Ռաֆայելի հիշատակին
Տխրել միայն քնած ժամանակ…
Կիսաքուն առավոտ։ Հոգնած արթնացող մարդիկ։ Աշունը սրբող-տանող ավելը ձեռքին մի տատիկ։ Քեզ հետաքրքիր մի բա՞ն է պետք։ ՄԻ՛ կարդա։
Շուշանը քայլերը ուղեց դեպի իր մանկության սիրած այգին։ Աշունից մի հետք անգամ չկար, ծառ էլ չկար, առաջվանը չէր այգին, ու ամայի տարածքը մի տեսակ ճնշող էր ու շատ տխուր...«Տխրել միայն քնած ժամանակ»,-անցավ Շուշանի մտքով, ու նա տխուր ժպտաց։
Պայուսակից հանեց ձեռնոցները ու հագավ։Սառած մատները ուրախությունից սկսեցին դողալ։ Այնուամենայնիվ ցուրտն իրենն անում էր, իսկ Շուշանը վաղ աշնանային վերարկուով էր։ Դա այնքան էլ էական չէ։Այգին հիշեցնում էր լքված տուն։ Ժանգոտված ճոճանակները կարծես երկաթե մահարձաններ լինեին։ Նա մոտեցավ ճոճանակներից մեկին, նստեց ու սկսեց օրորվել։ Ճոճանակը ճռռոցով կյանքի կոչվեց, բայց Շուշանին դա այնքան էլ դուր չեկավ, ասես ինչ-որ մեկը փորձում էր խանգարել այգու հոգեհանգիստը։ Շուշանը նստեց նստարաններից մեկին ու սկսեց նայել երկնքին։ Հիշեց մեկին։ Սառել էր։ Դանդաղ մաղում էր աշնան անձրևը։ «Տխրել միայն քնած ժամանակ»,-նորից մտածեց նա։
Նայեց ժամացույցին. ինն անց երեսուն։ Տասին սկսվում էր աշխատանքը։ Օրը մտնում էր իր հունի մեջ։ Լավ կլիներ, որ հունը մտներ օրվա մեջ։ Այս միտքը Շուշին ծիծաղելի թվաց, ու նա սկսեց ծիծաղել։
Մեքենան անտարբեր գլորվում էր մայթերի կանոնների վրայով։ Մեքենա վարելն այժմ նրա համար սովարական հաճույք չէր, այլ ընդամենը միջոց, որ օրվա փողոցում գորշ անիվների վզզոցի ընկերն էր ու թշնամին...ակամա, որովհետև կամենալ չէր կարող։ Նա վառեց ծխախոտը ու անտարբեր սկսեց ծխել։ Նման բան երբեք չէր արել։ Ղեկին սովորաբար չէր ծխում, բայց այս անգամ ասես ինքն իր սկզբունքերից ու սովորույթներից հեռանում էր, այն էլ դիտավորյալ։ Հանկարծ ինչ-որ բան նրան սթափեցրեց։ Զգաց, որ ղեկը ձեռքերում դողում է։ Հազիվ թեքեց , որ չբախվի առջևից եկող տաքսիին, որի վարորդը դանադաղեցրել էր ընթացքը խուսափելու համար ոլոր-մոլոր ընդառաջ եկող «վթարապարտից»...
Շուշանը դառը շունչ քաշեց։ Ծխախոտը նետեց պատուհանից ու նորից սկսեց հանդարտ վարել մեքենան։ Զգաց, որ քիչ առաջ ինչ-որ ճակատագրեր էին իրեն հայհոյում, իսկ նա մի քանի վայրկյանի չափ անջատվել էր իրականության գորշ ընթացքից։ Նրան թվում էր թե մեքենան գլորվում է անսահմանության մեջ, ու ոչ ոք չի կարող ճամփան կտրել ու ոչինչ չի բախվի նրան։
Թվում էր, թե կյանքից այլևս ոչինչ պետք չէ սպասել։ Հոգևոր, նյութական բարիքներ. Նա ամեն ինչ ունի ձեռքի տակ...նա ամեն ինչ ունի ափի մեջ, բայց նա արտասվել կարողանում է և բոլորից շատ ու լավ ու թաքուն…
…
Շուշանը վերադառնում էր տուն։ Հոգնած մտքերից կիսատ-պռատ մի հանգստություն էր մերթընդմերթ պոկվում ու փակվում նրա կոպերում։
«Ես երջանիկ եմ»,—բարձր շշնջաց. դժբախտությունն այն է, որ ոչ ոք չլսեց…
Մուտքի մոտ աղոտ մի լույս իր ստվերում առավ փայտե մի «հանգրվան» .ծաղկեպսակներ, ամբոխ, սև հագուստներ…
Շուշանը բակում ոչ ոքի չէր ճանաչում։ Նույնիսկ չկարողացավ հասկանալ, թե ով կարող է լինել մեռածը և անհարմար զգաց պարզելուց՝ մտածելով, որ մեկ է տեղը չէր բերի…
...
Ինչ-որ մեկի հոգին ավանդած առավոտը բակում։ Ցուրտ, որ համակել էր բոլորին, նույնիսկ Շուշանին, բայց նա դեռ չգիտեր։ Բակում մի փոքրիկ նստարան կա։ Առավոտից մինչ կեսօր էդտեղ նստած ծխում էր մի պապիկ։ Շուշանը մեխանիկորեն բարևեց…բարևը չառան... Նստարանի վրա ինչ-որ մեկը վարդ էր դրել։ Շուշանին թվաց, թե թանկ մի բան է կորցրել։ Եվ, բարևը սեղմած շուրթերին, նա սկսեց մտածել, որ այնքան էլ լավ չէ, որովհետև հնարավոր չէ տխրելը միայն քնած ժամանակ ...
Էջանիշներ