ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՍԵՑՆԵԼ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Մարդկանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով մեղադրանք հարուցելը «անընդունելի է». ԵԽԽՎ հանձնաժողովը պահանջում է կասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը
Ոչ պաշտոնական թարգմանություն
Ստրասբուրգ, 18.12.2008թ.
Հայտարարելով, որ «անընդունելի է» որ անձինք կարող են մեղադրվել և զրկվել ազատությունից քաղաքական շարժառիթներով Հայաստանում 2008 թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի կապակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը երեկ առաջարկել է կասեցնել Վեհաժողովում Հայաստանի ութ անդամներից կազմված պատվիրակության քվեարկության իրավունքները, քանի դեռ իշխանությունները «հստակ չեն դրսևորել այս խնդրին լուծում տալու իրենց քաղաքական կամքը»։ Համազեկուցողները կայցելեն երկիր 2009 թ. հունվարին՝ նպատակ ունենալով այնուհետև հանձնաժողովին զեկուցել 2009թ. հունվարի նստաշրջանի առաջին օրը նշված անձանց ազատ արձակմանն առնչվող առաջընթացի վերաբերյալ։
Իր երկու նախորդ բանաձևերում Վեհաժողովը մի քանի պահանջներ է ներկայացրել՝ 2008թ. հետընտրական բռնություններից հետո, այդ թվում՝ կատարվածի անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննումը և նշված իրադարձությունների հետ կապված՝ «առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով» ատազրկված անձանց ազատ արձակումը։ Փարիզում երեկ ընդունված բանաձևի նախնական տարբերակում Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է մարտյան իրադարձությունների ուսումնասիրության նպատակով Հայաստանի Նախագահի կողմից փորձագետների փաստահավաք խմբի ստեղծումը, որպես մի կարևոր քայլ Վեհաժողովի պահանջների կատարման ուղղությամբ, բայց զգուշացրել է, որ խմբի վստահելիությունը կախված կլինի նրանից, թե ինչպես այն կիրականացնի իր աշխատանքը։ Նրանք նաև գոհունակություն են հայտնել լրատվամիջոցների, ընտրական օրենսդրության և դատական համակարգերում բարեփոխումներ իրականացնելու ջանքերի կապակցությամբ։
Այնուամենայնիվ, խորհրդարանականներն ասել են, որ «չնայած որոշ ոլորտներում դրական զարգացումներին» վերը նշված անձանց ազատ արձակման հետ կապված սահմանափակ առաջընթացը նշանակում է, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է զրկվի իր ձայնի իրավունքից, եթե այս առումով հետագա առաջընթաց չգրանցվի նախքան 2009թ. հունվարին ԵԽԽՎ լրակազմ նստաշրջանը։
Վեհաժողովը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ հունվարի 29-ին, հինգշաբթի օրը, իր գալիք ձմեռային լրակազմ նստաշրջանի ժամանակ (2009թ. հունվարի 26-30-ը)։
Էջանիշներ