_Հա, մի անգամ Մոսկվայում… փոքր էի… Ամեն ինչ էնքան մեծ էր… ու շատ,_ Նա լռեց մի պահ: Թվում էր, թե կարևոր բանի մասին է մտածում: Երևի ուզում է հիշել դրվագներ… Բայց հանկարծ անսպասելի փոխվեց դեմքի արտահայտությունը, ավելի մռայլվեց, բայց զգացվում էր, որ միտքն այլ ուղղություն ստացավ: Հանկարծ վերացան բոլոր մտքերն, ու Նա մոռացավ քիչ առաջվա թեման,_ Կարծում եք սա ի՞նչա… Գժվե՞լ եմ:_Նա բժշկի աչքերում հիմնավորված հերքում փնտրեց, բայց չգտավ: Փորձեց ինքն իրեն խաբել,_ նորմա՞լա էս երևույթը…,_սպասված <<այո, իհարկեն>> չհնչեց: Նա հուսահատ կայացրեց <<դատավճիռը>>,_Ես… ինչ-որ հիվանդություն ունեմ… երևի…
_Ոչ: Դու հիվանդ չես, մի մտածիր դրա մասին: Դա հիվանդություն չէ: Դա ուղղակի մի իրավիճակ է, որը գրեթե բոլորի մոտ կա, բայց քնած է: Երբեմն կարող է արթնանալ, բայց կարճ ժամանակով: Հնարավոր է, որ սկսի ավելի հաճախ արթնանալ: Դա կախված է նրանից, թե ինչպես ես ընդունում նրան: Եթե նա զգա, որ ավելի ուժեղ է, քան դու, ավելի վատ կլինի քեզ համար: Պարզապես պետք է հասկանաս, որ դա ընդամենը երևակայություն է և նրա զարգանալը կամ մեռնելը քո ձեռքերում է: Դու անզոր չես նրա առաջ: Եթե ուզես, նա կվերանա…,_Մելիքյանը փորձում էր վստահություն ներշնչել` պարտավորություններ տալով: Եթե Նա ինքն իր հանդեպ պատասխանատվություն զգար, ամեն ինչ կրկնակի հեշտ կլիներ:
_Ես փորձում եմ… Ճիշտ եք` առաջ նրանք ինձ մոտ հազվադեպ էին գալիս: Իսկ հիմա… Հերիքա մի ինչ-որ բան լսեմ կամ մտածեմ, ու նրանք գալիս են, խցկվում իրականության մեջ, կամ իրականությունից մասնիկներ են պոկում ու համոզում, որ հենց էդպես ա: Հենց հիմա ես խոսում եմ Ձեզ հետ ու վստահ եմ, որ դուք իրական եք, որ նրանց ես եմ հորինում: Իսկ երբ դուք էստող չլինեք, նրանք կգան ու ես հաստատ կհավատամ նրանց, կմտածեմ, որ Դուք ու էս խոսակցությունը ինձ թվացել եք:
_Պետք չէ մտածել դրա մասին: Հենց հիմա դու պլանավորում ես դա: Քո մեջ արմատանում է: Դու քեզ վստահեցնում ես, որ այդպես կլինի, որովհետև ուրիշ կերպ չի լինի: Իսկ ամենից հաճախ լինում է այն, ինչ սպասում ես:
_Եթե ես հիմա մտածեմ, որ նրանք չեն գա, էդպես էլ կլինի՞:
_Ոչ: Պետք է ընդհանրապես չմտածես նրանց մասին: Պետք է զբաղմունք գտնես քեզ համար: Ոչ մի ազատ րոպե մի թող: Տարբեր տեղեր գնա, տարբեր մարդկանց հանդիպիր, այնպես, որ երեկոյան պարկես ու միանգամից քնես` հոգնած ու գոհ: Եթե սիրահարվես, ամեն ինչ ավելի հեշտ կլինի քեզ համար…
Մելիքյանի խոսքը դեռ շարունակվում էր, բայց Նա էլ ոչինչ չէր լսում: <<Եթե սիրահարվես…>>-ը ծակեց Նրա ուղեղը: Սրտին մոտ մի ցավ զգաց:
