ՖոբիոՄանիակամ
..ինչ է..
1.
_Հեռու նստիր, աչքերիդ հերն անիծում ես:
_Լավ չի երևում:
_Որովհետև միշտ մոտիկ ես նստել:
_Ուրեմն արդեն <<հերն անիծել եմ>>…
_Դու միշտ ճիշտ ես,_ ծաղրական տոնով ասաց մայրն ու դուռն ուժեղ փակեց, այնպես, որ Նա ցնցվեց: Հետո ջղային շարժվեց, ձիգ նստեց տեղում, ոտքերը խաչեց, ձեռքերը հենեց ծնկներին ու գլուխն առավ ափերի մեջ: Ուզում էր ինչ-որ բան ավելացնել ասածին, բայց զսպեց իրեն: Զգաց, որ չափը կանցնի ու դրանից ավելի ջղային դարձավ: Հեռուստացույցի ձայնն այլևս չէր լսում, միայն նայում էր էկրանին, որտեղ մարդիկ ինչ-որ անհանգիստ շարժվում էին: Նրա գլխում իրարանցում էր, որը թվում էր, թե հեռուստացույցի մեջ է տեսնում: Վերցրեց հեռուստացույցի վահանակը: Սկսվեց ալիքների շքերթը: Էկրանի անկյունում արագ փոխվում էին թվերը` հերթականությամբ, ապա նաև անկանոն: մութ սենյակում` հեռուստացույցի դիմացի պատին երբեմն գույների մեծ կտրներ էին հայտնվում: Պատը մեկ լուսավորվում էր, մեկ ընդհանրապես անհետանում: Նա շրջվեց հեռուստացույցին հակառակ, սկսեց նայել պատի բլից լուսավորմանը /իսկ ավելի ճիշտ` ունկընդրել, որովհետեև Նա դա անում էր հատուկ հետաքրքրությամբ/:
Մյուս սենյակից մոր ձայնն աստիճանաբար մոտեցավ դռանը, դուռը բացեց, մտավ ներս, եկավ անցավ նրա ականջներով, հասավ ուղեղին, այնտեղ որոշ իմաստ ստացավ, ու Նրա գլուխը բավականին ուշացումով շրջվեց դեպի ձայնի տերը.
_Ի՞նչ…_Նա դա հարցրեց միամիտ ու նույնիսկ մեղավոր տոնով: Քիչ առաջվա ջղայինությունն անհետացել էր:
_Ուշքդ վրեդ չի՞: Ինչի՞ն ես նայում:_Մայրն ինքն էլ մեքենայաբար գլուխը շրջեց դեպի պատը, բայց ոչ մի հետաքրքիր բան չտեսավ:_Պատի՞ն ես նայում: Էլի եկե՞լ են <<մարդիկ>>, <<պապի՞կը>>, թե <<թոռն>> էլ: Էս էր պակաս…,_արդեն ծաղրում էր:
_Չէ, չէ:_Լրիվ լուրջ ասաց Նա:_Լույսերը տես պատի վրա…,_մատով ցույց տվեց հեռուստացույցի դիմացի պատը: Դեմքը փայլում էր ուրախությունից,_ Կինոյի լույսերը տես… Հիմա ի՞նչ են անում, դե ասա… Հա~ հա~ հա~… Լույսեր են, չէ՞… Տես, լույսե՞ր են,_հաղթական ու խորամանկ ժպտաց,_ Բայց լույսեր չեն դրանք. կադրերն են փոխվում… Տե~ս, տե~ս, պատի մեջ հո լույս չկա~,_նայեց մորը. նրա դեմքին և հատկապես աչքերում թրթռում էին էկրանին իրար փոխարինող գույներն ու լույսերը:_Մամ, աչքերդ ի՞նչ գույնի են: Կանաչ, կարմիր, կապույտ, հա~, հա~, հա~…
_Հավեսդ չունեմ: Քեզ նայի, ոնց որ մանկապարտեզի երեխա լինես:
Մայրը նորից աղմուկով փակեց դուռը: Մի քիչ զարմացած էր ու մի քիչ բարկացած: Իսկ Նրա բարկությունը թուլացել էր, գրեթե բոլորովին անցել էր: Միայն երբեմն զգում էր, որ ինչ-որ բան ճնշում է իրեն: Դա նյարդային կարճատև դող էր առաջացնում, որը Նա արագ մոռանում էր, բայց աստիճանաբար թուլանում էր, նույնիսկ` կորցնում իրեն:
