Ես էլ չեմ տեսել բնօրինակները, հետևաբար չեմ կարող կարծիք հայտնել. կոնկրետ էս նկարներից սևին շատ ուշադիր նայելու դեպքում ինչ–որ խառը պատկերներ տեսա, այսինքն՝ թվաց, որ սևով հարթ ներկված քառակուսի չի, բայց տեսածս առանձնապես տպավորիչ չթվաց, հատկապես որ ոչ մի կոնկրետ ու ինձ բան ասող պատկեր չտեսա ու ոչ մի զգացողություն չունեցա։ Բայց դե, ինչպես արդեն ասվեց, չեմ բացառում, որ բնօրինակով ավելի շատ բան տեսնեմ, զգամ ու հասկանամ։ Բայց միևնույն ժամանակ չեմ բացառում, որ, ինչպես Վարպետն ասաց, էս քառակուսին նշանակալից է միայն այնքանով, որքանով որ մեծ նկարչի վրձնածն է, այսինքն՝ եթե էդ նկարիչը պարզապես աննպատակ մի բան էլ խզբզեր, տակը ստորագրեր, դա անվերապահորեն կհամարվեր գլուխգործոց՝ անկախ ամեն ինչից, ինչը հիմք է տալիս մտածելու, որ սա էլ գուցե այդ դեպքերից է։ Ի վերջո, նույնիսկ սուրճի բաժակի՝ կամայականորեն ձևավորված մրուրի մեջ ցանկության դեպքում կարելի է ամենաբազմազան պատկերներ տեսնել՝ համապատասխան մեկնաբանություններով ու, մի քիչ ներշնչվելու դեպքում՝ ինչու չէ՝ նաև զգացողություններով։ Բայց դրանից սուրճի մրուրը դժվար թե դառնա արվեստի գլուխգործոց, չէ՞։ Այս հարցում չեմ բացառում նաև ներշնչանքի դերը. հնարավոր է, որ մեկն ասել է, որ նկարն այսպիսին է, մյուսներն իրենք իրենց ներշնչել, համոզել են, որ իրոք այդպիսին է, էլ չեմ ասում, որ շատերն ուղղակի բանիմաց երևալու համար կարող են միայն ձևացնել, որ իրենք էլ են տեսնում, հասկանում ու զգում այն ամենը, ինչ վերագրվում է տվյալ նկարին։

Վերջում չմոռանամ հիշեցնել, որ վերոբերյալ մտքերս զուտ վարկածներ էին, որոնցից ոչ մեկը չեմ բացառում։