<<Ինչի՞ էդքան վստահ հնչեց էդ <<եթեն>>, ինչի՞ա Մելիքյանը վստահ, որ ես սիրահարված չեմ… Ո՞նց չէի հասկանում… հանդիպումը… խոսակցությունը… Հենց դրա մասին… թե մարդն ա ինքն իրան համոզում չեղած բաները… հենց էն ժամանակ, երբ իմ մոտ էս… Մերին… Նա իրականում էլ գոյություն ունի… Իսկ լիմոն ծախո՞ղը, պապի՞կը, թոռը: Նրանք չկա՞ն: Իրականում չե՞մ ճանաչում նրանց: Բայց միշտ տեսել եմ, լսել եմ, ախր ո՞նց ա ստացվում… նրանց… պապն ու թոռը մեր տանն են ապրում… մեր տա՞նն են ապրում: Ո՞նց թե մեր… տա՞նը… Պետք ա ծախենք տունը…>>
Նա կտկտացնելով իջել էր աստիճանները, անցել շենքի մյուս երկու մուտքերի մոտով, նայել քիչ այն կողմ` համբուրվող զույգին /ինչ-որ բան էր զգացել կամ մտածել/, ու հիմա արագ հեռանում էր Մելիքյանենց շենքից, թաղամասից, նույնիսկ քաղաքից էլ կգնար: Ուզում էր մոռանալ ամեն ինչ: Մոռանալ, թե ով է Մելիքյանը, Միքայելը, Մերին… Կասկածներ… <<Միքայելը հաստատ պատմել ա իմ մասին: Մելիքյանը հենց սկզբից էլ ամեն ինչ գիտեր: Երկուսով որոշել են փորձեն ինձ: Երևի Միքայելն ասել ա` ընկերս խելառի մեկն ա, Մելիքյանն էլ որոշել ա անպայման տեսնի ինձ: Ինչ արած` գժերի հետ գործ ունենալն էլ վատ մասնագիտություն չի… ես դրանց… Պետքա որ շատ հետաքրքիր լինի… Բայց… արժե՞ր Միքայել, ո՞նց ինձ փորձաճագար սարքեցիր… Դե հիմա դուք կլինեք իմ փորձաճագարը: Տեսնեմ ինչքա~ն կդիմանաք: Կասեմ էն, ինչ սպասում եք: Ու տենանք, թե ոնց եք կմկմալու… Կբռնվեք ու պատասխան կտաք>>…
Մայթերը թաց էին: Անձրևն արդեն կտրվել էր, թաց հողի ու խոտի հոտն էր տարածվել: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է բուրում:
Վերելակի ճռվռոցը հուշում էր` ուղղությունը` ներքև, բայց Նա չսպասեց, որ դռները բացվեն: սկսեց ոտքով բարձրանալ` կտ, կտ, կտ… Տան դուռը բաց էր: Մայրը պատուհանից տեսել էր նրան: Երբ տուն մտավ, մայրը շատ տխուր երևաց, բայց Նա ոչինչ չհարցրեց: Ինքն էլ տխուր նայեց մորն ու գնաց իր սենյակ: Անկարող էր որևէ բան անել կամ ասել: Անգամ թվում էր, թե ոչ ոք չի հասկանա Նրա լեզուն: Միակ բանն, ինչ ուզում էր այդ պահին, Մերիին տեսնելն էր:
Շորերով պառկեց մահճակալին: Մի քանի դեպք հիշեց անցած օրվա մասին, փորձեց իրար կապել, բայց ոչինչ չստացվեց: Վեր կացավ, միացրեց համակարգիչը: Աշխատանքի վայրից մի քանի կիսատ գործեր էր բերել, որ տանն ավարտի, բայց մոռացել էր: Իսկ այժմ հիշեց հանկարծ: Ինտեռնետի ճզվզոցները գրավեցին սենյակի լռությունը: <<Զզվել եմ dial-up-ից>>, մտածում էր, որ մայրը կմտնի սենյակ ու կպատվիրի արագ վերջացնել գործը: Ճզվզոցներն ավարտվեցին, բայց մայրն այդպես էլ սենյակ չեկավ: <<Երևի շատ զբաղված էր, չլսեց>>. Նա թաքուն ժպտաց, բայց վաղ էր ուրախանում: Սենյակի դուռն ուժեղ հրոցով բացվեց:
_Հա, մամ, ամենաշատը մի ժամ, ավել չեմ պահի:
Բայց ներս մտնողն առանց խոսքի մտավ սենյակ ու քայլեց դեպի Նա: Ենթագիտակցորեն Նա զգաց, որ մայրը չէ, բայց ուղեղը պայքարում էր, փորձում հասկանալ, թր ով կարող է լինել, իսկ մարմինը ոչ մի կերպ չէր համարձակվում շրջվել ու նայել նրան: Ի վերջո հաղթեց հետաքրքրասիրությունը: Բայց միտքը քիչ էր մնում պարտվեր հիմնովին…
