ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ «ԹԱՄԱՇԱՆ» ԱՎԱՐՏՎԵՑ

Եվ այսպես, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը «Հայաստանի մասով» ավարտվեց։ Եվրախորհուրդը վարվեց ճիշտ այնպես, ինչպես արդեն 16 տարի վարվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

1992-ին այդ խումբը մտադրություն հայտնեց միջնորդական առաքելություն ստանձնել եւ կարգավորել ղարաբաղյան խնդիրը, եւ դրանից հետո պարբերաբար մի քանի ամիսը մեկ անգամ «առաջընթաց է արձանագրում»։ Ավելին, զուտ ձեւական առումով ԵԽԽՎ-ն իր նպատակին հասավ. դեկտեմբերի 17-ին արձանագրեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, իսկ հունվարի 26-ին հանեց այդ ձեւակերպումը։ Այսինքն, եթե տարիներ հետո ինչ-որ մեկն ուսումնասիրի այդ կազմակերպության փաստաթղթերը, այնպիսի տպավորություն կստանա, թե Եվրախորհուրդն իր նպատակին հասել է. դեկտեմբերի 17-ին Հայաստանում քաղբանտարկյալներ եղել են, իսկ հունվարի 26-ին այլեւս չեն եղել։

Փորձենք հասկանալ, թե իրականում ինչ արեց Եվրախորհուրդը։ Եվրոպան պիտի իր վերաբերմունքն արտահայտեր Հայաստանի իշխանությունների նկատմամբ, բայց դրա փոխարեն «մեսիջ» հղեց Հայաստանի ընդդիմությանն ու ժողովրդին։ Այդ «մեսիջը» շատ հստակ էր. «մենք հասկանում ենք, որ ձեր երկրում շատ լուրջ պրոբլեմ կա, բայց դա ձեր պրոբլեմն է։ Կհանդուրժեք այդ վիճակը` մենք պրոբլեմ չունենք, մենք ընդամենը կօգտվենք ձեր իշխանությունների այդ անօգնական վիճակից, չեք հանդուրժի եւ կպայքարեք հանուն ձեր ազատության` մենք միայն ուրախ կլինենք։ Բայց մեզ վրա հույս չդնեք»։ Նկատենք, որ այս իմաստով Եվրախորհրդի դիրքորոշումը բավականին ազնիվ է։ Համենայն դեպս` նրանք այլեւս չեն ձեւացնում, թե իրենց համար առաջնայինը ժողովրդավարական արժեքներն են։ Եվ սա, ի դեպ, շատ կարեւոր է. եթե ինչ-որ մեկը պատրաստվում է պայքարել (այս դեպքում` հանուն ազատության), պիտի նախապես իմանա, թե ում օգնության վրա կարող է հույս դնել, եւ ում վրա` ոչ։ Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանի ժողովուրդը կարող է հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա։ Ինչ արած, դա ճշտելը նույնպես կարեւոր էր։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Եվրախորհուրդն իր դիրքորոշումն արտահայտել է կեղծ տեղեկությունների վրա հիմնվելով, որովհետեւ Հայաստանի իշխանություններին հաջողվել է խաբել նրանց, ապա դա չպետք է զարմացներ ընդդիմությանը։ Բա իհարկե պիտի փորձեին խաբել, կեղծել, կաշառել եւ այլն։ Որեւէ մեկը նրանցից այլ բա՞ն էր սպասում։ Եթե սեփական ժողովրդին են խաբել, կաշառել ու կեղծիքներով հասել իշխանության, ինչո՞ւ պիտի մի քանի եվրոպացիների «չֆռռացնեին»։ Եվ ընդհանրապես, երեւի ժամանակն է, որ ընդդիմությունը հրաժարվի Եվրախորհրդին (եւ առհասարակ` արտաքին աշխարհին) ինչ-որ բան ապացուցելու մարտավարությունից։ Եթե նրանք չցանկանային խաբվել, չէին խաբվի։

Հիմա` ամենակարեւորի մասին։ Մեկ տարի առաջ ընդդիմությունը հարյուր հազարավոր աջակիցներ ուներ։ Մեկ տարի առաջ ընդդիմության հանրահավաքներին հարյուր հազարավոր մարդիկ էին մասնակցում, եւ իշխանությունները, որքան էլ ջանացին, չկարողացան Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված ձայների թիվը 350 հազարից նվազեցնել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել անցած մեկ տարվա ընթացքում։ Ընդդիմությունը չի պառակտվել, որեւէ ծանրակշիռ քաղաքական ուժ միասնական ընդդիմությունից չի պոկվել, Հայ ազգային կոնգրեսը կառույցներ է ստեղծել եւ այլն։ Փոխարենը` իշխանություններն այդպես էլ չեն կարողացել իրականացնել գոնե մի քայլ, որը կմեծացներ նրանց նկատմամբ ժողովրդի վստահությունը, տեղի է ունեցել մարտի 1, կեղծ ընդդիմությունը լիովին բացահայտվել է, կոալիցիայի ներսում գզվռտոց է, սոցիալական լարումը հասնում է գագաթնակետին եւ այլն։ Այսինքն, տեսականորեն ուժերի հարաբերակցությունը պետք է փոխված լինի ընդդիմության օգտին։ Հարց է ծագում` բա էլ ինչո՞ւ ենք այդքան կարեւորում Եվրախորհրդի գնահատականները։ Եվ ի՞նչ կապ ունի` կարողացե՞լ են այս իշխանությունների էմիսարները խաբել Եվրախորհրդին, թե ոչ։ Հայ ազգային կոնգրեսը երկու եվրոչինովնիկների ինչ-որ բաներ համոզելուց բացի ուրիշ բանուգործ չունի՞, ընդդիմության առնվազն 350 հազար կողմնակիցներն արտագաղթե՞լ են, համակերպվե՞լ են ստեղծված իրավիճակին, այլեւս չե՞ն պայքարելու հանուն իրենց իրավունքների։ Թե՞ հիմա էլ պիտի սպասեն մինչեւ ապրիլ եւ ուշադիր հետեւեն, թե այս անգամ ինչ նոր հնարքով են իշխանությունները խաբելու Եվրախորհրդին։

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն այս իմաստով իսկապես կարեւոր էր, եւ այդ նստաշրջանով ներքաղաքական զարգացումների ինչ-որ էտապ ավարտվեց։ Մեր կարծիքով, ճիշտ կլիներ, եթե Հայ ազգային կոնգրեսը մոտ ապագայում հանրահավաք կազմակերպեր, ամփոփեր անցած էտապը եւ ներկայացներ պայքարի հետագա ծրագիրը։ Կարեւոր չէ, թե որքան մարդ կմասնակցի այդ հանրահավաքին. կարեւորը պայքարը շարունակելու հայտն է։ Ի վերջո, եթե իշխանությունները (թեկուզ` ժամանակավորապես) «դրսի հետ» լուծել են իրենց հարցերը, դա դեռ չի նշանակում, թե Հայաստանում ամեն ինչ նորմալ է։ Ճիշտ հակառակը` դա նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդն ինքը պիտի պայքարի իր իրավունքների համար։ Ուրիշ տեղից օգնություն չի լինելու։
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՉԻ