Հերթական աղմկոտ սպանությունն է տեղի ունեցել Երեւանում: Ընդ որում, արդեն ոչ ոք չի զարմանում նմանատիպ սպանությունների առատությունից, քանի որ իշխանության կրիմինալիզացիան արդեն վաղուց հասել է այն մակարդակի, որ աղմկոտ սպանությունները դարձել են դրա բաղկացուցիչ մասը:
Նախ, ներկայացնենք պաշտոնական հաղորդագրությունը. «Ապրիլի 28-ին, ժամը 23:15-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչել, եւ կա վիրավոր: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23-ի սահմաններում նշված շենքի բակում անհայտ անձը ինքնաձիգ հրազենից կրակահերթ է արձակել 1966 թվականին ծնված Սամվել Շահվերդյանի վրա, որի հետեւանքով վերջինս գլխի եւ մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի 10 պարկուճ եւ 1 գնդակ»:
Սամվել Շահվերդյանը, նույն ինքը` «Մերգելյանցի Սամվելիկը» կամ «Բարեց Սամոն» Կոմիտասի հայտնի հեղինակություններից էր: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ բավական «արդյունավետ» աշխատել էր Քոչարյանի, իսկ նույն տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ` հանրապետականների համար:
2005թ. Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, մեր տեղեկություններով, լուրջ հակասություններ էին առաջացել Սամվել Շահվերդյանի եւ Արաբկիրի ներկայիս թաղապետ Հովիկ Շահինյանի միջեւ, որոնք այդպես էլ չհաղթահարվեցին: Ըստ էության, նրանք տարբեր խմբավորումների էին պատկանում:
Մեր աղբյուրները նշում են, որ վերջին շրջանում Սամվել Շահվերդյանը իր շրջապատով համագործակցում էր ԲՀԿ-ի հետ, աջակցում էր այդ ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ-ի անդամ Հայրապետ Հայրապետյանին: Իսկ դա շոշափելի աջակցություն կարելի էր համարել, քանզի Ս. Շահվերդյանը մեծ ազդեցություն ուներ հատկապես Մերգելյանի ինստիտուտի շրջանում: Նրան էին պատկանում Մերգելյանի զբոսայգին, ինչպես նաեւ այնտեղի առեւտրական կետերը:
Այլ աղբյուրներ հաղորդում են, որ Ս. Շահվերդյանի սպանության ականատեսն է եղել վերջինիս հայրը, ով փորձել է մարդասպանին հետապնդել, սակայն ապարդյուն: Մարդասպանը շատ արագ հեռացել է դեպքի վայրից:
Ի դեպ, իրավապահ մարմինները դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն են տարածել եւ գործ հարուցել միայն երկու օր անց, այն բանից հետո, երբ սպանության մասին «Հ1»-ի եթերից տեղեկացրել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Մեր տեղեկություններով, իշխանությունները ոստիկանությանն ու դատախազությանը կարգադրել են մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը նմանատիպ սպանությունների մասին տեղեկություններ չհաղորդել եւ հնարավորինս ծածուկ պահել:
Էջանիշներ