Ներս եկավ Մերին: Ծաղիկներ էր բերել: Մտել էր հյուրասենյակ, վերցրել ծաղկամանն ու ծաղիկները մեջը դրել…
Հանկարծ Նրա հիշողության մեջ հայտնվեց Մելիքյանենց բակը: Թաց հողի բույրը նրից խոնավացրեց օդը: Երկրորդ մուտքից այն կողմ համբուրվում էին երկուսը… Աղջկա ձեռքին ծաղիկներ կային… Մերի՞ն էր… Ո~չ…
Նորից նայեց Մերիի բերած ծաղիկներին: Նույն փունջն էր, կամ իրեն էր թվում: Թաց էին ծաղիկները… Ինչո՞ւ: Ուրեմն հաստատ նա է եղել: Կամ միգուցե… Բայց աղջիկը հաստատ Մերին չէր: Նա հիշում էր բակում համբուրվողներին: Նրանց մոտով էրանցել, նայել էր նրանց… Մերիին կճանաչեր, հաստատ…
Ծաղիկներից խոնավ հողի հոտ էր գալիս: Մերին ծաղկամանը դրեց պատուհանի մոտ, եկավ նստեց գրասեղանին: Ինտեռնետի ճզվզոցները նորից լսվեցին սենյակում: Մերին գալարվում, ասես` պարում էր այդ աննորմալ հնչյունների հետ: Բայց դա պարի նման չէր: Նրան թվաց, թե Մերին վատ է զգում ու գալարվում է ցավից: Նայեց նրա ձեռքերին` տեսավ հոսող արյունը: Ձեռքերին վերքեր էին ու խոտի կանաչ: Ծաղկամանի ջուրը կանաչել էր, ծաղիկների ցողուններն ասես պայթել էին ու մանր թելերի վերածվել: Մերիի մատներից կարմրականաչ արյուն էր հոսում: Նա ուզում էր հարցնել, թե… բայց ոչինչ չասաց: Դուրս գնաց սենյակից` բամբակ բերելու: Մայրը զարմացած նայեց շտապող որդուն: Բամբակը ձեռքին` Նա շտապում էր սենյակ, բայց հիշեց, որ կարելի է ջուր էլ վերցնել: Արագ ետ գնաց: Մի բաժակ ջուր լցրեց, արագ ետ եկավ սենյակ, բայց վիրավորը չկար: Ծաղիկներն էլ չկային: Վերադարձավ հյուրասենյակ, ծաղկամանն իր մշտակա տեղում էր… Մայրն անհանգիստ ու զարմացած հարցրեց.
_Ինչ-որ բա՞ն ես ման գալիս:
_Չէ: Էկեք տունը ծախենք: Էս տանը հոգիներ կան: Չես հավատում, չէ՞:
_Դե… հարցը հավատալը չի… Հորդ ի՞նչ ասենք:
_Հա… Իրոք…,_հոր մասին չէր մտածել,_ չէ, ոչ մի բան չասես: Մոռացի:_Հանկարծ Նա հասկացավ, որ մայրը տարակուսանքի մեջ է: Զգաց, թե ինչ կարող է զգալ մայրը` որդու նման հայտարարությունը լսելով: Զղջաց, որ խոսել է այդ մասին:_Մամ կատակ էի անում: Ի՞նչ հոգի, ի՞նչ բան: Մտածեցի` տեսնեմ ինչ կասես,_ստելն այնքան էլ լավ չէր ստացվում:
Մայրն, իհարկե, կուզենար հավատալ, բայց վստահ էր, որ Նա խաբում է: Որդուն լավ էր ճանաչում, բայց Նա էլ մորն էր լավ ճանաչում: Գիտեր, որ հորը ոչինչ չի պատմի: Բայց մտածում էր մոր անհանգստության մասին: Դա Նրան ցավ էր պատճառում: Որոշեց, որ ամեն բան կարող է հաղթահարել: Դրանից մորն էլ լավ կլինի: Առաջին հերթին պետք էր Մելիքյանին տեսնել և որքան կարելի է շուտ, ամեն բան ասել նրա երեսին, նաև Միքայելի…
Մայրը գնաց: Սենյակում հաճելի խավար էր: Նա անմիջապես քնեց: Հաջորդ օրն` աշխատանքից հետո պետք է գնար Մելիքյանի մոտ:




Մեջբերել
Էջանիշներ