ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Նոր պատվածք. Այն սիրով մեզ է տրամադրել Հեղինակը:
Շարունակության հետ անպայման պետք է ուղարկել ողջ ստեղծագործության վերնագիրը:
Վերջաբանները կտեղադրվեն ուղիղ մեկ շաբաթից` երեքշաբթի կեսօրին:
...........................
Վարդուշ տատը դողդոջուն մատներով հաշվեց ձեռքին մնացած գումարը` երեք հազար վեց հարյուր երեսուն դրամ: Թոշակն առավոտյան էր ստացել, մտել էր խանութ, յուղ, շաքարավազ, մի քիչ պանիր, հաց, օճառ, մանր-մունր բաներ գնել ու ողջ ամսվա համար նախատեսված գումարից մնացել էր այդքանը. Ուղիղ երեք հազար վեց հարյուր երեսուն դրամ: Հա, մեկ էլ վարձերն էր մուծել, հոսանքի պատճառով էդքան վճարեց. Դե ինչ անի, արդեն եղանակը ցրտել է, իսկ իր ծերացած մարմինն այլևս ի վիճակի չէ ցրտին դիմանալ: “Անտեր պլիտան էնքան հոսանք ա վառում…”,-մտքում բողոքելով վճարել էր փոստատանն ու հաստատ որոշել, որ անպայման կգտնի դեռ անցյալ տարի անհետ կորած բրդից գուլպաներն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կմիացնի “պլիտան”: Էսպես մտմտալով` Վարդուշ տատը քայլերն ուղղեց դեպի տուն: Ու ըստ սովորության` նայում էր ոտների առաջ, դե ավելին նայեր-չնայեր, օգուտ չկար, միևնույն է, լավ չէր տեսնում: Մեկ էլ ականջին հասավ լոտո վաճառող տղամարդու ձայնը.
- Ախպե~ր, հորս արև, մեր հարևանի փեսեն շահեց,- վաճառողը ոգևորված պատմում էր իր շուրջը հավաքված մի քանի հոգուն` հույս ունենալով լոտոյի տոմսերը հնարավորինս շուտ վաճառել ու էս ձմռան բքին փողոցում էլ չտնկվել:
Վարդուշ տատը քայլերն ուղղեց դեպի փայլփլուն լոտոներով սեղանիկն ու սկսեց մյուների նման լսել, թե ինչ հրաշք մեքենա էր շահել վաճառողի հարևանի փեսան: Հավաքվածներն իրար անցան, դե, գովազդն իր գործն արեց, ու անգամ Վարդուշ տատը, չգիտակցելով, որ քամուն է տալիս իր վերջին գրոշները, մեկ հատ լոտո գնեց: Գնեց ու հենց տեղում էլ ջնջեց…
Շահել էր: Այն էլ` մեքենա, այն էլ ի~նչ մեքենա` դե մի իմպորտնի բան, Վարդուշ տատը մեքենաների մակնիշներից հեռու էր:
Աշխարհում ոչ մի պլաստիկ վիրահատություն չէր կարող ջնջել նրա դեմքի կնճիռներն, այն էլ մի ակնթարթում: Տատը չէր հավատում իր բախտին, ախր ոնց, ախր ինքը… Մի ակնթարթում ողջ փողոցը հավաքվեց գլխին, լոտո վաճառողը օրվա պլանը կատարեց երեք րոպեում, ու գրեթե կաթված էր ստանում, ախր իր դիմաց դրված լինի մեքենան, ու ինքն իր կոտրած ձեռքով տա ուրիշի~ն, էն էլ` էս սմքած պառավին: Վարդուշ տատը դարձավ հռչակավոր, նրան անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին, այն էլ` մի քանի անգամ: Բոլոր հարևանների խոսակցության նյութը Վարդուշ տատն էր ու իր նոփ-նոր ավտոնեքենան: Ամենաշատը Նուշիկն էր ազդվել` երրորդ հարկի պառավը, որ աչքով աչք չուներ Վարդուշի հետ, ու նրա շահումը ընկալում էր որպես վերջին հարված այս դաժան աշխարհից:
