մեթոդ ունի, եւ այդ մեթոդը քաղբանտարկյալներին բանտերում պահելն է, այսինքն` ընդդիմության գործունեությունը հնարավորինս կաշկանդելը։
Մարտի 1-ին հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանը ռեպրեսիվ մեթոդներից բացի չունի իշխանությունը պահելու որեւէ այլ տարբերակ, եւ նրա ճամարտակությունները` հանրության հետ երկխոսություն սկսելու, բարեշրջումներ իրականացնելու ուղղությամբ, ընդամենը էժանագին տրյուկներ են։ Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը չի ուզում այդ ամենը անել։ Պարզապես նրա իշխանությունը հիմնված է այն ամենի վրա, ինչի վերացմանը, սկզբունքորեն, պետք է ծառայեն այդ բարեփոխումները։ Ասել է թե` կյանքում իրագործել այդ տերմինաբանությունը, կնշանակի գնալ սեփական իշխանության ոչնչացման ճանապարհով։ Ինքներդ դատեք` ինչի հաշվին պիտի փող աշխատի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, եթե զրկվի ապօրինություններ թույլ տալու իրավունքից։ Կամ օլիգարխները, կամ կաշառված ու խամաճիկային դատարաններն ու իրավապահ համակարգը, որ գործող իշխանության հենասյուներն են. մի՞թե Սերժ Սարգսյանը կքանդի այս սյունը, որի վրա հենված է։
Բայց Սերժ Սարգսյանի վիճակը այնքան հուսահատ է, որ այս հենասյուների պահպանությունն անգամ չի երաշխավորում նրա իշխանությունը։ Այլեւս չի երաշխավորում, որովհետեւ Հայաստանում գոյություն ունի որակապես նոր ընդդիմություն։ Եւ Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու միայն մեկ տարբերակ ունի` բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտել այդ ընդդիմության գործունեությունը։ Ակտիվիստներին բանտերում պահելը դրա ամենագործուն կամ միակ գործուն տարբերակն է։
Եւ երբ այս համատեքստում ենք դիտարկում ԵԽ Մոնիտորինգի հանձնախմբի առաջարկից հետո Սերժ Սարգսյանի դիրքորոշման կոշտացումը, հասկանալի է դառնում, որ այդ կոշտացումը ընդամենը սերժական թիմի թուլության, խուճապի, անելանելիության վկայությունն է։ Բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին խորհուրդ են տալիս ազատ արձակել քաղբանտարկյալներին, նրան խորհուրդ են տալիս համակերպվել իշխանությունից մոտալուտ հեռացման մտքի հետ, որովհետեւ այդ մարդը չգիտի, չի պատկերացնում իշխանությունը պահելու ուրիշ բանաձեւ։ Եւ ի դեպ, սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հարցի հետ կապված ինչ-ինչ քայլեր անելով` փորձում է արտաքին լեգիտիմություն ձեռք բերել։ Իրականում` բոլոր այդ քայլերը արվում են հանուն քաղբանտարկյալներին բանտերում պահելու հնարավորության, որովհետեւ դա իշխանությունը պահելու միակ, ինչպես ակնհայտ է դառնում` հուսահատ տարբերակ է։
Այսպիսով, Սերժ Սարգսյանը հայտնվել է բոլոր ձվերը մեկ զամբյուղում դրածի կարգավիճակում, այսինքն` նա չի պատկերացնում, թե ինչպես կարելի է պահել իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո։ Նրանց ազատելու, ապա եւ ֆիզիկապես վերացնելու տարբերակին նա դեմ չի լինի, իհարկե, բայց դե ոչ մի երաշխիք չկա, որ դա կարելի է մարսել այնպես, ինչպես մարսվեց հոկտեմբերի 27-ը։ Այսպիսով` Սերժ Սարգսյանը իշխանություն պահելու մի եղանակ ունի` քաղբանտարկյալներին բանտերում պահելը։
շարունակելի
Էջանիշներ