Ես Երկինքն եմ ուզում...
Թռչնակը կուչ էչ եկել վանդակի մի անկյունում:
Նա իրեն ինչքան հիշում էր, միշտ վանդակում էր հիշում: Երևի հենց վանդակում էլ ծնվել էր...
Թռչնակը երբեք չէր տեսել ազատ թռչունների, բայց լսել էր, որ նրանք կան, կան թռչուններ, որոնք ազատ են:
Ազատ...
Իսկ ինչ է այդ Ազատը...
Ինչ-որ բան էր տանջում Թռչնակին: Նա կարոտում էր... Չգիտեր ում, չգիտեր ինչի համար, բայց կարոտում էր...
Ու Թռչնակի աչքերը միշտ թախծոտ էին...
Հարակից վանդակներում էլի իր նման թռչնակներ էին ապրում, բայց նրանք ուրախ էին` տեղը տաք էր, ուտելու բան ունեին, մարդիկ էլ հիանում էին իրենցով: Երբեմն ինչ-որ թռչնակի շատ էին հավանում ու վանդակով տանում էին:
Բայց մարդկանց հիացմունքն ու կուշտ ստամոքսը այս Թռչնակին չէին ուրախացնում:
Նա երազում էր, բայց չգիտեր ինչի մասին...
Մի օր էլ հիացած դեմքով մի մանչուկ իրեն երկար-երկար նայեց ու դարձավ հայրիկին.
-Այս մեկն եմ ուզում:
Հայրիկը մոտեցավ վանդակին, ժպտաց.
-Սիրուն է, այ նրան ուրեմն կտանենք մեր տուն:
Երբ վանդակը հանեցին փողոց, Թռչնակն առաջին անգամ կյանքում տեսավ իրական լույսը, Արևի ջերմությունն ու կապույտ, անծայր Երկինքը: Երկնի լազուրն այնքան մոտ ու միաժամանակ այնքան հեռու թվաց նրան, այնքան ցանկալի ու միաժամանակ այնքան օտար...
<<Ես Երկինքն եմ ուզում>>,- միանգամից անցավ Թռչնակի մտքով, կարծես ինքն իրեն բացահայտելով իր տխրության պատճառը...
Նա թպրտաց վանդակի մեջ, կարծես թռչելու փորձ արեց... Հետո զարմանքով նկատեց բազմաթիվ Ազատ թոչունների: Մինչ նա զարմանքով կուսումնասիրեր շուրջբոլորը, նորից հայտնվեց պատերի ներսում` արդեն անծանոթ, օտար...
- Ես քեզ պատուհանի մոտ կդնեմ, որ Արև լինի ու տաք,- ժպտաց նրան Մանչուկն ու բացեց պատուհանը:
Թռչնակի աչքերում նորից թախիծ հայտնվեց. <<Ես Երկինքն եմ ուզում>> շշնջաց նա.
-Դու հիմար ես,- քմծիծաղեց պատուհանագոգին նստած մի Ճնճղուկ,- ուրախացիր նրանով, ինչ ունես...
-Ես Երկինքն եմ ուզում,- այս անգամ արդեն խնդրանք կար նրա ձայնի մեջ, կարծես հենց Ճնճղուկից էր կախված իր ազատությունը:
-Դու այնտեղ չես ապրի, դու չգիտես ազատության գինը, ախր դու երբեք ազատ չես եղել...
-Թռչնակը լացակումած հայացքը նորից ձգեց դեպի պատուհանը, հույս ունենալով մի անգամ էլ տեսնել անծայրածիր կապույտը...
Հետո նա կուչ եկավ վանդակի անկյունում. հիմա նոր կարծես հասկացավ, որ մեծ աշխարհից իրեն միայն մի փոքրիկ, շատ փոքրիկ բաժին է հասել... Հիմա նոր հասկացավ, որ վանդակի պատերը նեղում են իրեն, որ ինքն ավելին է ուզում...
Օրեր անցան: Թռչնակը կորցրել էր հանգիստը, խեղճացել էր... Օրեր շարունակ նա ոչինչ չէր ուտում: Մանչուկն արդեն անհանգստանում էր` << Երևի հիվանդացել է>>, մտածեց նա, փոխեց կերակրամանի կերն ու ջուրը ու առանց վանդակի դռնակը փակելու` հեռացավ:
Մի պահ Թռչնակի աչքերը փայլեցին, երբ տեսավ վանդակի դուռը բաց: Բայց նա չէր փորձում անգամ դուրս թռչել: Մի քանի րոպե նա ապշահար նայում էր` չգիտենալով իր անելիքը:
Ճնճղուկը, որ հաճախ էր նստում պատուհանագոգին ու լավ գիտեր նրա <<հիվանդության>> պատճառը, հանկարծ շնջաց.
-Ահա քեզ հնարավորություն, կարող ես թռչել, բայց իմացիր, քեզ այնտեղ ոչ ոք չի կերակրի, ոչ ոք չի տաքացնի քեզ, ընտրիր, այստեղ կամ այնտեղ...
Թռչնակը մի վայրկյանում սթափվեց. մի փոքր վախվորած նա թռավ վանդակի դռան մոտ... Սկզբում չէր համարձակվում գլուխը դուրս հանել: Ախր նա երբեք դուրս չէր եկել այնտեղից...
Հետո նա դուրս ցատկեց, անվարժ թևերը թափահարեց, շփոթված թռավ սենյակի մի պատից մյուսը պատը, հետո գտավ կիսաբաց պատուհանն ու այնտեղից դուրս ճախրեց... Կամաց-կամաց նա ավելի վստահ էր թափահարում թևերը: <<Ես երկինքն եմ ուզում>>...
Արևի լույսն այնքան ուժեղ էր, իսկ Երկինքն այնքան կապույտ, որ Թռչնակը դողում էր, դողում էր երջանկությունից ու անհանգստությունից...
-Ես ազատ եմ, ազատ եմ, Ազատ...
Նա հիմա հաճույքով բազեի կեր կդառնար, կխփվեր ժայռերին ու կկոտրեր փոքրիկ ու հիմար գլուխը, բայց Ազատ գլուխը, սակայն նա հիմա երջանիկ էր... Նա երջանիկ էր, որ ձուլվել էր անծայր կապույտին ու շնչում էր լեռներից եկող պաղ օդը... Ու նա երգում էր, կյանքում առաջին անգամ երգում էր.
Ես երկինքն եմ ուզում...
Էջանիշներ