Վարդուշ տատը մեքենայի փոխարեն գումարը վերցրեց: Դե մեքենան ինչին էր պետք, մեն-մենակ էր, մի թոռ էլ չուներ` մեքենան դներ տակն ու թոռան ուրախությամբ աշխարհով մեկ լիներ: Փողն իր տուն բերեցին տոպրակով, ստորագրեց ինչ-որ թղթեր, դուռը փակեց փողը բերող մարդկանց հետևից ու նստելով սեղանի մոտ` տոպրակը շուռ տվեց: Վարդուշ տատն իր ողջ կյանքում էդքան փող տեսած չկար: Միշտ էլ խեղճ էր ապրել, դեռ երեխա ժամանակ էլ հազիվ էին իր օղորմածիկ ծնողները ծայրը ծայրին հասցնում: Երբ ամուսնացավ, վիճակը շատ չփոխվեց, ամուսինն էլ շուտով մահացավ` թողնելով իրեն մեն-մենակ ողջ աշխարհում: Ամբողջ կյանքում աշխատել էր Վարդուշ տատը, բայց քանի որ ընդամենը երրորդ դասարանի կրթություն ուներ, միայն հավաքարարի գործ էին վստահում, իսկ դրանով ոչ կարողություն կկուտակես, ոչ էլ մարդավարի կապրես:
Նա ապշահար նայում էր փողի կույտին ու մտածում “բա ես հիմա ի՞նչ անեմ էսքան փողը”: Որոշեց, որ բակի երեխաներին կոնֆետ կգնի, որպես “մաղարիչ” ու հազար դրամ առանձնացրեց: “Էն իմ սիրած պանրից կառնեմ մի գլուխ”,- մտածեց ու երկու հազար էլ դրեց մի կողմ:
Շուտով այլ մտքեր սկսեցին նրան անհանգստացնել. “բա ես էս փողն ու՞ր պահեմ…”, “բոլորն իմացան, որ տանս լիքը փող կա, բա որ գան, դուռս բաց անեն գիշերով ու համ փողերս տանեն, համ էլ ինձ մորթեն քնած ժամանակ…”, “տո ինձ պե~տք էր էս անտեր մնացած փողը….”
Վարդուշ տատն այլևս ոչ քուն ուներ, ոչ դադար: Երեսին գույն չկար, մի տեսակ ավելի էր կորացել, ամեն ինչից վախենում էր: Վախենում էր տնից դուրս գալ, տանը մնալ էլ էր վախենում, երրորդ հարկի Նուշիկի հետ ընդհանրապես դադարեց շփվել, մի քանի օրը մեկ տնից դուրս էր գալիս մի քանի րոպեով միայն, որ գնա ամենամոտ խանութն ու իր համար մթերք գնի: Մինչև գալիս տուն էր հասնում, սիրտը բերանն էր գալիս: Գալիս մտնում էր ննջարան, քջջում պահարանի խորքերն ու փողերը շոշափելով` հանգստանում. չէ, չեն տարել, տեղում է:
Շահումից անցավ գրեթե մեկ ամիս, իսկ Վարդուշ տատի կյանքում գրեթե ոչինչ չէր փոխվել: Շարունակում էր իր սովորական գնումները, շարունակում էր միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միացնել տաքացուցիչը, շարունակում էր ջուրը կաթիլ-կաթիլ հավաքել, որ ջրաչափը չպտտվի, լվացքն էլ էր սառը ջրով անում, ինչպես միշտ: Մի տեսակ չէր կարողանում ընկալել, որ հիմա արդեն էնքան փող ունի, որ մի ահագին ժամանակ կարող է առանց իրեն որևէ բանից զրկելու ապրել: Երբ գալիս էր տան վարձը մուշելու ժամանակը, էլի սարսափահար նայում էր հոսանքի վարձին` մոռանալով, որ պահարանի խորքում այնքան գումար ունի, որ կարող է առանց աչքը թարթելու ողջ շենքի հոսանքի փողը մուծել: Կարճ ասած, շահումը նրան ոչ մի լավ բան չբերեց. միայն վախ, անհանգստություն ու անքնություն: Ամեն անգամ, երբ դուռը ծեծող էր լինում, խեղճ պառավը սրտաճաք էր լինում, կարծելով, թե եկել են իր փողերի հետևից, ու դռան հետևում մի դիմակավոր մարդասպան է կանգնած` դանակով կամ ատրճանակով զինված:
Էջանիշներ