Անվերնագիր
Մի օր Վարդուշ տատը նստել էր խոհանոցում ու կարտոֆիլ էր մաքրում, որ խաշի, ու էլի մտքերով իր չարաբաստիկ փողերի հետ էր, երբ հանկարծ դուռը ծեծեցին: Խեղճ կնոջ սիրտը սկսեց փպրտալ, ձեռքերն սկսեցին դողալ: Ախր ով պիտի լիներ, ոչ ոք չուներ, Նուշիկի հետ էլ չէր շփվում: Մի կերպ, դողդողալով հասավ դռանն ու վախեցած հարցրեց.
-Ո՞վ ա:
-Վարդուշ տատ, Անին է, ձեր հարևանը,- լսվեց դրսից երիտասարդ մի ձայն:
Տատը դուռը բացեց: Դիմացը կանգնած էր քսաներկու-քսաներեք տարեկան մի աղջիկ, ում մի քանի անգամ տեսել էր իրենց բակում ու շենքի միջանցքում, բայց չէր ծանոթացել: Աղջիկը ժպտում էր, ձեռքին էլ` մի թաս խնձոր կար` դեղին, հյութալի:
-Վարդուշ տատ, կարելի՞ է ներս գալ, խոսենք մի քիչ,- ժպիտը դեմքին ասաց նա:
-Ներս արի, աղջիկ ջան, ասաց տատը, բայց էնքան էլ չէր հասկանում, թե ինչ պիտի խոսի էս գրեթե անծանոթ աղջկա հետ:
Անիին ուղեկցեց հյուրասենյակ: Նստեցին, Անին էլ խնձորով թասը դրեց սեղանին:
-Քեզ համար եմ բերել, տատի ջան,- ասաց նա:
-Ապրես, բալես,- Վարդուշն էդպես էլ չէր կարողանում կռահել նրա այցելության նպատակը:
-Վարդուշ տատ, ես Անին եմ, ինձ երևի թե լավ չեք ճանաչում, վերջերս ենք տեղափոխվել ձեր շենք, ես էլ ձեզ միայն դեմքով գիտեի, ու երբ լոտոյով մեքենա շահեցիք, հեռուստացույցով տեսա ձեզ ու ասեցի վա~յ, սա հո մեր հարևանն է: Ու այդ ժամանակվանից անընդհատ իմ ուշադրության կենտրոնում եք: Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, սիրում եմ մարդկանց ուսումնասիրել, ու ձեր դեպքն էլ շատ հետաքրքիր էր ինձ համար, քանի որ էդպիսի մի խոշոր իրադարձություն էր տեղի ունեցել ձեր կյանքում, ու ես անհամբեր սպասում էի, թե ինչ փոփոխություններ են լինելու ձեր առօրյայում…
Մինչ աղջիկը ոգևորված խոսում էր, Վարդուշ տատը փորձում էր հասկանալ իր այս տարօրինակ այցելուի գալու նպատակը, բայց իզուր:
-Սակայն ես նկատել եմ,-շարունակում էր Անին,- որ դուք, փոխանակ ուրախանաք, հեշտացնեք ձեր կյանքը, վայելեք այս հնարավորությունը, մի տեսակ ճնշվել եք, վախենում եք, դե հասկանում եմ, մեծ կին եք, այն էլ` մենակ, բայց ախր ձեր շահումը իսկական նվեր է, այլ ոչ թե պատիժ, ուղղակի դուք պետք է ոչ թե անընդհատ վախենաք այն կորցնել, այլ օգտագործեք այդ գումարը, հաճույք ստանաք կյանքից:
-Բալա ջան, էդ լավ ես ասում, բայց ախր ո՞նց: Անընդհատ վախենում եմ, թե ուր որ ա` կգան ձեռքիցս կառնեն, չեմ ուզում ինչ-որ թանկ բան գնել, որ ուշադրություն չգրավեմ: Հեռուստացույցս էլ չի աշխատում, ուզում եմ նորն առնել, բայց վախենում եմ:
-Տատի ջան, հիմա էդ գումարը քեզ համար գլխացավանք է դարձել, հա՞,- ծիծաղեց Անին:
-Հա~,- հառաչեց Վարդուշ տատը,-իսկական գլխացավանք:
-Այ եթե ինձ լսես, համ էդ գումարից կազատվես, համ էլ օր ծերության մի լա~վ կվայելես կյանքը….
Վարդուշ տատին իրոք որ դուր եկավ Անիի խորհուրդը, ու մի քանի շաբաթ անց նա գնեց երկու շաբաթյա ուղևորություն դեպի Կանարյան կղզիներ, ու հիմա թեթև սանդալները հագին, ոտնամատերին պլպլան մանիկյուր քսած, իր համար արևահարվում էր հինգ աստղանի հյուրանոցի հսկայական լողավազանի մոտ, հետաքրքրությամբ զննում անցնող-դարձող թիկնեղ երիտասարդներին ու մտքում օրհնում Անիին, ով իրեն օգնեց ազատվել “անիծյալ” գումարից, հետն էլ` նման հնարավորություն ստանալ` տեսնելու աշխարհն ու ԻՐՈՔ վայելելու կյանքը, թեկուզ և երկու շաբաթով…
Էջանիշներ