Չնայած ուղիղ քսան տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ այդ օրը… Մեկ առ մեկ հիշում եմ դեմքերը, դեպքերը, վախը, տագնապը… Հիշում եմ խուճապը, սարսափը, անորոշությունը… Հիշում եմ դեկտեմբերի այն արևոտ չարաբաստիկ օրը, հուսահատված մարդկանց, մոխրագույն քաղաքը, և այդ քաղաքի գլխին պատուհաս դարձած “մենձ ժաժքը”....
…Հիշում եմ սովորական առավոտ էր, հայրս Երևանում էր, եղբայրներս դպրոցում, մայրս ու տատս նախաճաշում էին խոհանոցում, իսկ ես նստած էի հյուրասենյակում ու սովորում էի գրել մեծատառ Ա տառը: Հանկարծ վախի մի սարսափելի զգացում ապրեցի, զգացի, որ մի բան այն չի, սակայն չհասկացա, թե ինչ էր կատարվում… Անջատված նայում էի դիմացս և ուղեղս ոչինչ չէր ընկալում… Ուշքի եկա, երբ պահարանների պարունակությունը շուռ եկավ, հաջորդը որ հիշում եմ` մայրս էր, ով վազելով եկավ, գրկեց ինձ ու վազեց դեպի բակ… Խոհանոցով անցնելիս տեսա թե ինչպես էին բաժակներն ու ափսեները թափվում պահարաններից…. Ցնցումները չէի զգում, ամեն ինչ կարծես երազ լիներ, անիրական անհնարին մղձավանջ…
Բակում ես, տատիկս ու մայրս ամուր կառչել էինք սյունից, մեր ոտքերի տակ երկրագունդը այնքան ուժգին էր ցնցվում, որ եթե մի բանից բռնված չլինեինք, չէինք կարողանա պահպանել հավասարակշռությունը…. Հիշում եմ իմ կցկտուր ձայնը.
- Էս ինչ է?
- Հեչ, բալա ջան: Ժաժք է, մի վախեցի: Հմի կպրծնի, - հանգստացնում էր տատս…
Իմ ոտքերի տակ ասֆալտը ճաքեր էր տալիս, սարսափելի գռռոցը խլացնում էր ականջներս… Չգիտեմ ինչքան տևեց – մի ակնթարթ, թե մի հավերժություն: Թվում էր, թե այդ ամենը գիշերվա վատ երազ էր, թվում էր, թե ընդամենը հարկավոր էր աչքերը բացել, որպեսզի ամեն ինչ անցնի…. Սակայն ամեն ինչ իրականություն էր, ցավալի իրականություն….
Վերջացավ? Միթե? Շուռ եկանք և սկսեցինք ուսումնասիրել պատճառված վնասները…. Հիշում եմ տատիկիս բացականչյությունը` երբ տեսավ փուլ եկած պարիսպը.
- Պարիսպն է բլվել, վայ քոռանամ ես…
Մայրս վազեց փողոց, նայեց մեր դիմացի մայթի դատարկությանը, որտեղ քառասունհինգ վայրկյան առաջ հինգ հարկանի շենք կար կանգնած, և աղեկտուր ճչաց.
- Մամ ջան, ամբողջ քաղաքն է բլվել, քաղաքը…
Շարունակելի
Էջանիշներ