Սենյակում մենակ մնալով` Նա անջատեց հեռուստացույցի ձայնը և բարձր երաժշտություն միացրեց: Անսովոր երաժշտությունը լցվեց սենյակով մեկ, հեռուստացույցի գույների լուսավոր շիթերն ասես հենց այդ երաժշտությանն էր հարմարեցված: Երաժշտության ձայնն աստիճանաբար բարձրանում էր, գույների խաղը գլխապտույտ էր առաջացնում: Նա մտածեց` վեր կենալ ու պարել, բայց այդ միտքը Նրան շատ ծիծաղելի թվաց: Մի քանի րոպե ժպիտը քարացած մնաց Նրա դեմքին. երաժշտությունը կլանել էր Նրան: Հանկարծ, բոլորովին անսպասելի, ցատկեց տեղից ու սկսեց պտտվել երաժշտությանը խիստ անհամաչափ: Դա Նրան շատ զվարճալի թվաց, և Նա մի որոշ ժամանակ այդպես պտտվեց` ձեռքերը լայն բացած: Աչքերի առաջ ամեն ինչ շարժվում էր, լույսերը թարթում էին, երաժշտությունն արդեն բթացնում էր Նրան, զգում էր, թե գլուխն ինչպես է մեծանում և ուր որ է կպայթի: Նա նույնիսկ զգաց, թե ինչպես է ձգվում դեմքի մաշկը: Հանկարծ սկսեց շոգել: Ուզում էր քայլել դեպի պատուհանն ու բացել այն, բայց չկարողացավ հավասարակշռությունը պահել, մի պահ նույնիսկ թվաց, թե ընկնում է, բայց ամեն ինչ պտտվեց Նրա աչքերի առաջ ու նորից դասավորվեց: Նա հասավ պատուհանին, բացեց, մաքուր օդն ագահաբար կլանեց, լցրեց թոքերը: Ամեն բան կարծես թե կարգավորվում էր, բայց հատակը հանկարծ շարժվեց, մի փոքր բարձրացավ, Նա այլևս անկարող էր մարմինն այդ դիրքով պահել: Մի ակնթարթում շատ պարզ ու մոտ տեսավ շենքի պատը, համտեսեց վախից բացված բերանից արագ ներս լցվող օդի փոշոտ հպումը, փակեց չռված աչքերն ու սուր ցավից ցնցվեց…
_Ա~խ,_գրեթե ճչաց ու ձեռքը տերավ դեպի գլուխը, անհանգիստ շոշափեց մազարմատները, մի քանի հիստերիկ շարժում արեց: Մի պահ մտքով անցավ, որ գլուխն արյան մեջ կորած է, և եթե ինքը հանկարծ կարողանար ձեռքվ դիպչել վերքին, անպայման կխելագարվեր ցավից ու վախից: Բայց մի րոպե կենտրոնացավ, փորձեց հասկանալ, թե գլխի կոնկրետ որ մասն է ցավում: <<Ու խի՞ պետքա ցավա>>… Վերջին միտքն իրոք անսպասելի եղավ Նրա համար: Լարեց հիշողությունը, որպեսզի կարողանա մանրամասն հիշել վերջին իրադարձությունները: Ի վերջո հաջողվեց հիշել, որ քիչ առաջ /<<գուցե այնքան էլ քիչ ժամանակ չի անցել>>/ ֆիլմ էր նայում… Հանկարծ դադարեցրեց հիշելը, կտրուկ թեքվեց դեպի բարձը. <<Չէ, արուն չկա>>: Հանգիստ, խորը շունչ քաշեց: <<Ուրեմն երազ էր: Էդ լավա>>: Նստեց, նայեց շուրջը, նոր միայն նկատեց, որ երաժշտությունը դադարել է ու դրա պոխարեն ռադիոն գովազդ է հնչեցնում` գոռալով ամբողջ սենյակով, գուցե և բնակարանով մեկ: Հեռուստացույցը դեռ ինչ-որ բան էր ցուցադրում, որն այնքան անհետաքրքիր թվաց, որ Նա միանգամից անջատեց այն, ու նաև ռադիոն, հետո եկավ, ուղղեց բազմոցի բարձերը, ձեռքը տարավ, որ անջատի լույսը, բայց այն արդեն վաղուց անջատված էր: Նա անգամ չնկատեց, որ սենյակում մութ է և շոշափեց պատն ու Նրան նույնիսկ թվաց, թե ինքն անջատեց այն:
Անկողնում պառկելով` չզգաց, որ ցուրտ է: Այդպես էլ քնեց` առանց որևէ բանի մասին մտածելու, մոռացավ լարել ժամացույցը, և դա բնական էր, որովհետև մոռացել էր նաև հաջորդ օրվա պայմանավորվածության մասին:
Առավոտյան արթնացավ վաղ, հագնվեց կոկիկ, մոտեցավ հայելուն ու մատներով սանրեց մազերը /միշտ այդպես էր անում/: Ամեն ինչ անում էր այնպես մտածված ու զգոն, կարծես վաղուց գիտեր անելիքը, կարծես անցած օրը ոչինչ չէր եղել, կարծես չէր էլ մոռացել լարել ժամացույցն ու արթնացել էր հենց նրա ձայնից, որովհետև այդպես վաղ արթնանլու սովորություն չուներ:
Ճանապարհին նորից հիշեց անցած օրվա դեպքերը, փորձեց հերթականությամբ դրանք դասավորել մտքում: Կարծես թե ստացվում էր: Նա վերջնականապես եկավ այն եզրահանգման, որ անցած օրը` կեսօրին խմած գինին շատ թունդ է եղել, կամ էլ ինքն անոթի է խմել, ու գինին ուղղակի գլխին է խփել: Ահա հոր հետ վիճելու և մոր հետ ունեցած հիստերիկ խոսակցության պատճառը: Ահա նաև այն հիմար /<<և ամոթ է խոստովանելը, բայց նաև չափազանց սարսապելի>>/ երազի պատճառը: Վերջում, ի արդարացում այս ամենի, Նա ասես ինչ-որ հպարտությամբ հիշեց, որ գինին տնական էր և կարող էր ավելի թունդ լինել, քան թվում էր: Այս ամենն ամփոփելուց հետո Նա իրեն ավելի թեթև զգաց, գլուխը մեքենայաբար վեր տնկեց, կես հայացքով չափեց մայթն ու վայելեց օթի խոնավ հպումը դեմքին: Բայց հանկարծ աչքերի առջև ամեն ինչ սևացավ: Նա իր դեմքի դիմաց, շատ, շատ մոտիկ` ուղղակի քտի տակ մի վախեցած հայացք տեսավ: Երկու խոշոր /վախից էլ ավելի խոշորացած/ աչքեր սարսափած նայեցին իր աչքերին, թարթվեցին ու միանգամից հեռացան: Նա կարողացավ ամբողջությամբ տեսնել այդ խեղճ ծերունու դեմքը: Նա այդքան էլ տարեց չէր ծերունի համարվելու համար, բայց քանի որ շատ կնճռոտված էր, առաջին պահին ուղղակի զառամյալ թվաց: Նա բավականին փոքրամարմին էր, չափազանց փոքր գլուխ ուներ և տարօրինակ մեծ աչքեր, որոնք շեշտում էին դիմագծերը: <<Ծերունու>> ձեռքին սկուտեղի պես մի բան կար, որի վրա շարված էին մի քանի կիտրոն /որոնք, ի դեպ, քիչ էր մնում ցած գլորվեին բախման պատճառով/, մյուս ձեռքով նա մի պայուսակ էր բռնել, որի մեջ էլի կիտրոններ կային: Այդ մարդն այնքան էր վախեցել, որ չկարողացավ ասել ավանդական <<դեմդ նայի>> խոսքը և նույնիսկ մատը չտնկեց /ինչպես միշտ անում են նման դեպքերում/: Սարսափահար <<ծերունին>> արագ հեռացավ, ասես փախավ, բայց Նա էլ պակաս վախեցած չէր: Հետո, երբ արդեն զգուշությամբ ճանապարհին նայելով` շարունակում էր քայլել, ինքն իրեն խոստովանեց, որ երազն էր հիշել և ավելի վախեցել, ու… բախվել էին: Նույնիսկ չհասկացավ` երազը բախվելուց առա՞ջ էր հիշել, թե՞ հետո: Բայց դա արդեն կարևոր չէր: Հիմա Նրա մտքում միայն կիտրոնավաճառի աչքերն էին: Եվ ինչո՞ւ ինքը նայեց այդ աչքերին…
Չմոռանալով զգույշ նայել ճանապարհին` Նա ուղղակի շրջվեց ետ, քայլերն արագացրեց: Շուտով հասավ <<ծերունուն>>: Շատ կամաց, որպեսզի չվախեցնի, կանգնեց ուղիղ նրա առաջ: <<Ծերունին>> թեև չվախեցավ, բայց նրա աչքերը զարմանքից էլ կլորացան:
_Ի՞նչ արժե… Ի~նձ… երկու հատ…ը~… մի քանի հատ… բոլորը տվեք: Շա՞տ ունեք:_Նա փորձեց տարօրինակ չերևալ ու ցրել կիտրոնավաճառի զարմանքը: Իրեն մեղավոր էր զգում նրան վախեցնելու համար, նաև … Ինքն էլ չիմացավ թե ինչու այդպես արեց:_Շա՞տ ունեք:
_Չէ: Տես էլի,_<<ծերունին>> բացեց լաթերից կարված պայուսակը և տեսնելով, որ գնորդը հավանություն է տալիս, այն արագ դատարկեց երկու կամ երեք տոպրակների մեջ ու տվեց Նրան:
_Շնորհակալ եմ,_ասաց Նա, վճարեց ասված գումարն ու շտապեց հեռանալ: Ինքն իրենից շատ գոհ մնաց, թեև մտածեց, որ կիտրոնն իր մտածածից ավելի շատ էր և գումարն էլ… <<Բայց ի՞նչ կապ ունի գումարը, ախր նա… հիմա ի~նչ ուրախ կլինի>>: Այդ մտքից դեմքին բարի ժպիտ երևաց: Հետո մի քանի մտքեր շարունակեցին իրար և Աստված գիտի, թե Նա մտքով ուր հասավ, բայց ֆիզիկապես արդեն մոտենում էր այն վայրին, ուր գնում էր, ուր դեռ վաղուց որոշել էր գնալ: Շարունակեց ևս մի քանի քայլ ու թեքվեց` բնազդաբար ուշադիր ու զգույշ նայելով ճանապարհին…
Էջանիշներ